Նաիրա Զոհրաբյանի կարճ անդրադարձը «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակին
– Տիկին Զոհրաբյան, երեկվանից մամուլը քննարկում է «Ծառուկյան» դաշինքի շուրջ տեղի ունեցող գործընթացները եւ ԿԸՀ նիստը, երբ դաշինքի 12 անդամ հրաժարվեց ինքնաբացարկից։ Ի՞նչ է տեղի ունենում «Ծառուկյան» դաշինքում։
– Գիտեք, ես հետեւում եմ մամուլի տարբեր վերլուծություններին, գնահատականներին եւ նաեւ որոշ գիտաֆանտաստիկ վարկածների եւ տպավորությունս այն է, որ մեր երկրում քաղաքական ֆանտաստիկայով զբաղվողների լուրջ ներուժ է կորչում։
Ձեր հարցին այս պահին կպատասխանեմ կարճ. մարդիկ, ում դուք նկատի ունեք՝ նրանք բոլորը մեր գործընկերներն են, մեզ հետ երկար ճանապարհ անցած մարդիկ են։ Մնացածը մեր ներկուսակցական խնդիրներն են, եւ վստահ եղեք, դրանք բոլորը լուծելի են։
Կարդացեք նաև
– Այդուհանդերձ, ինքնաբացարկների տակ իրո՞ք իրենց ստորագրություններ են եղել եւ իրենք են ստորագրել։
– Միանշանակ՝ այո։ Եվ իրավապահ մարմինները կարող են հարուցել քրեական գործ, ու այդ դեպքում պատասխան պետք է տան կա՛մ կեղծիք անողները, եթե այդպիսիք եղել են, կա՛մ նրանք, ովքեր սուտ մատնություն են արել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ