ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը նոր նախադրյալներ ստեղծեցին տնտեսության բոլոր ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ինովացիաների զարգացման համար: Սույն թվականի մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հայտնեց. «Գիտությունների ազգային ակադեմիան առաջիններից է, որը կապված է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների հետ: Տեսական բնույթի հետազոտություններն ընդլայնվելով` խիստ կարիք ունեին կիրառական բնույթ ստանալու: Հայաստանում տարբեր երկրների կազմակերպությունները իրականացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված ծրագրեր: Այս հուշագրի ստորագրմամբ մենք նպատակ ունենք այդ ծրագրերի իրականացման համար ավելի սերտ համագործակցել և նոր ծրագրեր ստեղծել»:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշեց. «Գիտության և մասնավոր հատվածի միջև ստորագրված այս հուշագիրը մեծ ազդեցություն կունենա տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Գիտությունների ազգային ակադեմիան և ակադեմիական համակարգը եղել է շատ մեծ դարբնոց կադրերի պատրաստման առումով: Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդ կադրերն անցնեն ակադեմիական դպրոցը, քանի որ հետազոտողի վարքագիծը ձևավորվում է երիտասարդական տարիներին: Կարևոր է նաև օգտագործել Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի պոտենցիալը»:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Կարդացեք նաև
06.05.2017թ.