Երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով վարորդը ձերբակալվել է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մայիսի 4-ին` առավոտյան, ավտովթար է տեղի ունեցել Որոտան գյուղի մոտ, որի հետևանքով մահացել են քույր ու եղբայր՝ Դավիթ (ծնված՝ 22.10.1996թ ) և Աստղիկ (ծնված 04.05.1998թ) Մկրտչյանները։
Նախնական տվյալներով՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Ա.Միրզոյանը՝ «Տոյոտա պրադո 4.5L » մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ գտնվել են Դավիթ և Աստղիկ Մկրտչյանները, Սյունիքի մարզի Որոտան գյուղից երթևեկել է Գորիս քաղաքի ուղղությամբ։
Նույն գյուղի վերջնամասում գտնվող կամրջին չհասած՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և 40.8 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա։ Ստացած մարմնական վնասվածքներից ուղևորները՝ Դավիթ և Աստղիկ Մկրտչյանները, տեղում մահացել են, իսկ վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարորդը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե