Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի պարագայում կարծես թե փոքր-ինչ «պերեբոռ» ստացվեց». Վիգեն Հակոբյան

Մայիս 04,2017 17:46

«Ծառուկյան» դաշինքում կատարվածից հետո Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով` ստեղծվել է «բրուտոսյան դաշինք»: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Արշակյանը «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմում «ներկայացրած» պատգամավորների առիթով ասաց. «Եթե դա Ծառուկյանի խնդրանքով կամ պահանջով չէ, դա դասալքություն դավաճանություն, բրուտոսություն է: Ցավոք, Հայաստանում բրուտոսականությունը լուրջ շարժում է դարձել»:

Ըստ Ազատ Արշակյանի` այդ անձինք խուսափեցին իշխանության հաշվեհարդարից: Ազատ Արշակյանի կարծիքով` այս ամենի պատճառն այն էր, որ «Ծառուկյան» դաշինքը սպասվածից ավելի ուժեղ դարձավ: Նա այսպիսի սցենար է հավանական համարում. «Ծառուկյան» դաշինքը հիմա չափազանց ուժեղ է: Ով կազմել է այդ սցենարը, տեսել է, որ նա ուժեղանում է: Իսկ ԵՏՄ-ում չկա իշխանության տարանջատում, մեկ հոգի պետք է որոշում կայացնի: Եվրասիական Հայաստանում, եթե «Ծառուկյան» դաշինքը շատ ուժեղ է, նշանակում է, որ երկրորդ որոշում կայացնողը կա»:

Ազատ Արշակյանը կասկածներ ունի, որ իշխանության մատն այս սկանդալում խառն է. «Հայաստանում չի կարող որևէ բան լինել առանց իշխանության մատի կամ մատնության: Թե չէ ինչո՞ւ հենց այնպես ծանր պիտակ պետք է իրենց վրա վերցնեին այդ գործիչները: Պայմանավորվածություն խախտելը նրանց արժեհամակարգի մարդկանց համար հանցագործություն է: Ուրեմն նրանք լուրջ պատճառ են ունեցել այդ քայլին գնալու. այդպիսով հաշվեհարդարից խուսափեցին: Մեզ մոտ հաշվեհարդարի մոնոպոլիա էլ կա»:

Հարցին` «Ծառուկյան» դաշինքի այդ ութ պատգամավորները որտե՞ղ կհայտնվեն, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Տարբերակ է, որ մի մասը լեզու կգտնի Ծառուկյանի հետ և կմտնի մայր կուսակցության ցուցակի մեջ, քանի որ ՀՀ-ում ոչ մի բան սկզբունքային չէ: Տեսել ենք, որ շատ ավելի լուրջ քաղաքական ու անձնական խնդիրներ են ջրվել ու գնացել»:

Սակայն Վիգեն Հակոբյանն այս պահի դրությամբ ավելի հավանական է համարվում այն, որ մանդատ ստանալուց հետո նրանք կլքեն այդ խմբակցությունը և կլինեն անկախ պատգամավորի կարգավիճակում: Քաղտեխնոլոգը պարզաբանեց, որ ի տարբերություն հին Սահմանադրության, նոր Սահմանադրությամբ հնարավոր չէ նոր խմբակցություն ստեղծել. «Եթե ութն էլ դուրս են գալիս, դառնում անկախ պատգամավորներ, ապա իրականում փոխհամաձայնեցված էլ կարող են գործել:

Ի վերջո, ենթադրվում էր, որ խորհրդարանի` ոչ իշխանական սեգմենտի ձևավորման գործում իշխանությունը շահագրգռված պիտի լինի, որ իր համար կոմֆորտային կոնֆիգուրացիա ձևավորվի. ունենա այնպիսի ոչ ընդդիմադիր սեգմենտ, որտեղ կլինեն մի շարք ոչ իշխանական կուսակցություններ, որոնք թեպետ ներկայացված կլինեն խորհրդարանում, բայց մեծ խմբակցություն չեն ունենա: «Ծառուկյան» դաշինքի պարագայում կարծես թե փոքր-ինչ «պերեբոռ» ստացվեց: Հիմա այս ութ հոգին, եթե իրականում դուրս գան, այդ մոզայիկ տիպի ոչ ընդդիմադիր սեգմենտի կառուցման գործը կարծես ստացվում է»:

Վիգեն Հակոբյանը գրեթե համոզված է, որ այդ անձանց «թև տվողներ կան», քանի որ այդ տասներկու հոգին առնվազն, որոնք դիմել էին իրենց մանդատը ստանալու դիմումով, ոչ բոլորն էին նախկինում նման քաջություն ունեցել:

Ազատ Արշակյանի կարծիքով` այդ անձինք օգտագործել են «Ծառուկյան» դաշինքը. «Ոչ թե նրանք են դաշինքին ձայներ բերել, այլ Ծառուկյան ազգանունն արդեն իսկ ձայներ բերող է: «Ծառուկյան» դաշինքն օգտագործված ու լքված սիրուհի է»:

Դառնալով Երևանի ավագանու ընտրություններին և այն հարցին` արդյոք իրար չե՞ն խանգարում «Ելքն» ու «Երկիր Ծիրանին», պարոն Հակոբյանը պատասխանեց. «Պարզ է, որ ինչ-որ չափով իրար խանգարում են: «Ելքի» համար ավագանու ընտրությունները հաջողված ընտրությունների երկրորդ ռաունդն է: Նրանք կարողացան ստանալ գլխավոր ընդդիմադիրի կարգավիճակը: Իսկ «Երկիր Ծիրանին» ավելի շուտ շնորհանդեսային նպատակ ունի: Բնական է, որ նոր ստեղծված ուժի համար ամենալավ առիթն է, որ կուսակցության բրենդը ճանաչելի դառնա: Առավել ևս, ինչ տոկոս էլ վերցնի քաղաքական ուժը ներկայացված է լինելու ավագանու կազմում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031