Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցյալի կողմից մահվանից քսանչորս օր հետո «ներկայացված» վճռաբեկ բողոքը բավարարվել է

Մայիս 06,2017 15:00

«Անի 96» ՍՊ ընկերության տասներկու մասնակիցներ դիմել էին դատարան: Նրանցից Հասմիկ Գյուրջյանի ներկայացուցիչ, փաստաբան Գագիկ Խաչատրյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ նրանցից յուրաքանչյուրը 1996թ. 2 տոկոս փայաբաժնով հանդիսացել է նշյալ ընկերության մասնակիցը:

74% բաժնեմասի սեփականատերն էր Համլետ Պետրոսյանը, որն իր մահկանացուն է կնքել անցյալ տարվա հունիսի 5-ին:

Ընկերության աշխատակիցները դիմել էին նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, հայտնելով, որ քսան տարիների ընթացքում ընկերության տնօրենն իր ցանկությամբ տնօրինել է իրենց միջոցները:

Ու երբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռից տեղեկացել են, որ հայցվոր «Արմֆարմացիա» ընկերությանը «Անի 96»-ը պարտք է եղել մոտ 7 միլիոն 411 000 դրամ, կնքվել է հաշտության պայմանագիր կողմերի միջեւ, իսկ վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Օգանովի փողոցի թիվ 1 հասցեի 52.82 քմ մակերեսով ատամնաբուժարանը այլ ծանրաբեռնվածություն չունի: Հաշտության համաձայնագրից հետո քաղհայցի վարույթը կարճվել է: «Կողմերը հաշտության համաձայնագիր կնքելիս թաքցրել էին հաշտության առարկա դարձած անշարժ գույքի նկատմամբ մեր իրավունքների մասին, մեր, որ ունենք 26% բաժնեմաս»,-հայտարարել են տասներկուսը:

Նշյալ ՍՊ ընկերության հիմնադրման օրվանից որեւէ ժողով չէր հրավիրվել, չի որոշվել մաքուր շահույթի եւ առհասարակ, ֆինանսական միջոցների բաշխման ճակատագիրը:
Տասներկու աշխատակիցներն իմանալով իրենցից օտարված գույքի մասին, դիմել էին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը բեկանել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, եւ գործի քննությունը ուղարկել նոր կազմով նոր քննության՝ Մալաթիայի նշյալ դատարան:
Այս ժամանակահատվածում, ինչպես նշեցի, մահանում է Համլետ Պետրոսյանը:
Մահվանից հետո կարծես պետք է օրենքով դադարեր նրա «գործունեությունը», իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20 հոդվածի 1-ին եւ 2 կետերի. «Քաղաքացիական իրավունքներ ունենալու եւ պարտականություններ կրելու ունակությունը՝ քաղաքացիական իրավաունակություն, բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես: Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին եւ դադարում է մահվամբ»:

Մինչդեռ, հանգուցյալի իրավահաջորդները, ըստ ընկերության մասնակիցների, թաքցրել են իրենց հարազատի մահվան մասին, եւ մահվանից քսանչորս օր հետո վճռաբեկ բողոքով դիմել են դատարան:

Բողոքն, ի դեպ, վարույթ է ընդունվում 2016թ. հոկտեմբերի 14-ին:

Հ. Պետրոսյանի մահվան մասին զրուցակիցս՝ իր վստահորդ Հ. Գյուրջյանի անունից տեղյակ է պահել այդ ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանին՝ «Նա բողոք է բերել մահացած քաղաքացու անունից դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով», այն էլ գրավոր, նաեւ հայտնել, որ հոգեհանգստին ընկերության աշխատակիցներից ովքեր են մասնակցել, Նոր Նորքի եկեղեցու մոտ ինչպես է իրենց դիմավորել կողմի փաստաբանը:
Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն այս տարվա ապրիլի 7-ին բավարարում է հանգուցյալի բողոքը, բեկանում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, եւ օրինական ուժի մեջ թողնում առաջին ատյանի վճիռը:

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը հետեւյալն էր. «Ընկերությունը հանդես է եկել որպես ինքնուրույն սուբյեկտ իր գույքով՝ պատասխանատվություն կրելով իր պարտավորությունների համար»: Ու գույքի օտարմանը հավանություն են տվել ընկերության կողմից անցյալ տարվա մարտին հրավիրված ժողովին 96% բաժնեմաս ունեցողները:

Ըստ «Առավոտին» դիմած ՍՊ ընկերության մասնակիցների, հանգուցյալը չէր կարող տալ լիազորագիր՝ իր անունից որեւէ մեկին հանդես գալու համար:

Եթե մինչ մահը տվել է լիազորագիր, ապա մահվանից հետո այն դադարեցվում է, եւ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի, «լիազորագիր տված եւ հետագայում վերացրած անձը պարտավոր է դրա վերացման մասին տեղյակ պահել իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջեւ ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը»:

Օրենքը սահմանել է նաեւ, որ լիազորագիրը դադարելուց հետո լիազորված անձը կամ իրավահաջորդները պարտավոր են վերադարձնել այն:

Ի դեպ, մեր տրամադրության տակ է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Ա. Տոնոյանի ստորագրությամբ անցյալ տարվա մարտի 31-ի որոշումը քրեական գործ հարուցել ՍՊ ընկերության տնօրեն Համլետ Պետրոսյանի նկատմամբ՝ «իրեն վստահված ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակելու հատկանիշներով»:
Նախաքննությունն ընթանում է քննչական կոմիտեում:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- Վճռաբեկ դատարանը բավարարելով հանգուցյալի բողոքը, որոշել էր համապարտության կարգով ՀՀ պետական բյուջե բռնագանձել տասներկու աշխատակիցներից յուրաքանչյուրից 203.051 դրամը, ինչպես նաեւ վարչական պալատի կողմից անցյալ տարի հետաձգված պետական տուրքի գումարը:

 

«Առավոտ»

05.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031