Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկարակիր ռեժիսորը 5000 դոլարի մարտահրավերի կոչ է արել հայ կինոստեղծողներին

Մայիս 06,2017 13:00

Մայիսի 2-ին՝ UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում, «Խոստումը» եւ «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը 5.000 ԱՄՆ դոլար պարգեւատրումով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյանում եւ առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարեւոր որեւէ պատմություն: «Իմ կարծիքով՝ կինոն աղետն առերեսելու եւ խիղճը բացահայտելու հզորագույն միջոցն է: Միջոցը՝ ինքը, պայքար է լույսի ու ստվերի միջեւ»,- ասում է հեղինակավոր ռեժիսորը սոցիալական լրատվամիջոցներում տեղ գտած տեսանյութում: Մարտահրավերով մեկնարկեց Creative Armenia մշակութային նոր կազմակերպությունը։ Միջոցառումը համատեղորեն հյուրընկալվում էր Թերի Շվարցի (UCLA համալսարանի՝ Թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության մասնաճյուղի դեկան) եւ դոկտոր Էրիկ Էսրաիլյանի («Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, «Creative Armenia»- ի խորհրդատվական հարթակի անդամ) կողմից։ «Նմանօրինակ նախաձեռնություն ունենալը, որը հառնում է մեր պատմության մութ գլուխներից՝ շարժվելով դեպի լույսը, աննախադեպ է»,-ասել է Էրիկ Էսրաիլյանը։

«Անհամբերությամբ սպասելու ենք Creative Armenia-ի գործունեությանը, քանզի կազմակերպությունն առաջատար մշակութային դեր է խաղում մարդու իրավունքների, ժամանցի եւ ստեղծարար տեխնոլոգիաների խաչմերուկում»,- հավելել է դեկան Շվարցը։
Միջոցառմանը ներկա էին նաեւ Creative Armenia-ի Խորհրդատվական հարթակի անդամներ Սերժ Թանկյանը (Գրեմիի մրցանակակիր երաժիշտ) եւ Կառլա Կարապետյանը (սոցիալական ազդեցության կինոռեժիսոր), ինչպես նաեւ Մարդու իրավունքների՝ «Խոստումը» ինստիտուտի, USC համալսարանի «Շոահ» հիմնադրամի, Jewish World Watch-ի, Մարդու իրավունքների՝ Մգրուբլյան կենտրոնի, Հայկական բար ասոցիացիայի, «Ավրորա» մրցանակաբաշխության, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, UCLA համալսարանի՝ Սոցիալական ազդեցության «Սքոլ» կենտրոնի ղեկավարությունները եւ UCLA համալսարանի՝ Ժամանակակից հայոց պատմության դեկան Ռիչարդ Հովհաննիսյանը։

«Մենք մի նոր մշակութային կոալիցիայի ակունքներում ենք,- նշել է Կարին Հովհաննիսյանը՝ Creative Armenia-ի հիմնադիրը,- ու մենք հպարտ ենք՝ միասին կերտելու մի դինամիկ մշակութային ենթակառույց, որը կբացահայտի տաղանդավոր արվեստագետների ու հնարավորություններ կստեղծի ազդեցիկ պատմություններ ստեղծելու համար այս թվային դարաշրջանում»։

«Գյուլբենկյան» հիմնադրամի, The Promise-ի եւ անհայտ մի բարերարի հետ համագործակցության արդյունքում մեկնարկած Creative Armenia-ն արտացոլում է hայ համայնքի՝ մարդու իրավունքների եւ ժամանցի բնագավառում աճող հետաքրքրությունը: «Խոստումը» ֆիլմը, որը վերջին շաբաթներին Հայոց ցեղասպանության մասին պատմությունը վերհանեց մեծ էկրաններին, իսկական փոթորիկ առաջացրեց կադրից դուրս գտնվող՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մշակութային գործիչների շրջանում՝ ներառյալ UCLA համալսարանում 20 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումով «Խոստումը»՝ մարդու իրավունքների ինստիտուտի հիմնումը: Ֆիլմի ողջ շահույթը կփոխանցվի բարեգործությանը: Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնված Լոս Անջելեսում եւ Երեւանում: Կազմակերպության առցանց տիրույթը հանդիսանում է գործունեության վայր՝ իր մասնակիցներով, վիդեոարտադրանքով, ամսագրով եւ ապագա մարտահրավերներով՝ երաժշտության, գրականության, նոր մեդիայի եւ սոցիալական ազդեցության արվեստների բնագավառներում։

 

Սեփ. լր.

«Առավոտ»

05.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031