ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության նախաձեռնությամբ մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրը նույնպես ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017թ գերակա խնդիրների ցանկում, այդ թվում են՝ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոցը՝ Հատիսի միջնակարգ դպրոցին, Փյունիկի միջնակարգ դպրոցը՝ Արտավազի միջնակարգ դպրոցին, Աբովյանի 8 հիմնական դպրոցի եւ Աբովյանի 6 ավագ դպրոցի միացումը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն այս ամենի արդյունքում նախատեսում է տնտեսել 57 միլիոն դրամ:
Aravot.am-ը Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է լուծվելու օպտիմալացված կրթօջախների աշխատակիցների աշխատանքի տեղավորման եւ աշակերտների գյուղից գյուղ տեղափոխման հարցը:
«Հայաստանում 222 դպրոց ունենք, որտեղ զրոյից 50 աշակերտ է սովորում, 34 դպրոց կա, որ 10-ից պակաս աշակերտ ունի: Դրանք հիմնականում երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններով դպրոցներ են», – ասաց նախարարը` շեշտելով, որ խնդիրը լուծելու համար բազմաթիվ քննարկումներ են ունեցել: Նրա ձեւակերպմամբ՝ անիմաստ է միմյանցից 2,5 կմ հեռավորությամբ դպրոցներ պահելը:
Դավիք Լոքյանի հավաստմամբ՝ օպտիմալացված դպրոցների մանկավարժները հիմնականում կպահպանեն իրենց աշխատանքը, այլ հարց է, որ նույնը չի վերաբերվի պահակների կամ տեխնիկական կազմի այլ ներկայացուցիչների: Նաեւ հավելեց, որ համայնքները ձեռք կբերեն փոխադրամիջոցներ, որոնցով կլուծվի աշակերտներին հարեւան գյուղի կամ մոտակա տարածքի դպրոց տեղափոխելու հարցը:
Կարդացեք նաև
«Հաճախ երկու-երեք ուսուցիչներով դպրոց ենք պահում, արդյունքում հնարավոր չի լինում նորմալ կրթություն ապահովել… Խնդիրը բազմիցս քննարկվել է: Այն չի լուծվելու իմպերատիվ ճնշումներով: Մյուս կողմից էլ կարեւորը որակյալ կրթություն ապահովելն է, որովհետեւ այսօր աշխարհում զարգացած երկիր լինելու թիվ մեկ գործոնը մարդկային կիրթ կապիտալն է»,- նշեց Դավիթ Լոքյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ