Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը խորհրդարան է մտնում արդեն թուլացած. «Ազգ»

Մայիս 06,2017 10:52

«Ծառուկյան» դաշինքի 12 անդամներն այն 23-ից, որոնց անունից ինքնաբացարկի` մանդատից հրաժարվելու դիմումներ էին ներկայացվել ԿԸՀ, երկրորդ անգամ դիմում գրեցին ԿԸՀ, որ չեն հրաժարվում պատգամավորական մանդատից` այսպիսով կասկածի տակ դնելով իրենց անունից ինքնաբացարկի առաջին դիմումի օրինական ծագման հարցը եւ վեր հանելով այն տգեղ սովորույթը, որ Հայաստանի քաղաքական ուժերում եղել է ու կա` ցուցակներում ընդգրկելուց առաջ պատգամավորության թեկնածուի հավակնություն ունեցողից նախապես, առանց ամսաթվի, ինքնաբացարկի դիմում են վերցնում եւ հարկ եղած դեպքում նրա կամքին դեմ էլ անգամ օգտագործում: Բացի այդ` նաեւ անհայտ մնաց, թե այն ութը, որին մանդատ տրվեց, ո՞ւմ կազմակերպմամբ կամ դրդմամբ էին գեներացվել (Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան):

Դավադրություններ փնտրողներն ամեն ինչ տեսան դրա տակ. էլ որ` Ծառուկյանի դեմ է այս բալորը, նրան հերթական ապտակն է հասցվել, կամ որ` հենց Ծառուկյանն է կազմակերպել` վերեւների գիտությամբ, հետագայում խորհրդարանում այլ գործընթացներով այս բոլորը շարունակվելու է: Կամ` իբր Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են այդ 8-ը, անգամ հասան մինչեւ Ռոբերտ Քոչարյան, նույնիսկ` անձնապես Սերժ Սարգսյան, Հայաստանի նախագահի պարագայում ենթադրելով, թե նրան հարկավոր է սեփական պատգամավորական կորպուս մեկ տարի հետո սկսվելիք գործընթացների համար եւ այլն: Այսպիսի մոտ 10 տեսություն մենք հաշվեցինք մամուլում: Դրանք բոլորն էլ գոյության իրավունք միգուցե ունեն, քանի որ մեր քաղաքական համակարգը, որպես այդպիսին, անձերի, նրանց ապագա գործունեության ու նկրտումների, նրանց ունեցվածքի պահպանման կամ ընդլայնման կցորդն ու գործիքն է, ու այդ տեսություններից յուրաքանչյուրը տեղավորվում է այդպիսի քաղաքական դաշտի տրամաբանության մեջ:

Մեր կողմից ավելացնենք, որ անցած աշնանը փոփոխված Ազգային ժողովի կանոնակարգով` խմբակցության մանդատով խորհրդարան անցած պատգամավորն ինչ- որ պահի, այո, կարող է դուրս գալ խմբակցությունից, անգամ` նրան խմբակցությունը կարող է հեռացնել իր կազմից, սակայն այնպիսի դրույթ, որով ասենք մեկ տասնյակ պատգամավորներ կարող են նոր խմբակցություն ձեւավորել, մենք չգտանք (սա` այս կամ անձի` իր սեփական խմբակցությունը ձեւավորելու դավադրության առումով, չնայած ոչ ֆորմալ` պատգամավորներն իրար մեջ կարող են պայմանավորվել քայլերը համակարգելու առումով): Իսկ որ Ծառուկյանի կամքին հակադրվելով մանդատ ստացածները, փաստորեն, այո, հակասության մեջ են լինելու «Ծառուկյան» դաշինքի ապագա խմբակցության հետ` դա հաստատ, անգամ նրանք կարող են քվեարկել այդ խմբակցության որոշումներին դեմ, ներկայացված չլինելով, սակայն, հանձնաժողովներում:

Համաձայնեք, որ ակնհայտորեն «Ծառուկյան» դաշինքը խորհրդարան է մտնում արդեն թուլացած եւ ութ ականով, որոնք հակադրվելով Ծառուկյանի որոշմանը` հազիվ թե այլեւս յուրային համարվեն: «Քաղաքական թիմում, ինչպես սպորտում, մարզիչն է որոշումՙ որ խաղացողին եւ որտեղ, ինչ դիրքում է ավելի ճիշտ նրա արդյունավետությունն օգտագործել»` շարմազանովյան այս ճշմարտությունը, որը, սակայն, հակասության մեջ է ընտրաքվե հասկացության բովանդակության հետ, տվյալ դեպքում ճակատագրի հեգնանքով վերաբերում է մարզիկ Ծառուկյանին, որն ըստ այդ «պանյատկաների», տվյալ դեպքում էնքան էլ լավ մարզիչ դուրս չեկավ փաստորեն:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031