Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրամունտի պաշտոնանկության հարցը` օդից կախված

Մայիս 06,2017 16:30

ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հավանաբար նրան վերջնականապես
հեռացնել հնարավոր չի լինի նաեւ հունիսյան նստաշրջանին

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը ձգձգվում է: Խնդիրն այն է, որ ԵԽԽՎ-ն չունի նախագահին գահընկեց անելու մեխանիզմներ: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բյուրոն ապրիլի 28-ին երկու խիստ հայտարարություն ընդունեց: Առաջինն այն է, որ Բյուրոն չունի վստահություն ԵԽԽՎ նախագահի նկատմամբ, եւ երկրորդը` որպես առաջինի հետեւանք, այն է, որ Ագրամունտն այլեւս իրավունք չի ունենա ճամփորդելու կամ հայտարարություններ անելու ԵԽԽՎ-ի անունից:

«Առավոտը» ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանից հետաքրքրվեց` վեհաժողովն ի՞նչ մեխանիզմներ կարող է գործադրել Ագրամունտին գահընկեց անելու համար: Նաիրա Կարապետյանը հիասթափեցրեց, թե այս պահի դրությամբ այդ մեխանիզմները չկան. «Մեխանիզմն այն է, ինչ սկսել է ԵԽԽՎ Կանոնադրական հանձնաժողովը: Այսինքն` համապատասխան կանոնակարգային փոփոխություններ կատարել եւ մտցնել hետկանչի` իմպիչմենտի ինստիտուտը: Սակայն ԵԽԽՎ-ում դա այդքան արագ չի արվում, քան սովոր ենք մեր ազգային խորհրդարաններում` մեկ քվեարկությամբ, մեկ քննարկմամբ»: Նաիրա Կարապետյանի փոխանցմամբ` ԵԽԽՎ-ի փորձը ցույց է տալիս, որ զեկույցները պատրաստվում են առավելագույնը երկու տարի ժամկետում, բայց դեռ չի հիշում մի զեկույց, որը պատրաստվի մեկ նստաշրջանի ընթացքում: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամը փաստեց, որ Ագրամունտին պաշտոնից հեռացնելու տրամադրվածությունը ԵԽԽՎ-ում շատ մեծ է, մեծ է նաեւ շահագրգռվածությունը. «Փորձելու են հնարավորինս արագ կազմակերպել գործընթացը, բայց իմ փորձի վրա հիմնվելով` կարծում եմ, որ վերջնական իր տեսքով Ագրամունտի պաշտոնանկությունը չի լինի նաեւ ամառային նստաշրջանի ընթացքում»:

Ըստ Նաիրա Կարապետյանի` քաղաքական խմբերի ճնշումն ու այն համատարած բոյկոտի կոչերը, որոնք գնում են Ագրամունտի հասցեին, կհասնեն իրենց նպատակին, բայց, այնուամենայնիվ, կհասնեն ոչ թե Ագրամունտի խղճին ու բարոյականությանը, այլ ավելի շուտ Իսպանիայի իշխանություններին. «Միակ հետկանչի ինստիտուտը, որ կարող է գործել, այն է, որ Իսպանիան չեղարկի նրա լիազորությունները: ԵԽԽՎ պատգամավորներին ուղարկում է ազգային խորհրդարանը: Ազգային խորհրդարանը կարող է իր պատգամավորին հետ կանչել` ուղարկելով նոր պատգամավորի տվյալներ: Միակ իրական ճանապարհը Ագրամունտին պաշտոնանկ անելու, թույլ տվեք պրագմատիկ լինել, բայց դա է»:

Հետաքրքրվեցինք` Ագրամունտի անձի շուրջ առաջացած այդ աղմուկը հնարավո՞ր է խաթարի վեհաժողովի բնականոն աշխատանքները, Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «Տեխնիկական առումով շատ խոչընդոտներ կհանդիպեն, սակայն դրանք էլ են լուծելի: Ինչպես այս նստաշրջանը վարում էին փոխնախագահները, հաջորդն էլ կարող են նրանք վարել: Սակայն ընդհանուր աշխատանքը թերի կլինի: Բայց ԵԽԽՎ-ում առողջացման գործընթաց է տեղի ունենում: Այս կոռուպցիոն մեծ սկանդալների բացահայտումների եւ բողոքի ալիքի տակ, վերջիվերջո, ԵԽԽՎ-ն լծվեց ինքնամաքրման եւ կոռուպցիայի սեւ պիտակի մաքրման գործին: Ագրամունտն իր կերպարով մարմնավորում էր, իմ պատկերացմամբ, կաշառակերության մի ամբողջականություն, որը մեզ հայտնի տվյալներով` Ադրբեջանի լոբբիի տակ է գտնվում, բայց հեշտ կաշառվող մարդը կարող է կաշառվել նաեւ տարբեր ուժերի կողմից»:

Հայ պատվիրակը փաստեց` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն աննախադեպ էր նրանով, որ Ադրբեջանը հասկացավ` միշտ չէ, որ աշխատելու է իրենց` փող քվեի դիմաց սկզբունքը: Նաիրա Կարապետյանի փոխանցմամբ` նստաշրջանի ձեռքբերումներից մեկը եղել է հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, եւ հիմա քննարկվում է դրանում ընդգրկվելիք դատավորների հարցը. «Մեկ տարի Կանոնակարգային հանձնաժողովը քննարկել է մի զեկույց, որը նման է թեմայով դրան` պատգամավորների աշխատանքի թափանցիկություն, անձեռնմխելիություն: Շատ ուժեր հակված էին չստեղծել առանձին հանձնաժողով, միայն այլ զեկույցում հիշատակել այդ մասին: Բայց ԵԽԽՎ-ն այդ կամքն ու տրամադրվածությունը կարողացավ ունենալ. սեփական հետաքննությունն ու սեփական մարմին ունենալը ողջունելի են: Մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր սկանդալային բացահայտումների եւ անունների մեջ կարմիր թելով անցնում է Ադրբեջանի շահը»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտնվել էր բավականին բարդ իրավիճակում: Ադրբեջանցի պատվիրակները չգիտեին իրենց ինչպես դրսեւորել: Բյուրոյի նիստում միայն երեք պատգամավոր դեմ քվեարկեց Ագրամունտի դեմ պատժամիջոցներին` երկուսը ադրբեջանցիներ, մեկը՝ Իսպանիայի պատվիրակը: Այս առիթով Նաիրա Կարապետյանն ասաց. «Ադրբեջանցիները ծիծաղելի իրավիճակում են հայտնվել. մի կողմից՝ պետք է որ պաշտպանեն իրենց լոբբիստին, մյուս կողմից՝ չեն ուզում բացահայտ ստվեր գցել ու հաստատել մեր վարկածները: Իսպանիայի ներկայացուցիչը, որ այդպես վարվեց, բնական էր, բայց երկու ադրբեջանցիների պահվածքը ծիծաղելի էր կոնկրետ ինձ համար»:

Մեր այն դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ում պտտվում էր նաեւ այն տարբերակը, որ Ագրամունտին կարող են հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբակցությունից, եւ նա այդպիսով իրավունք չի ունենա լինելու ԵԽԽՎ նախագահ, հետեւաբար ինչո՞ւ մինչեւ հիմա այդ քայլին չեն գնում, Նաիրա Կարապետյանն այսպես արձագանքեց. «Հնարավոր է, որ ԵԺԿ-ն մինչեւ Բյուրոյի հաջորդ նիստ արտահերթ նիստ հրավիրի եւ հեռացնի Ագրամունտին: Բայց դա Ագրամունտի լիազորությունները չի նվազեցնում: Նա կլինի ԵԽԽՎ պատմության մեջ առաջին նախագահը, որը չի պատկանի որեւէ խմբակցության: Ագրամունտն ընտրվել է անվանական քվեարկությամբ, ԵԺԿ-ն առաջադրել է նրան, բայց չի կարող hետ կանչել: Ըստ ԵԽԽՎ-ի կանոնադրության` ԵԽԽՎ նախագահ չի կարող առաջադրվել անձ, որը չի պատկանում որեւէ քաղաքական խմբակցության, բայց ԵԺԿ-ն արդեն առաջադրել է Ագրամունտին»:

Կասկածներ կան, թե արդյոք Իսպանիայի իշխանությունները կգնա՞ն Ագրամունտին hետ կանչելու քայլին, քանի որ ԵԽԽՎ-ում տարածված է այն կարծիքը, որ իսպանացիները «թասիբով» ժողովուրդ են եւ կփորձեն ամեն ինչ անել, որ իրենց պատիվը պահեն:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

05.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031