Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ զբոսաշրջային ու դաժան Երուսաղեմ` Սյուզան Խարդալյանի հայացքով

Մայիս 06,2017 14:30

Ռեժիսորի նոր՝ The Other Jerusalem ֆիլմը իսրայելա-պաղեստինյան հակամարտության ու «փոքր» մարդու ողբերգության մասին է

Շվեդահայ ճանաչված կինովավերագրող, 3 տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ Սյուզան Խարդալյանը հերթական ֆիլմն է նկարել, որ կոչվում է The Other Jerusalem:
«Առավոտի» հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ 59 րոպեանոց ֆիլմը այն Երուսաղեմի մասին չէ, որ զբոսաշրջիկներն են տեսնում: The Other Jerusalem-ը վերաբերում է Արեւելյան Երուսաղեմին, հին քաղաքին, որն առնչվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ, քանի որ, նրա խոսքով, երկու կողմերն էլ ցանկանում են քաղաքը դարձնել իրենց մայրաքաղաքը:

Սյուզան Խարդալյանը փաստում է, որ հունիսի 7-ին ճիշտ 50 տարին է լրանում, երբ Իսրայելը անեքսիայի ենթարկեց Երուսաղեմը` հակառակ բոլոր միջազգային օրենքների: Նրա ձեւակերպմամբ, 50 տարվա ընթացքում Իսրայելը տարբեր մեթոդներով ու վերջնականապես իրականացրեց բռնազավթումը: «Ֆիլմը հենց այդ մասին է, թե այդ ամենն ինչպես է տեղի ունենում նուրբ հաշիվներով ու մեթոդներով, որոնք անտեսանելի են, եթե մոտիկից չառնչվես ու չուսումնասիրես: Իսրայելն օգտագործում է բյուրոկրատական, վարչական, էկոլոգիական օրենքներն ու լծակները, որպեսզի դատարկի Երուսաղեմը, փոխի ժողովրդագրական պատկերը եւ այդպիսով Երուսաղեմը դարձնի զուտ հրեական քաղաք, ինչպիսին պետությունն է…Արդեն այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ պաղեստինցիներն իրենց հողի վրա անջատված կղզյակների մեջ են ապրում եւ իրար հետ հարաբերվելու դժվարություններ եւ արգելքներ ունեն»,-ասում է կինովավերագրողը:

Հետաքրքրվեցինք` հե՞շտ էր Արեւելյան Երուսաղեմում աշխատելը, արդյոք խոչընդոտների չի՞ հանդիպել նկարահանումների ժամանակ: Սյուզան Խարդալյանը նշեց, որ իսրայելական իշխանությունների հետ խնդիր չի առաջացել, պարզապես պաղեստինյան տարածք մտնելիս ստուգում են: Ռեժիսորը նույնիսկ հաջողացրել է դրոնով նկարահանումներ կատարել, մի բան, որ ընդհանրապես արգելված է Երուսաղեմում:
Մեր զրուցակիցը նշում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը Միջին Արեւելքի բոլոր խնդիրների բանալին է: Նա նաեւ ցավով է փաստում, որ ոչ ոքի չի հուզում սովորական «փոքր» մարդու ճակատագիրը. «Հասարակ մարդը միայնակ կռվում է ամբողջ աշխարհի դեմ, այնտեղ ընտանիք պահելը դարձել է Հայկի եւ Բելի ճակատամարտի նման: Իսրայելական կառավարությունը ուղղակի վերաբնակեցնում է բոլոր այն տարածքները, որտեղ պաղեստինցիներն են, դա՛ է նրանց քաղաքականության առանցքում: Եվ հետաքրքիրն այն է, որ նույն պետության մեջ ասես երկու տարբեր մոլորակներ են` Թել Ավիվն ու Երուսաղեմը, Թել Ավիվը ապաքաղաքական, միջազգային բարձր վարկանիշով քաղաք է, Երուսաղեմում լրիվ հակառակն է: Ֆիլմն այս մասին է»:

Սյուզան Խարդալյանը նշում է, որ Արեւելյան Երուսաղեմում ամեն վայրկյան կարող է պետության ներկայացուցիչը գալ եւ հանել սեփական տնից, ասելով, որ դա պետական հող է, ընդ որում՝ ամեն ինչ հիմնավորում են օրենքով, բայց նույն օրենքը տարբեր կերպ է անդրադառնում պաղեստինցու եւ հրեայի վրա: «Պաղեստինցուն կարող են արգելել վերանորոգել տունը, իսկ հարեւանությամբ ապրող հրեան կարող է տասը հարկանի շինություն կառուցել առանց արտոնության»,- ասում է մեր զրուցակիցը:
Նա խոսեց հերոսներից մեկի` Խալեդի մասին, որի տունը 5 անգամ տրակտորներով քանդել-հողին էին հավասարեցրել, պահանջել էին դուրս գալ, ստիպված այդ մարդը մտել էր ժայռերի մեջ ու այնտեղ էր ապրում, սակայն, ի վերջո, անգամ քարայրը քանդեցին, պատճառաբանելով, թե այդտեղ հնագիտական պեղումներ պետք է կատարվեն…
Սյուզան Խարդալյանը հավելում է, որ The Other Jerusalem-ը նկարելիս միշտ մտածում էր` արդյոք կուզենա՞ր, որ Հայաստանը դառնար այն պետությունը, ինչպիսին Իսրայելն է` իր վարած ապարտեիդի քաղաքականությամբ:

Ռեժիսորից տեղեկացանք, որ ֆիլմը, որի վրա 3 տարի աշխատել է, ֆինանսավորվել է խոշոր հեռուստակայանների կողմից, առաջիկայում ARTE-ն այն մի քանի լեզվով կցուցադրի Գերմանիայի ողջ տարածքում, Սկանդինավյան երկրներում, ԱՄՆ-ում եւս կազմակերպված է ֆիլմի տարածումը:

Սյուզան Խարդալյանը հավելեց, որ կցանկանար ֆիլմը ցուցադրվեր «Ոսկե ծիրանի» շրջանակներում, բայց ուշացել է հայտ ներկայացնելուց, քանի որ այն ժամանակ ֆիլմը դեռ պատրաստ չէր, բայց հույս ունի, որ գոնե իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ձեւաչափով ինչ-որ բան կկազմակերպվի:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

05.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Շնորհակալություն Առավոտին՝ պաղեստինյան թեմային և հետաքրքիր ֆիլմին անդրադառնալու համար; փոքր հոդվածում ես գտա բազմաթիվ օգտակար տեղեկություններ։ Շատ կարևոր է Պաղեստինի հարցի ընկալումն ու նրա մասին բարձրաձայնելը։ Պաղեստինում միայն արաբա-իսրայելական հակամարտություն չէ ընթանում, այնտեղ որոշվում է քրիստոնեության և իսլամի ճակատագիրը՝ հեռուն գնացող հետևանքներով։ Զարմանում ես, որ երբեմն գտնվում են մարդիկ, ովքեր համեմատում են Իսրայելն ու Հայաստանը, իբրև թե թշնամական շրջապատում գոյատևող պետություններ։ Դա շատ անկոռեկտ, մակերեսային և ինչու ոչ, նաև, խորամանկ մանևր է, պետք չէ դրան տրվել և հետևել։
    Շնորհակալություն Առավոտին ևս մեկ անգամ։

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Ձեզ շնորհակալություն, սիրելի Մարինա, որ մեր թերթի եւ կայքի ընթերցողն եք: Մեզ համար կարեւոր են ընթերցողների բոլոր արձագանքները, լինեն` դրական, թե բացասական: Մեր ընթերցողները մեզ մղում են միշտ բարձր պահել նշաձողը եւ երբեք չվազել էժան սենսացիաների հետեւից:
      Հարգանքով` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031