sut.am. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մայիսի 2-ին հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն ԵՄ-ից տարբերվում է անդամ երկրների հավասարությամբ: «Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ներկայացված է 2 նախարարով, ինչպես ԵԱՏՄ անդամ բոլոր երակները: Բոլոր անդամ երկրներն ունեն հավասար ձայներ: Ավելին, մեր երկրները Միությունում որոշումների կայացման հարցում ունեն քվեի իրավունք: Այն նշանակում է, որ մենք գործ ունենք հավասար իրավունքներ ունեցող անդամներով Միության հետ: Սա սկզբունքայնորեն կարևոր հանգամանք է, ինչով էլ ԵԱՏՄ-ն տարբերվում է ԵՄ-ից», – նշել էր ՀՀ նախկին վարչապետը:
Որպեսզի հասկանանք երկու միությունների «սկզբունքային տարբերությունը» ըստ Սարգսյանի եկեք քննարկենք, թե ինչպես են որոշումներ կայացվում այս երկու միություններում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում որոշումները կայացվում են բոլոր հինգ երկրների նախագահների կողմից` կոնսենսուսով: Սակայն, նույնը կարելի է ասել նաև ԵՄ անդամ երկրների նախագահներից կազմված Եվրոպական խորհրդի մասին՝ այստեղ ևս ներկայացված են բոլոր անդամ երկրների ղեկավարները և կարևոր որոշումները կայացվում են կոնսենսուսով: Որոշ երկրորդական կարևորության հարցերի դեպքում այս մարմնում կարող են ձայների մեծամասնությամբ կայացվել որոշումներ, սակայն այդ հարցերը սահմանափակ են և ունեն երկրորդական նշանակություն:
Կարևորությամբ երկրորդ ԵՄ մարմինը՝ Եվրամիության խորհուրդը ևս կազմված է բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչներից հավասար թվով և հավասարապես քվեարկելու իրավունքով: Թեև, այս մարմնում որոշումները կայացվում են բացարձակ մեծամասնությամբ, սակայն կան հատուկ մշակված մեխանիզմներ անդամ երկրների հավասարությունը ապահովելու համար: Կա այսպես կոչված որակավորված մեծամասնության քվեարկություն, որը հնարավորություն է տալիս փոքր անդամ պետություններին միավորվել ու դեմ հանդես գալ մեծ անդամ պետությունների որոշումներին՝ փաստացի ապահովելով հավասարություն:
Միևնույն ժամանակ ԵՄ-ն չունի անդամ երկիր, որը կարող է ունենալ միանձնյա ճնշում մյուս անդամ երկրների վրա, ինչպես, օրինակ, ՌԴ-ն ԵԱՏՄ-ում: Եթե համեմատենք Գերմանիան, որը ԵՄ առաջատարն է, ապա նա չի կարող միանձնյա որոշումներ պարտադրել մյուս ԵՄ անդամներին, քանի որ կա, օրինակ, Ֆրանսիան, որի գոյությունը միությունում հավասարակշռություն է ստեղծում:
Կարդացեք նաև
Բացի այդ ԵՄ անդամ դառնալու համար պետությունները տարիներով ռեֆորմներ են կատարում, ստորագրում պայմանագրեր, անցկացնում անդամակցության ցանկության մասին հանրաքվեներ և ինքնակամ որոշում միանալ Եվրամիությանը թե ոչ: Ցանկության դեպքում նրանք անգամ կարող են լքել միությունը, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիան: Նույնը չի կարելի ասել ԵԱՏՄ մասին: ԵԱՏՄ անդամակցությունը առնվազն Հայաստանի դեպքում Մոսկվայից պարտադրված քայլ էր, այլ ոչ թե ինքնակամ որոշում՝ արագ ընդունված, և նախապես հանրության հետ չքննարկված:
Հետևաբար, Տիգրան Սարգսյանի հնչեցրած սկզբունքային տարբերությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև չի համապատասխանում իրականությանը։ Անգամ ավելին, հարց է, թե ԵԱՏՄ ղեկավար մարմիններում անդամ երկրներից հավասար ներկայացուցիչների թիվն ու քվեարկելու իրավունքն ինչքանով է հավասարություն ապահովում: Թղթի վրա գրված հավասարությունը իրական կյանքում դեռևս հավասարություն չի նշանակում: