Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողության սահմանը

Մայիս 06,2017 17:30
merujan Ter-Gulanyan

Հիշողությունը սահման չունի՝ ինքս ինձ ասում էի ու հիշում: Հիշում էի տարիներ առաջ գրած իմ մի ոտանավորի տողերը.
Ես ազատ եմ արդեն հին օրերի բեռից,
Ինչպես ջուրն է ազատ խախուտ ապառներում…

Կրկնում էի, կրկնում ու փորձում ավելին հիշել ու դեմ էի առնում անսահմանի սահմանին: Այնինչ, չգիտես ինչու, համոզված էի, որ հիշողությունը սահման չունի: Եվ տրտմություն էր իջել հոգուս: Մտածում էի, թե ես՝ հին օրերի բեռը թողած մարդս, ի՞նչ եմ վերցնում իմ ուսերին նոր օրերի հոգսերի բեռից, չէ՞ որ ես ԵՄ, կամ եւ ապրում եմ այսօր…
Թերեւս ճիշտ էր Ռուսաստաններում թափառող Սմբատ Արունյան անունով տղան, որ իր գրածը նամակի պես ուղարկել էր ինձ, ուր խոսում էր մեր ցեղի մասին՝ փորձելով վերլուծել Գիլգամեշի եւ Նոյի հանդիպումը: Եվ թերեւս ճիշտ էր Սմբատ տղան, որ եզրակացնում էր, թե մեր պետականության կորստի ողբերգությունը սկսվեց Գիլգամեշից, որովհետեւ նրանից հետո Արարատին՝ Հավերժական կրակին առնչվելու եկավ Շամիրամը, հետո եկավ Հռիփսիմեն:

Իմ բարի ընկերը, թերեւս, մոռացել էր, որ Հռիփսիմեից առաջ Ալեքսանդր Մեծն էր եկել Հայաստան, որտեղ առաջին անգամ տեսավ լավաշ հացը…
Եվ ընդհանրապես ինչո՞ւ էին բոլոր մեծերը, այդ թվում նաեւ՝ Կյուրոս Մեծը, Լեոնարդո դա Վինչին, ձգտում դեպի Արարատ, դեպի Հայաստան…
Այսպես տրտում մտածում էի եւ հասկացա զարմանալի մի բան. որ դեպի Արարատ, դեպի Հայաստան եկող մեծերը գիտեին, թե ուր են գալիս, քանի դեռ չէին հայտնվել քոչվոր ցեղերը…

Եվ զարմանալին այն էր, որ հազարամյակների ընթացքում դեպի Արարատ եկողներից ոչ ոք չուզեց գրավել Արարատը, որովհետեւ նրանք գիտեին, որ Աստծո ձեռքը քսված է Արարատին, եւ Կյանքի կրակն այնտեղից է ճառագում ու պատկանում է արարատյան ցեղին, ինչը չգիտեին քոչվորները:

Եվ եղավ այնպես, որ աշխարհի երեւելի մեծերը, ովքեր գիտեին Կյանքի հավերժության կրակի հայրենիքը, խոնարհվեցին ճառագող անմահության լույսի առաջ եւ վերադարձան տուն՝ իրենց հետ տանելով Լույսի զորությունը:

Եվ հիմա ես՝ Արարատի դիմաց ապրողս, որ թոթափել է իր վրայից հին օրերի բեռը, գիտեմ, որ հիշողությունը սահման չունի, ունի ամենօրյա ներկայություն:
Նա ապրում է մեզ հետ, ինչպես մեր զավակներն ու թոռները մեր:
Հիմա ես ի՞նչ անեմ իմ հիշողության հետ, երբ հիշողությունս սահման չունի…
Այո՛, սահման չունի, բայց ունի սահմանապահ: Եվ սահմանապահն այդ այսօր ես եմ:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

05.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031