Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարություն են դիմել, որ մի ճար գտնեն, մակագրել են քաղաքապետարան

Մայիս 06,2017 15:30

Բազմազավակության կոչեր կառավարությունն անում է, սակայն երբ հերթը հասնում է նրանց սոցիալական խնդիրներին, ձեռքները լվանում է: Օրերս Քիշմիրյանների ընտանիքը կառավարությանը հասցեագրած նամակի պատասխանն է ստացել, բայց ոչ կառավարության աշխատակազմից, այլ կրկին Երեւանի քաղաքապետարանից: Բազմազավակ ընտանիքի նամակը հասցեագրվել է քաղաքապետարան: Այսինքն` այն կառույցին, որն արդեն տասն անգամից ավելի միեւնույն պատասխանը տվել է այս ընտանիքին:

«Բարձրացված հարցն ուսումնասիրվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից: Արդյունքում հայտնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս իր տրամադրության տակ չունի ազատ բնակարաններ, հանրակացարանային սենյակներ կամ բնակության համար պիտանի տարածքներ: Հայտնում եմ նաեւ, որ ձեր տվյալները հաշվառվել են, եւ հետագայում բնակարանային համապատասխան ֆոնդի առկայության դեպքում Երեւանի քաղաքապետարանը հայտնում է իր պատրաստակամությունը քննարկելու բարձրացված հարցը». սա քաղաքապետարանի պատասխանն է Քիշմիրյաններին: Նրանք հույսով դիմել էին վարչապետին, որպեսզի կառավարությունը բազմազավակ ընտանիքի համար մի լուծում գտնի, հակառակ դեպքում քաղաքապետարանը նման պատասխաններ մի քանի անգամ տվել է:

Հողաշեն տունը, որտեղ բնակվում է Քիշմիրյանների 9 հոգանոց ընտանիքը` վեց երեխաները, տատիկն ու ամուսինները, բնակվելու համար այլեւս պիտանի չէ: Խորհրդային տարիներին անգամ այն իրացման տակ է եղել, սակայն կարգերը փոխվելուց հետո գործընթացը տեղի չի ունեցել:

Այս տարիների ընթացքում մկներն ու առնետները տան տակով թունելներ են փորել, մի քանի անցք էլ դեպի Քիշմիրյանների տուն բացել: Փոքրիկներն ամեն գիշեր ահ ու սարսափով են անկողին մտնում. գիտեն, որ մկներն իրենց հյուր են լինում:
Այս ընտանիքում Մարին ամենափոքրն է, երկու տարեկանը դեռ չի լրացել. նա ծնված օրվանից գիշերը մոր եւ հոր արանքում է քնում, մահճակալ չունի:
Եթե ընտանիքի բոլոր անդամներով տանն են լինում, քայլելու տեղ էլ գրեթե չի լինում:
«Ընտրությունների ժամանակ գալիս, ասում են` քաղաքացի եք, գնացեք ձեր քաղաքացիական պարտքը կատարեք, բայց ընտրվելուց ու նշանակվելուց հետո մոռանում, որ քաղաքացիների առաջ պարտականություններ ունեն»,- ասում է ընտանիքի հայրը` Արթուր Քիշմիրյանը:

Պետության հոգսը երկար տարիներ է՝ հարազատները, հարեւաններն ու գթասիրտ մարդիկ են հոգում` այս ընտանիքին շոր, կոշիկ ու անհրաժեշտ կենցաղային իրեր տրամադրելով, եւ անկախ այն բանից՝ ում են ընտրում, միեւնույն է՝ իրենց ընտանիքի դրությունը չի փոխվում:
Զգեստապահարան, գրապահարան ու մի շարք անհրաժեշտ իրեր էլ չունեն, որ գոնե օգնություն տված հագուստները մեջը դասավորեն: Ինչպես ընտանիքի անդամներն են ասում` երեխաները մեծանում են, բնակարան չունենալու հարցը ավելի է սրվում: Տունն օր օրի քանդվում է, ավելի ճիշտ՝ մաշվում, հատակն ու առաստաղը ճռճռում: Փլվելու վտանգն էլ մի կողմից է վախեցնում: «Ինչի՞ պիտի բազմազավակին տուն տան, հենա կտան դերասաններին, ոստիկաններին ու այնպիսի քաղաքացիների, որոնք ով գիտե՝ դրա կարիքը չունեն էլ: Մեզ նման ընտանիքներին էլ շնորհակալություն հայտնելու փոխարեն մի բան էլ ասում են` եթե չեք կարում պահեք, ինչի եք էդքան ունենում»,- վիրավորված ասում են Քիշմիրյանները: Ընտանիքը նույնիսկ մարզի որեւէ գյուղում ապրելու ցանկություն ունի, եթե տան հարց լուծվի: Ասում են` անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ կզբաղվենք, մեր գլուխը կպահենք: Պետությունից ստացած աղքատության նպաստն ու տատի թոշակը բազմազավակ ընտանիքը հարկերի, վարկերի ու կոմունալ վճարումների տեսքով կրկին վերադարձնում է պետությանը, գազ, լույս ու ջուր մատակարարող ընկերություններին: Ասում են` ոչ մի դրամ ոչ ոքի պարտք չենք: Միանգամից չորս երեխայի դպրոց ուղարկելն էլ ընտանիքի համար հեշտ չէ, դպրոցական հագուստի, գրքերի ու տետրերի համար պահանջվող գումարները ընտանիքի ուժերից վեր են:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

05.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031