Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնավորյանի համար հոբելյանական տարում նրա հետ աշխատած տնօրենին շնորհվել է վիեննական ոսկի

Մայիս 06,2017 14:00

Իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը 80 տարեկան է։ Նրա անունը 1980-ականների վերջից սկսեց կապվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ որպես գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Գուցե այսօրվա երիտասարդ սերունդը չհավատա, որ Ճգնավորյանն անլույս տարիներին իսկապես բուռն գործունեություն էր ծավալել հայրենիքում կամ չտավատա, որ համերգներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում: Դա շատ լավ հիշում են եւ երաժիշտները, եւ հանդիսատեսը։

Երկրաշարժից հետո մաեստրոն թողնելով ԱՄՆ-ում իր անհոգ կյանքը, տեղափոխվեց Հայաստան եւ 1991թ. ոտքով քայլեց մինչեւ Գյումրի, երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպելու եւ մշակութային ակադեմիա ստեղծելու նպատակով։ Մաեստրոն ներդրում ունի նաեւ Հայաստանի անկախության ճանաչման գործում։ Նա այդ օրերին կազմակերպեց մեծ համերգ «Այո՛, Անկախությանը» խորագրով։ Անդրադառնալով երաժշտի «անհոգ կյանքին», նշենք նաեւ, որ նա 70-ականներին հանդիսացել է Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական արխիվի տնօրենը, օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը, ապա ապրել եւ ստեղծագործել Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում։ 1978թ. Լոնդոնում հիմնել է հայ երաժշտության ինստիտուտը եւ այլն։ Որպես կոմպոզիտոր Լ. Ճգնավորյանի արխիվում են հինգ օպերա, ռեքվիեմ եւ բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Մրցանակների պակաս էլ մաեստրոն չունի` «Մովսես Խորենացի» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի» մեդալ, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, Ավստրիայի նախագահի «Ոսկե» մեդալ եւ այլն։

Արդեն ավելի քան 15 տարի է, ինչ Ճգնավորյանը հաճախ չի այցելում հայրենիք։ 2016թ., երբ նա Երեւանում էր, «Առավոտը» հրավիրեց հարցազրույցի։ Առանց երկար-բարակ մտածելու՝ Ճգնավորյանն ասաց, թե ինքը վաղուց ոչինչ չունի ասելու։ Նման պատասխանը երաժշտական աշխարհին հարկ չկա բացատրել, բայց թերեւս երիտասարդներին հետաքրքրեր…

Օրերս հանդիպեցինք Լորիս Ճգնավորյանի օրոք Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռոբերտ Միրզոյանին, որը վերադարձել էր Վիեննայից։ Նրան Վիեննայի քաղաքային խորհուրդը շնորհել է «Պատվո ոսկե» շքանշան՝ Հայաստանի եւ Վիեննայի միջեւ մշակութային կապերի բազմազանեցման եւ զարգացման գործում ներդրում ունենալու համար։ «Կցանկանայի առանձնահատուկ նշել, թե ինչպիսի կարեւորություն էր տրված Վիեննայի քաղաքապետարանի կողմից շքանշանը հանձնելու արարողությանը։ Ներկա էին Վիեննայի մշակույթի փոխնախարարը, Վիեննայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահն ու գլխավոր քարտուղարը, Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, Ավստրիայում Հայաստանի դեսպանության պատասխանատու աշխատակիցներ, Վիեննայի Մխիթարյան միաբանության վանահայրը, մի քանի բարեգործական հայտնի կազմակերպությունների ղեկավարներ եւ այլն»,- հայտնեց պարոն Միրզոյանը։ Հավելեց նաեւ, որ սկսած 2000թ. իր եւ Վիեննայի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիեննայի աշխատանքային խմբի հետ իրականացվել են ավելի քան երեք տասնյակ համատեղ միջոցառումներ, ինչը սկսվեց այն բանից հետո, երբ 2000 թ. հունիսին Ճգնավորյանի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվեց «Վիեննական երաժշտության փառատոն», որին հրավիրված էին ավստրիացի բարձրակարգ երաժիշտներ, որպես պատվավոր հյուր՝ քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ, դոկտոր Բեռնհարդ Դենչերը՝ կնոջ, ճանաչված լրագրող Բարբարա Դենչերի հետ։

Կես կատակ-կես լուրջ հարցին՝ ասում են Միրզոյանի համար վաղուց հոբբի է դարձել շքանշաններ ու մեդալներ ստանալը, մեր զրուցակիցն էլ ժպիտով պատասխանեց. «Հավանաբար նկատի ունեն այն, թե վանեցիները շատ են սիրել ոսկի… Իմ երակներում հոսում է վանեցի ծնողներիս արյունը, ինչի համար ես հպարտ եմ։ Կարճ ասած՝ այցելեք Հայաստանի պատմության թանգարան եւ թերթեք «Հայկական հարց» աշխատությունը, որտեղ կգտնեք Վանի իմ հայրական տան լուսանկարը՝ որպես կարեւոր դիրքերից մեկը Վանի հերոսական ինքնապաշտպանության ժամանակ։ Հենց այդ տան շնորհիվ էր, որ եղեռնից հետո շուրջ 200 հազար հայ տեղափոխվեց Արեւելյան Հայաստան։ Այո՛, նման թվով գենոֆոնդ փրկելը վանեցիների համար կարեւոր նշանակություն է ունեցել»։ Անդրադառնալով իր պարգեւների թվին, պարոն Միրզոյանը նշեց միայն, որ դրանք երկուսն են՝ տեխնիկայի գծով Հայաստանի պետական մրցանակը եւ «Վասպուրական» հայրենակցական միության «Ոսկե» մեդալը։

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

05.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031