Մայիսի 6-ին նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության (ՏԿԶՆ) վերջին վեց ամսվա հաշվետվությունը: Նշվեց, որ ի թիվս օրենսդրական այլ բարեփոխումների, մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է եւս 32 խոշորացված համայնքի ձեւավորում: Ընդ որում, խոշորացումը տեղի կունենա ութ մարզում, եւ նախատեսվում է միավորել 384 համայնք:
«Մեր նախարարության գերակա խնդիրը տարածքների համաչափ զարգացման խնդիրն է, ՀՆԱ-ի աճի ապահովումը, երկրում տարաբնույթ բեւեռների ստեղծումը, որը կկայունացնի երկրի դեմոգրաֆիան… ՀՆԱ-ն Երեւանում երկուսուկես անգամ գերազանցում է մարզերի արդյունքին»,-ասաց Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով՝ համայնքների միավորման մեր երկրի փորձը օրինակելի է համարվել ԵՄ-ում:
Նախարարը հավելեց, որ կառավարություն են ներկայացվել 10 ռազմավարությունները, եւ առաջիկայում որեւէ տեղ պատահական ջրագիծ չի կառուցվելու: Ի թիվս այլ հարցերի, կարեւորվեց նաեւ համայնքային ծառայողի մասին օրենքի ընդունումը:
Դավիթ Լոքյանը հավելեց, որ խոշորացված համայնքներն իրենց միջոցներով լուրջ աշխատանք են կատարել, օրինակ՝ Շիրակի մարզի Սարապատ համայնքում կարողացել են որոշակի ֆինանսական ռեսուրսներ առանձնացնել, արդյունքում երկու բուլդոզեր են ձեռք բերել, եւ միջհամայնքային բոլոր ճանապարհները փորձել են բարեկարգել, 6 մլն դրամի սերմնացու են գնել, լուսավորվում են գյուղերի փողոցները:
Կարդացեք նաև
Ըստ նախարարության ներկայացրած հաշվետվության՝ այս տարվա մայիսի 5-ի դրությամբ՝ ՀՀ մարզերի, այլ գերատեսչությունների, մասնավոր ներդրողների կողմից նախարարություն է ներկայացվել 157 ներդրումային ծրագիր: Շահագրգիռ մարմինների կարծիքի է ներկայացվել 107 ծրագիր, որոնցից 81-ը քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ: Քննարկված ծրագրերից էլ հավանության է արժանացել 51-ը:
Նշվեց, որ ցածր տոկոսադրույքով վարկով եւ այլ միջոցներով մի շարք համայնքներում, այդ թվում` Ապագա, Ենոքավան գյուղերում ծրագրեր են ֆինանսավորելու, Գետափ գյուղում տուրիստական համալիրի օժանդակակության ծրագիր է իրականացվելու:
«Համայնքը չպետք է գոյատեւի միայն պետությունից ստացված դոտացիայով»,-հայտարարեց նախարարը եւ համայնքների համար տարեվերջին կանխատեսեց բյուջեների 10 % աճ:
Անդրադարձ եղավ «Մաքուր Հայաստան» ծրագրին: «Մեզ համար թիվ մեկ անհրաժեշտությունը բարեկեցիկ շրջապատն է…Մինչեւ հիմա մեր երկրում չենք ունեցել աղբահանության խնդիրներով մտահոգ մարմին, այդպիսին կճանաչվի տարածքային կառավարման նախարարությունը»,- հայտնեց նախարարը: Ապա հավելեց, որ 2000 աղբավայր կա Հայաստանում` շուրջ 500 հա տարածքով, անգամ գյուղ կա` հինգ աղբավայր ունի: Նշվեց, որ 9-10 մլրդ գումար է ծախսվում աղբահանության վրա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ