Լրահոս
Օրվա լրահոսը

23-ամյա Սասման երբ հղի էր՝ գործից ազատեցին, երեխան ծնվելուց հետո էլ տան հոսանքն անջատեցին

Մայիս 06,2017 16:00

23-ամյա Սասմա Առաքելյանն ու նրա 4 ամսական փոքրիկը՝ Միկան, արդեն 1 ամիս է՝ հոսանք չունեն. նրանց՝ Գարեգին Նժդեհի 56 ա 829 հասցեի հանրակացարանային շենքի բնակարանի էլեկտրաէներգիան անջատել են: Սասման էլեկտրաէներգիայի վարձը 4 ամիս է՝ չի կարողանում վճարել, պարտքը 131 հազար դրամ է: Ինչ փոքրիկը ծնվել է, Սասման չի աշխատում ու գումար չունի իր եւ փոքրիկի տարրական հոգսերը հոգալու համար:

Այն բանից հետո, երբ իր գործատուին տեղեկացրել էր, որ հղի է՝ Սասման կորցրել է աշխատանքը: Երիտասարդ ու միայնակ մայրը պատմում է, որ 3 ամսական հղի էր, գործատուին (նախկին աշխատավայրի՝ սննդի ցանցի ու ղեկավարի անունը թեեւ ասաց, բայց խնդրեց չհրապարակենք՝ նրանց հետ խնդիրներ չունենալու համար) տեղեկացրեց հղիության մասին, սակայն երբ արդեն հղիությունը 5 ամսական էր, գործատուն աշխատանքից հեռացրել է՝ իբր լավ չի աշխատում: Սակայն Սասման վստահեցնում է՝ ինքը երբեք հաճախորդներից դժգոհություն չի լսել, գործից ազատել են դեկրետային գումարը չփոխանցելու համար: Աշխատանքը կորցնելուց հետո, ինչպես ասում է Սասման, նյարդային ապրումների հետեւանքով պտղի մոտ խնդիրներ էին առաջացել. հիվանդանոցում է եղել այնքան՝ մինչեւ փոքրիկի առողջությանն ու կյանքին այլեւս վտանգ չէր սպառնում:

Գործազուրկ դառնալուց հետո Սասմային տատիկն էր օգնում, երբեմն 1000, երբեմն էլ 2000 դրամ էր տալիս, երբեմն էլ սնունդով օգնում:

Սասման ընդամենը 23 տարեկան է, բայց ասում է՝ ամբողջ կյանքում միայն վիշտ ու դառնություն է կրել, մանկությունը անհոգ չի եղել. 13 տարեկանում մանկատանն է հայտնվել. ասում է՝ 7 երեխա էին, հայրը չէր հասցնում երեխաներին ինչպես հարկն է պահել, եւ որպես սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ՝ թաղապետարանի միջնորդությամբ տեղափոխվել են մանկատուն:

Սասման 16 տարեկանից աշխատել է, ասում է՝ տարբեր գործեր է արել, որպեսզի ինքն իրեն պահի. «Մատուցող էլ եմ աշխատել, մենեջեր էլ, սուպերմարկետներից մեկում էլ դրամարկղի վրա էի աշխատում: Հիմա էլ կուզենամ աշխատել, բայց փոքրիկիս պահող չկա: Ես հիմա ոչ ոք չունեմ, հայրս մահացել է, մորիցս 7 տարի է՝ լուր չունեմ: Քույրերս ու եղբայրներս էլ չգիտեմ՝ որտեղ են: Լրիվ մենակ եմ, երեխայի հայրն էլ չի օգնում, մեկ-մեկ տակդիր ու երեխայի համար սնունդ է բերում, բայց հազվադեպ: Մենք միասին չենք, ամուսնալուծված ենք, այսինքն՝ զագսով ամուսնացած չենք էլ եղել»:

Երիտասարդ մայրն ասում է՝ առանց էլեկտրաէներգիայի փոքրիկի հետ խոնավ բնակարանում դժվար է ապրել. փոքրիկը նույնիսկ հիվանդացել էր ու հայտնվել հիվանդանոցում. «2 տարի առաջ էլ առաջնեկս որ ծնվեց, էլի գործից դուրս եկա ու էլի չէի կարողանում հոսանքի վարձը վճարել, ձմեռ էր, հոսանքն անջատել էին, երեխաս թոքաբորբով հիվանդացավ, բժիշկները չկարողացան փրկել, երեխաս մահացավ: Հիմա բախտս բերել է, որ Միկաս դիմացկուն է, ու հիմա շատ ցուրտ չի: Գազով ջուր եմ տաքացնում Միկային լողացնում: Առանց հոսանք ապրելն անհնար է, չգիտեմ ինչ անել»:
Սասման վստահեցնում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար դիմել է ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակ, սակայն նրան մերժել են՝ պնդելով. «Գոնե 80 հազար դրամ պիտի վճարես, որ միացնենք»: Սասման էլ ասում է՝ «եթե ունենայի այդ 80 հազարը… Անգամ 10 հազար դրամ չունեմ: Երեխայի միանվագ օգնության նպաստը երբ ստացա, նրա համար հագուստ գնեցի: Օրորոցը նվեր են տվել: Սայլակը հայրն է տվել, այն էլ սպառնում է՝ գալու եմ հետ վերցնեմ: Ես պատրաստ եմ աշխատել, բայց էլի եմ կրկնում՝ ոչ ոք չունեմ, որ օգնի երեխային պահել, ես էլ գնամ գործի: Դայակ էի գտել, բայց 80 հազար դրամ ուզեց, իսկ իմ գտած գործն էլ հազիվ 80 հազար էր, հարմար չէր: Տատիկս սրտի սնուցման խանգարում ունի, ձախ թեւը լավ չի գործում, նաեւ թոշակառու է, նա էլ չի կարող երեխայիս պահել, որպեսզի ես աշխատեմ: Իր ստացած մի քիչ թոշակն էլ հազիվ իր դեղերին է հերիքում»:

Սասման պատմում է, որ օգնության համար տարբեր դռներ է թակել, բայց ապարդյուն, ամեն տեղ միայնակ մորը մերժել են:

«Հոսանքի վարձը մուծելու համար թաղապետին էլ եմ դիմել, ասել է՝ չեմ կարող օգնել: Նախագահին ու վարչապետին էլ եմ նամակ գրել, օգնություն խնդրել: Խնդրել էի նաեւ բնակարանի հարցը լուծեն, դա իմ տունը չէ, հորս անունով է, բայց պետությանն է, ու 100 հազար էլ բնակվարձի պարտք կա: Հետո նամակս թաղապետարան էին ուղարկել: Թաղապետին ասացի՝ չեմ ուզում փոքրիկիս հետ դրսում մնամ, բնակարանի հարցում օգնեք ինձ: Թաղապետն էլ ասաց, թե՝ հիմա երեխայիդ կաթի՞ հարցն ա առաջնային, թե՞ տան, գնա մի ուրիշ օր կգաս՝ կխոսենք՝ որ հարցն ա առաջնային: Երեկ էլ գնացի ու մերժում ստացա, ասաց՝ ոչ մի բանով չենք կարող օգնել: Հետո ուղարկեց սոցբաժին, մի տոպրակ սնունդ տվեցին»,- պատմում է Սասման:

Հիմա փոքրիկ Միկան մայրական կաթով է ապրում, բայց որպեսզի այդ կաթն էլ տեղը տեղին լինի, ու փոքրիկը կշտանա, մայրն էլ պետք է լավ սնվի: Թե ինչպես է մայրը սնվում, երբ եկամտի աղբյուր չունի, անգամ հաց գնելու գումար չունի, այս հարցին Սասման չի պատասխանում. աչքերն արցունքով լցրեց, հուզվեց ու էլ չխոսեց:

Մի կողմից՝ կառավարությունը հայտարարում է, որ ժողովրդագրական խնդիրները լուծելու նպատակով խթանում է ծնելիության աճին, է՛լ սեռով պայմանավորված աբորտն է արգելում, է՛լ տարբեր օրենքներ ընդունում: Բայց հիմա այդ օրենքները 23-ամյա Սասմային ու նրա պես հազարավոր միայնակ մայրերի ինչի՞ն են պետք, երբ նրանք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, պետության հոգածության կարիքն ունեն, մինչդեռ հայտնվել են հուսահատության եւ աղքատության շեմին, երեխա ծնելու համար աշխատանք են կորցրել ու ապրուստի միջոց չունեն:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

05.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արևիկ says:

    Ոնց կարող ենք օգնել: Կա հաշվեհամար?

  2. Նելլի Բաբայան says:

    Հարգելի Արևիկ, շնորհակալություն։ Հաշվեհամար չունի Սասման, բայց ես կարող եմ իմ էլեկտրոնային հասցեն թողնել, գրեք ինձ, ես Սասմայից կճշտեմ և նրա թույլտվությամբ կփոխանցեմ ձեզ նրա հեռախոսահամարը։ [email protected]

  3. RUZANNA says:

    Խնդրում եմ, ինձ ուղարկեք հեռախոսահամարը:

  4. Նելլի Բաբայան says:

    Հարգելի Ռուզաննա, խնդրում ե։ Ձեր էլեկտրոնային հասցեն գրեք, որպեսզի Սասմայի հեռախոսահաամրն ուղարկեմ ձեզ։

  5. Kolya says:

    Խնդրում եմ, ինձ էլ հեռախոսի համար տվեք:

  6. Ruzik says:

    [email protected] սա իմ էլեկտրոնային հասցեն

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031