Մայիսի 5-ին լրացել է Ռուբեն Մելիքյանի՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակվելու 1 տարին: Այս առիթով շաբաթ «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նկատեց, որ ինքն այդ պաշտոնը ստանձնել է անմիջապես ապրիլյան պատերազմի ավարտից հետո:
Նա նշեց, որ իր տարեկան զեկույցում մի քանի առաջնահերթ խնդիր է նշել, որոնցից առաջինը հանրային իրազեկության խնդիրն է. «Արցախում ակնհայտ է, որ մենք, չունենալով կարողությունների զորացման այն բոլոր հնարավորությունները, որոնք օրինակ, Հայաստանի մեր գործընկերները ունեն, մենք կարիք ունենք այդ բացը լրացնելու: Դա վերաբերում է ինչպես պետական ապարատին, այնպես էլ քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին: Այդ կարողությունների զորացումը կարևոր զարգացում է Արցախի համար, մենք հատուկ ընդգծել ենք դա»: Ռուբեն Մելիքյանի ասաց, որ իրենք կարևորում են քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը. «Մենք պարբերաբար հանդիպումներ ենք կազմակերպել Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հրապարակային հրավեր ենք անում, այդ հանդիպումները դարձել են արդեն ավանդական և արդեն որոշակի խաղի կանոններ են ձևավորվել»:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը երրորդ առաջնահերթությունը համարում է կրթական ոլորտը. «Շատ լայն խնդիր է, իհարկե՛, չի վերաբերվում միայն Արցախին, բայց կրթությունը շատ արագ է զարգանում, և մենք պետք է հասցնենք հետևից գնալ»: Մյուս առաջնահերթությունը, ըստ Ռուբեն Մելիքյանի, փակ հաստատությունների հետ աշխատանքն է. «Մենք այստեղ ունենք թերություններ. Մենք առավելապես աշխատում ենք քրեակատարողական հիմնարկների հետ, մենք մտադիր ենք առաջիկա մեկ տարվա ընթացքում նաև ուշադրություն դարձնել նաև այլ փակ հաստատությունների»:
Իսկ վերջին առաջնահերթությունը միջազգային կառույցների հետ աշխատանքն է. «Մենք ունենք առանձնահատկություններ՝ պայմանավորված Արցախի՝ չճանաչված լինելու հետ, բայց դրա կողքին ունենք նաև առավելություններ, և փորձում ենք օգտագործելով մեր առավելությունները, շփումներ հաստատել և օգտագործել մեր խողովակները՝ Արցախում մարդու իրավունքներին վերաբերող տեղեկատվությունը կոմունիկացնելու համար իրավապաշտպան հանրությանը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ