Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակի պարագան

Մայիս 06,2017 10:00

Մենք հաճախ ենք ասում՝ պետք չէ ընկնել ձեւականությունների հետեւից: Ես էլ էի ասում: Բայց տարիների ընթացքում հասկացա՝ ձեւը շատ կարեւոր է: Եթե ես ուտում եմ դանակ-պատառաքաղով, ապա դա էապես փոխում է իմ ուտելու բովանդակությունը: Եթե ես ամեն օր սափրվում եմ, երբ նույնիսկ չկա դրա «արտադրական անհրաժեշտությունը», ապա բարձրացնում եմ իմ ինքնագնահատականը: Ձեւը մենք սկսում ենք կարեւորել փորձառությանը զուգահեռ: Կամ էլ՝ երբեք չենք կարեւորում եւ մնում ենք «հավերժ դեռահաս»:

Իհարկե, կան մարդիկ, որոնց վարքն ինձ դուր չի գալիս, բայց ես այսօր ֆեյսբուքում հայհոյանք չեմ գրի նման մարդու հասցեին, առավել եւս` չեմ հիշատակի ինձ դուր չեկող գործընկերոջ ծնողին: Ինչպես որ դա անում են մեր հարգարժան փաստաբաններից ոմանք: Որովհետեւ դա վարկաբեկում է բոլոր փաստաբաններին, այդ մասնագիտությունն ընդհանրապես: Ես այսօր կկարողանայի իմ մտքերը շարադրել գրավոր խոսքի կանոնների սահմաններում:

Ես այսօր չեմ կոպտի ինձ որեւէ՝ թեկուզ ամենատհաճ, ամենաանհեթեթ հարցը տվող լրագրողին: Որովհետեւ դա վարկաբեկում է ոչ միայն ինձ, այլեւ բոլոր լրագրողներին: Ես կգտնեմ այնպիսի ձեւակերպումներ, որոնք մի կողմից՝ ցույց կտան, որ այդ հարցը կոռեկտ չէ (եթե կարծում եմ, որ դա այդպես է), մյուս կողմից` ոչ մեկին չեն վիրավորի:

Բայց ես միտումնավոր եմ ավելացնում կարեւոր ժամանակի պարագան` «այսօր»: Որովհետեւ բացարձակապես այնպես չէ, որ ես երբեք նման բաներ չեմ արել: Արել եմ եւ խորապես ցավում եմ դրա համար: Պարզապես, ի տարբերություն շատ շատերի, հասկանում եմ, որ որեւէ մեկի թերությունների մասին գրելիս ես գրում նաեւ (գուցե առաջին հերթին) իմ մասին: Ձեւի կարեւորման պատմությունը դրա պարզ օրինակն էր:

Ռուս թատերագետ Անդրեյ Մաքսիմովը մի հետաքրքիր գիրք ունի, որի ենթավերնագիրն է` «Այն մարդկանց համար, որոնք իրենց շփոթել են քարի հետ»: Գաղափարն այն է, որ քարը կարող է դարերով դրված լինել ճամփեզրին եւ որեւէ ձեւով չփոխվել: Բայց մենք՝ մարդիկ, անընդհատ փոխվում ենք, մարդն ինքն իրենով գործընթաց է, եւ եթե որեւէ մեկը, պատասխանելով՝ «ինչպիսի՞ն ես դու», ասում է՝ «ես բարի եմ», «չար եմ», «ծույլ եմ», «տաղանդավոր եմ», «ուժեղ եմ», եւ այլն, նա իրեն շփոթում է քարի հետ: Պատասխանը պետք է լինի՝ «ես տարբեր եմ»:

Շատ հնարավոր է` վաղը, 5, 10 տարի հետո որոշ բաներ, որոնք ես հիմա եմ անում, ինձ թվան միանգամայն անընդունելի եւ դատապարտելի: Շատ հնարավոր է, որ ես ամաչեմ դրանց համար: Նա, ով ասում է, թե երբեւէ նման արարքներ չի կատարել, պարզապես դեռ չի հասունացել: Բայց դա բուժվող հիվանդություն է: Ժամանակի պարագան շատ կարեւոր է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    արդարեւ, ժամանակի անցումով/տարիքի բերումով, մարդ ոչ միայն կարող է զղջում ունենայ իր ըրածների նկատմամբ, այլ նաեւ միտք փոխէ՝ ըսածմերի կամ գրածների մասին

    էականը այն է սակայն որ, ատենին, խնդրոյ առարկայ արարքը, խօսքը կամ գրութիւնը բխած լինեն անկեղծութիւնից, բացառապէս մաքուր եւ կառուցողական միտումներից. եւ նաեւ, որ մարմնային կամ այլապէս լուրջ վնաս պատճառած չըլլան ոչ ոքի.

    ամէն դէպքում, կայ քաւարան…

  2. henri says:

    Մայրս ՈՐ կեանքի մեծ մասը քաղաքի մէջ ապրեցաւ,հակառակ անոր որ ծնած էր Մուսա Լեռ, և յարատեւ գաղթականութիւններու հետեւանքով ուսում ալ չէր կրցած ունենալ,յաճախ մեզ հինգ քոյր-եղբայրներս կը դաստիարակէր իր գիւղի ասացուածքներով /որպէս հայկական ժողովրդական առակներ /: շատ լաւ կը յիշեմ այս մէկը — ՄԻԱՅՆ ԷՇԵՐԸ ԿԱՐԾԻՔ ՉԵՆ ՓՈԽԵՐ –:

  3. մարդամեկ says:

    Զարմանալու ոչինչ չկա. Տանձն ու խնձորն էլ են ժամանակի ընթացքում հասունանում եվ ավելի խաղցր դառնում. Սովորական զարգացում է . Կան մարդիկ որ դանակ պատառաքաղով ուտելը համարում էն ցուցամոլություն. Այնպես որ դա ժամանակի հետ հեչ կապ չունի.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031