Մայիսի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ արվեստագետ Գրիգոր Կարապետի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը։ Միջոցառումն անցկացվում է Լիբանանում Հայաստանի և Իտալիայի դեսպանությունների հովանավորությամբ և Լիբանան֊Հայաստան բարեկամության ընկերակցության հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին Լիբանանի քաղաքական կուսակցությունների, դատական իշխանությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլք։
Իրենց ելույթներում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Իտալիայի դեսպան Մասսիմո Մարոտին, Լիբանան-Հայաստան բարեկամության ընկերակցության քարտուղար Պողոս Քյուրդյանը նշեցին միջոցառման մշակութային կարևորությունը և առանձնահատուկ բնույթը:
Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ գեղանկարիչ Գրիգոր Կարապետն իր ստեղծագործություններով յուրօրինակ կամուրջ է հանդիսանում երեք տարբեր ժողովուրդների և մշակույթների միջև, նպաստում միջմշակութային երկխոսությանը:
Ելույթ ունեցավ նաև արվեստագետ Գրիգոր Կարապետը, ով նշեց, որ ցուցահանդեսի գլխավոր նպատակն է մեկտեղել հայ, լիբանանյան և իտալական ինքնությունները և երեք երկրների մշակույթները:
Տեղեկանք․Գեղանկարիչ, ձևավորող Գրիգոր Կարապետը ծնվել է 1968թ. Այնճարում: Ուսանել է Բեյրութի Թորոս Ռոսլինի անվան գեղարվեստի ակադեմիայում: 1993թ. տեղափոխվել է Վենետիկ և շարունակել ուսումը Գեղարվեստի ակադեմիայում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում, Իտալիայում, Ավստրիայում և ԱՄՆ-ում: Վերջին տարիներին վերադարձել և ապրում ու ստեղծագործում է հայրենի Այնճարում:
ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրություն