Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է «Չապ» ՍՊԸ-ի, կամ որ նույնն է` ԳԱԼԱ հեռուստաընկերության հայցերից մեկն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ ԳԱԼԱ հեռուստաընկերության փաստաբան Կարեն Թումանյանը Aravot.am-ին ասաց․ «Մենք Եվրոպական դատարան ներկայացրել էինք Հայաստանի Հանրապետության դեմ դիմում, որպեսզի ճանաչի իրավունքի խախտումը, որը տեղի է ունեցել «Չապ» ընկերության, նույն է թե` ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ։ Դուք հիշում եք գործի հանգամանքները, քանի որ ակտիվ լուսաբանում էիք յուրաքանչյուր նիստ․ խոսքը վերաբերում է վարչական դատարանում վարչական ակտի վիճարկմանը, երբ որ ԳԱԼԱ հեռուստաընկերության նկատմամբ կազմվելու էր վարչական ակտ՝ ավելի քանի 25 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ ավելացնելով։ Մեր դատարանները գտան, որ ակտը օրինական է, մենք դիմեցինք Եվրոպական դատարան՝ խնդրելով, որ ճանաչի իրավունքի խախտումն այն մասով, որ ներպետական ատյաններում՝ Հայաստանի դատարաններում գործը չի քննվել արդարության պահանջների պահպանմամբ։ Իրավունքի մասով Եվրոպական դատարանն ամբողջությամբ է բավարարել, նյութական վնասի հատուցմանը չի անդրադարձել, իսկ բարոյական վնասը՝ 2 400 եվրոյի չափով, նաև դատական ծախսերը՝ 1 500 եվրոյի չափով փոխհատուցել է։ Մնացած մասով նոր հանգամանքի ուժով նորից մեր պետական ատյաններում պիտի քննվի գործը»։
Հիշեցնենք, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտնվեց իշխանությունների տեսադաշտում 2008 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ, երբ, չենթարկվելով ոչ մի հրահանգի, եթեր տրամադրեց ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Սա պատճառ դարձավ, որպեսզի հեռուստաընկերությունը հայտնվի իշխանությունների տարաբնույթ հալածանքների ներքո․ մի օրվա մեջ ահաբեկեցին ու փախցրեցին լրատվամիջոցի բոլոր գովազդատուներին, ձեռքից խլեցին հեռուստաշտարակը, իսկ հարկայինը գործ սարքեց լրատվամիջոցի գլխին՝ մոտ 26 միլիոն դրամի չափով տուգանքի ենթարկելով, իբրև թե հարկային պարտականությունները չկատարելու համար։ Հետաքրքիրն այն է, որ գյումրեցիները փրկեցին իրենց հեռուստաընկերությունը փակվելուց։ Այդ նույն տուգանք գրողները գաղտնի մասնակցեցին այն դրամահավաքին, որը կազմակերպվել էր ԳԱԼԱ-ի գլխին սարքած պարտքը մուծելու ու հեռուստաընկերությունը եթերազրկվելուց փրկելու նպատակով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն Թումանյանի ֆեյսբուքյան էջից
Կարդացեք նաև