Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավատարմության չափավորն է լավ

Մայիս 06,2017 17:00

Թեւան Պողոսյանը` «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցողի շուրջ

«Դա մեր կյանքի իրականությունն է, որտեղ ընտրությունները քաղաքական բանավեճի գործընթացից վեր են ածվել տեխնիկական գործընթացի, անձերի ընտրության` առանց հաշվի առնելու, թե հաջորդ հինգ տարիներին այդ մարդիկ ի՞նչ քաղաքական ուղի են տանելու, ի՞նչ նախընտրական ծրագրով են հանդես եկել եւ այլն: Ընտրության սկզբունքը հետեւյալն է` դուրս գալիս ես, դուրս չես գալիս, ինձ հարմար ես, ինձ հարմար չես»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հասարակական եւ քաղաքական գործիչ Թեւան Պողոսյանը` անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքում պատգամավորական մանդատների շուրջ արդեն երկու օր ընթացող իրադարձություններին: Այն, որ ընտրություններից առաջ, երբեմն նաեւ ընտրություններից հետո շատ թեկնածուների ստիպում են ինքնաբացարկի դիմումներ գրել` մեր իրականության մեջ նորություն չէ: Թեւան Պողոսյանն ասում է. «Մարդիկ այդպես են վարվում` ցույց տալու համար, որ ամեն ինչ հավատարմության դաշտում է, եւ իրենք կընդունեն կուսակցապետի ցանկացած որոշումը: Բայց առաջին անգամ ունեցանք դեպք, որ այն, ինչի մասին խոսում էին, գիտեինք, բացահայտվեց, եւ կա բողոքի ձայն»:

Դաշինքի հայտնի 12 պատգամավորները պնդում են, որ իրենք ինքնաբացարկի դիմումներ չեն գրել: Այսինքն` կա՛մ նրանց ստորագրությունները կեղծվել են, կա՛մ իրենք ստորագրել են փաստաթղթեր, որոնք չեն կարդում: Առաջին տարբերակում ամեն ինչ պարզ է` քրեական գործ է: «Եթե չեն հիշում, թե ի՞նչ են ստորագրել կամ ստորագրել են առանց կարդալու այդ փաստաթուղթը, ինձ համար ավելի ցավալի է: Որովհետեւ քրեականի պարագայում կարելի է դատական գործընթացով գտնել մեղավորներին եւ պատժել: Իսկ հակառակ պարագայում նշանակում է, որ մենք հինգ տարի ունենալու ենք պատգամավորներ, ովքեր որեւէ օրենք չկարդալով` քվեարկելու են` լինի կողմ կամ դեմ»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այդ մարդիկ կամ դատական գործընթացում պետք է ապացուցեն իրենց ճշմարտացիությունը, կամ ընդունեն, ներողություն խնդրեն, որ ստորագրել են մի բան՝ նույնիսկ չհասկանալով, թե ինչ են ստորագրել:

Այս պատմությունն ամբողջությամբ պարզ կլինի մի քանի օրից, քանի որ դեռ, այսպես ասած, նոր իրողություններ են ի հայտ գալիս: Օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) երեկ հայտարարել էր, որ բոլորն էլ ստորագրել են այդ դիմումները` շատ լավ իմանալով, թե ինչ եւ ինչի համար են ստորագրում: Ի նկատի ունենալով նաեւ այս ամենը՝ Թեւան Պողոսյանը ճիշտ է համարում, որ դաշինքում անհամաձայնություն ունեցող անձինք հենց դատական գործընթացում փորձեն վեր հանել ճշմարտությունը: «Իսկ եթե այս ամենը պայմանավորվածություն է, եւ սրա հետեւում այլ խնդիր կա, ապա հենց այդ խնդրի համար առնվազն պետք է ճշմարտությունը բացահայտվի. այդ ո՞վ ստիպեց կամ համոզեց նրանց, որ մանդատից հրաժարվելու իրենց նախկին որոշումից հետ կանգնեցին, ինչո՞ւ որոշեցին, որ պետք է բողոքարկեն եւ հետ ստանան մանդատները: Սա մի քանի շերտային գործընթաց է, որի ամեն մի շերտն առանձին վերցրած երեւույթ է, եւ շատ լավ կլինի, որ ամեն ինչը բացահայտվի: Ինչքան շուտ իրենք խոսեն, այնքան լավ»,- ասում է Թեւան Պողոսյանը` հավելելով, որ սա մեր երկրում արմատացած բացասական մշակույթի գոյության դրսեւորումներից է, ճիշտ այնպես, ինչպես քաղաքական գործընթացներում՝ կրթական համակարգի օգտագործումը, բիզնեսում՝ աշխատողների չպաշտպանված լինելը. «Սա այդ ամենի դրսեւորումներից մեկն է, ու մարդիկ, ովքեր մասնակցում են ընտրություններին, նույնպես կարող են նման վիճակներում հայտնվել»:

Ամենի պատճառը, մեծ հաշվով, ըստ մեր զրուցակցի, այն է, որ Հայաստանում այդպես էլ չձեւավորվեցին քաղաքական կուսակցություններ. «Այդ մարդկանց համախմբումը, ովքեր մասնակցում էին ընտրություններին, չուներ ոչ արժեքային, ոչ գաղափարախոսական հիմք: Դրա համար էլ ոչ նախընտրական ծրագիր է մշակվել, ոչ էլ թիմային աշխատանք է տեղի ունեցել: Ամեն անհատ իր համար ինչ-որ գործողություններ է իրականացրել, հետո էլ պիտի բանակցի, թե իր բերած 20 հազար ձա՞յնն է ավելի ճիշտ, թե՞ մյուսի 15 հազարը: Մինչեւ չունենանք կուսակցություններ, որոնց հիմքը քաղաքական, գաղափարական արժեքներն են, որտեղ թիմային աշխատանք եւ պայքար է տարվում, նման իրավիճակներ ենք ունենալու»:

Մինչ ընտրությունները շատ էր կարեւորվում նոր խորհրդարանի ձեւավորումը, մանավանդ, որ այն Հայաստանի կառավարման համակարգի փոփոխության մեկնարկը պետք է ամրագրի: Այդ մեկնարկը տրվեց հետընտրական նման սկանդալով: Կպայքարե՞ն այդ մարդիկ իրենց իրավունքների համար, ապա, ըստ Թեւան Պողոսյանի, խորհրդարանում կունենանք ազնվության եւ արդարության համար հետեւողական պատգամավորներ: Հակառակ պարագայում «մատների արանքով» քվեարկողների թիվը կգերակշռի նոր խորհրդարանում: Օրենքն այս մարդկանց հնարավորություն չի տալու առանձին խումբ կամ խմբակցություն ձեւավորելու: Բայց ակնհայտ է, որ ունենալու ենք ութ անկախ պատգամավորներ, որոնք, ըստ նպատակահարմարության, նժարի այս կամ այն կողմում կլինեն կամ սկզբունքային մոտեցումներ կպահեն:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

05.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031