Լրահոս
Օրվա լրահոսը

67 կոպեկ ջինս սպառողների սերունդ

Մայիս 06,2017 13:30

Վերջերս Թբիլիսիում հանդիպեցի հին խորհրդային կոփվածության մտավորականներից մեկին: Ավանդական վրացական հյուրասիրության ժամանակ կենացների շարքում խմեցի Դաթո Թուրաշվիլիի կենացը, ում գրական ճանաչվածությունը ինձ հիացրել է: Զրուցակիցս ամենեւին չուրախացավ իմ կենացից, հակառակը՝ մտահոգվեց ու բաժակը դնելով սեղանին՝ քաղաքավարի ժպտաց, բայց չխմեց գինին: Իհարկե, նա փորձեց դա անել հնարավորինս աննկատ, սակայն իմ աչքից չվրիպեց: Ավելի ուշ, թուրքական բաղնիքների թաղամասում երեկոյան զբոսանքի ժամանակ հարմար պահ բռնացնելով՝ փորձեցի հասկանալ այդ տարօրինակ պահվածքի պատճառը:

-Ահավոր պատմություն է, վստա՞հ ես, որ ուզում ես լսել,- վերջին անգամ հարցրեց զրուցակիցս ու դրական պատասխան ստանալով՝ սկսեց խոսել: -Ի հեճուկս ընդունված կարծիքի, ԽՍՀՄ ժամանակաշրջանում ոչ միայն կար սեքս, այլ նաեւ ահաբեկչություն, ինքնաթիռների առեւանգում, պատանդառություն եւ աշխարհը միավորող այլ երեւույթներ: 1954-ից 1989 թվականները ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել ինքնաթիռի առեւանգման ընդհանուր առմամբ 57 փորձ:

-Ինչի՞ց սկսվեց…

-1983 թվականի նոյեմբերի 18-ին Թբիլիսիի օդանավակայանից Բաթում մեկնող ինքնաթիռը առեւանգվեց 7 հոգանոց ահաբեկիչների խմբի կողմից: Նրանք ոգեւորված էին 1970 թվականին նույն չվերթի ինքնաթիռն առեւանգած հայր եւ որդի Բրազինսկասների հաջողությունով: Բրազինսկասներին հաջողվեց ինքնաթիռը փախցնել Թուրքիա, այնտեղից խուսափելով ԽՍՀՄ արտահանձնումից՝ ի վերջո հասնել ԱՄՆ: Ջինսի սերունդի ահաբեկիչները չէին կարող իմանալ, որ իրենց հերոս ազատասեր Բրազինսկաս ավագին 30 տարի անց՝ 2002 թվականին ազատ ԱՄՆ-ում կսպանի որդի Բրազինսկասը:
Ջինսով երիտասարդները հավաքվում էին իրենց ընկերոջ բնակարանում, որտեղ կրակել էին սովորում եւ դիտում էին «Նաբաթ» ուսումնական ֆիլմը ինքնաթիռի առեւանգման մասին: Այդ երիտասարդները արվեստի եւ գիտության մարդիկ էին՝ բժիշկ, դերասան, նկարիչ…

Սահմանված օրը՝ նոյեմբերի 18-ին, նրանցից երկուսը՝ Գեղարվեստի ակադեմիայի 19-ամյա ուսանողուհի Թինատի Պատվիաշվիլին եւ դերասան Գերման Կոբախիձեն իբր ամուսնանում են եւ մեկնում են հարսանեկան ճամփորդության դեպի Բաթում: Իրականում հարսանեկան ճամփորդության պատրվակով զենքեր են անցկացնում ինքնաթիռ: Իրենց հաշվարկով, երբ ինքնաթիռը ամենամոտն էր գտնվում թուրքական սահմանին, միանգամից սկսում են սպանել իրենց կարծիքով կասկածելի ուղեւորներին, բոլոր նրանց, ում արտաքինից ենթադրում են, որ կարող է ոստիկան լինել, սակայն իրականում ոստիկանության հետ որեւէ կապ չունեցող մարդկանց: Բորտուղեկցորդուհուն պատանդ վերցնելով՝ ինքնաթիռը շտուրման Վլադիմիր Գասոյանի ջանքերով վերադառնում է Թբիլիսի, որտեղ ԿԳԲ-ի Ալֆան 8 րոպե տեւողությամբ գրոհով առանց որեւէ զոհի վնասազերծում է ահաբեկիչներին: Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 7 զոհ, 12 վիրավոր:

– Հասարակական արձագանքը…

-Զարմանալիորեն տարբեր էր: Ի զարմանս իշխանությունների, Թբիլիսիում այդ օրերին շատերն էին համակրում ինքնաթիռը առեւանգող երիտասարդներին: Նրանց սկսեցին համարել սովետական ռեժիմի դեմ ընդվզած խիզախներ: Մտավորականության անունից նամակներ էին գնում կենտկոմ՝ նրանց ներում շնորհելու պահանջներով: Այդ նամակներում մարդիկ սպառնում էին համատարած բողոքի ալիք բարձրացնել: Նույնիսկ ստորագրահավաք էին իրականացնում:
Զրուցակիցս այս խոսքի վրա ինչ-որ բան հիշելով՝ մտահոգվեց ու ծխախոտ վառեց:

-Ես էլ, որպես այդ ժամանակի առաջադեմ մտավորականության ներկայացուցիչ, միացա այդ ստորագրահավաքին: Ինձ թվում էր՝ դրանք լուսավոր ու պայծառ երիտասարդներ էին ու նրանց արարքը կուտակված բողոքի պայթյունն էր:

Ինչեւէ, երբ նման խոսակցությունները վտանգավոր ծավալ ստացան, Շեւարդնաձեի հրամանով նկարահանվեց ու ցուցադրվեց վավերագրական ֆիլմ այդ դեպքերի եւ հետագա դատավարության մասին: Ցուցադրվեցին հատվածներ ջինսերի դատական հայտարարություններից: Ողջ Թբիլիսին ցնցվեց իրականության հետ առերեսումից: Դատարանում պարզ դարձավ, որ որեւէ ռոմանտիզմ ի սկզբանե չկար: Նրանք հանգիստ կարող էին տուրիստական վիզայով մեկնել արտասահման եւ լքել ՍՍՀՄ-ը, սակայն նրանք փառք էին տենչում: Նրանց հենց այնպես Արեւմուտքը պետք չէր, նրանք ցանկանում էին Արեւմուտքում լինել դիսիդենտներ, քաղաքական հալածյալներ, հերոսներ… Այդ մարդիկ իրենց փառքի ճանապարհին զոհեցին իրենց ու էլի մարդկանց: Ֆիլմի ցուցադրումից հետո հանդիպեցի զոհված ուղեւորներից մեկի հարազատների հետ: Դա սարսափելի փորձություն էր: Մարդիկ իրենց վշտի մեջ թաղված էին: Իսկույն զանգեցի ստորագրահավաքի կազմակերպիչներին եւ հետ վերցրեցի ստորագրությունս: Դատավարությունն արդար էր: Հերոսներ չկային, նրանք հանցագործներ էին եւ պետք է պատժվեին:

Ընդհանուր առմամբ՝ այս դեպքը շատ քաղաքականացվեց: Արեւմուտքը հնարավոր բոլոր դիվիդենդները փորձեց քաղել, փորձելով ներկայացնել, թե ինչ վատ է ՍՍՀՄ-ում, որ մարդիկ կյանքի գնով փախչում են այնտեղից: Թուրաշվիլիի գիրքը այս դեպքերի մասին է եւ նրանց հերոսացում այդ սերիայից է: Նույնիսկ ՍՍՀՄ փլուզումից տարիներ անց ՍՍՀՄ ուրվականը հանգիստ չի տալիս Արեւմուտքին այն աստիճան, որ պատրաստ են փառաբանել ահաբեկչությունը: Հիմա, արդեն երբ տարիքս առել եմ, հասկանում եմ, որ ցանկացած ահաբեկչության հետեւում կա մի գեղեցիկ ու ռոմանտիկ պատմություն, սակայն դա երբեք չի արդարացնում անմեղ արյունը:

– Պատիժները…

-Բոլորին, բացի Թինատիից, մահապատիժ տվեցին: Աղջկան պատժեցին 14 տարի ազատազրկմամբ, 8 տարի անց՝ 1991-ին, երբ ՍՍՀՄ-ը քանդվել էր եւ հակասովետականությունը իր գագաթնակետին էր հասել, նախագահ Գամսախուրդիան ներում շնորհեց Թինատիին:
-Ասացիք ահաբեկչության զոհերը ավելի քան 7-ն էին: Հստակ թիվը երեւի չե՞ք հիշում:
-Իհարկե, հիշում եմ, դա մոռանալ չի լինի: Ես ինչ-որ առումով ինձ մասնակից եմ զգում այդ արյունահեղությանը իմ անմիտ ստորագրության պատճառով: Զոհերը 7 հոգի էին, սակայն քչերը գիտեին, որ Թինատին հղի էր ու չծնված երեխան եւս զոհ գնաց մոր փառասիրությանն ու ջինսային երազանքներին… Այսպիսով՝ ավելի քան 7 զոհ: Իսկ գիտես ամենասարսափելին ո՞րն էր…

-Ո՞րը…

-1984 թվականի հոկտեմբերին մահապատիժն ի կատար ածվեց ու կարճ ժամանակ անց դատապարտյալների ծնողներին արդարադատության նախարարությունից եկավ գրություն, որով հայտնում էին, որ ծնողների աշխատավարձերից պահվել էր 67-ական կոպեկ: Դա այն փամփուշտի գումարն էր, որով իրականացրել էին իրենց հանցագործ զավակների մահապատիժը: Այդ նամակը սովետական արդարադատության մի մասն էր:
Զրուցակցիս խնդրանքով չեմ ներկայացնում նրա անունը…

 

ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆ

«Առավոտ»

05.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031