Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական ռեկտոր. «Ինֆորմատորդ կիսագրագետ է»

Մայիս 04,2017 17:29

Շիրակի պետական համալսարանում մասսայական կրճատումներ են սկսվել պրոֆեսորադասախոսական կազմից մինչեւ գործավարուհիներ: Aravot.am-ի տեղեկություններով, այժմ բուհում տառացիորեն խառնաշփոթ է սկսվել, առաջիկայում քննություններ են սկսվելու,սակայն նույնիսկ հայտնի չեն ոչ նախագահները, ոչ հանձնաժողովների կազմը:

Ըստ մեր աղբյուրի, դադարեցվել են դեկանների, ամբիոնների վարիչների լիազորությունները, եւ ծանուցագրերը պատրաստվում են նորանշանակ ՀՀԿ-ական ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի քրոջ իրավաբան որդու ձեռքով:

Aravot.am-ին հասած տեղեկություններով, թեեւ ռեկտորը խոսում է ֆինանսների սղությունից, սակայն բուհում բարձր են վճարվում իր յուրայինները, օրինակ` Սահակ Մինասյանի օգնականը 350000 դրամ է ստանում, գործավարուհին` 200000, հաշվապահը` 350000, իսկ իր աշխատավարձը 700000 դրամ է, մինչդեռ նախկին ռեկտորի օրոք այդ աշխատավարձերը մի քանի անգամ պակաս են եղել:

Aravot.am-ը հեռախոսով կապվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հետ` համապատասխան մեկնաբանություններ ստանալու համար: Նրան հունից հանեց կադրային ջարդի վերաբերյալ մեր հարցը: «Եթե էդքան բան գիտեք, էլ ինչի՞ եք հարցնում, ո՞վ է ձեզ տվել այդ տեղեկատվությունը…»,-զայրացավ նա: Ապա ասաց. «Ինֆորմատորդ կիսագրագետ է…»:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը պատճառաբանեց, որ իրենց բուհում կառուցվածքային փոփոխություններ են կատարվում, ինչը պայմանավորված է ոչ միայն բուհի արդյունավետության բարձրացմամբ, այլեւ առանձին ստորաբաժանումների, բաժինների, աշխատանքային համակազմերի անհրաժեշտ վերախմբավորումներով. «Մի ֆակուլտետի օրինակով ասեմ, որ այնտեղ ընդամենը 210 ուսանող կա, ուստի բնականաբար ֆակուլտետների վերամիավորումն անխուսափելի է: Դրանով պայմանավորված կա համապատասխան օրենսդրական կարգով որոշում, որը հավանության է արժանացել նախ եւ առաջ գիտական խորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի կողմից: Կրճատումների, մասնավորապես ընտրովի պաշտոնների դեպքում, կամայական ոչ մի բան չի արվելու, եթե ֆակուլտետը կամ ամբիոնը միավորվում է, ապա նոր ղեկավարը ենթակա է ընտրության»,-ասաց Սահակ Մինասյանը ու շեշտեց, թե իրենց բուհում չկա անհանգստանալու պատճառ:

Մինչդեռ համալսարանում շատերը համոզված են, որ վերամիավորումների նպատակը նորանշանակ ռեկտորի յուրայիններին տեղավորելն է: «Մնացած մասնագետ-դասախոսները աշխատանքի են անցել այլ ֆակուլտետներում, այլ ամբիոններում, արդեն համաձայնագրեր են ստորագրվում»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը:

Aravaot.am-ի հարցին` ճի՞շտ է, որ աշխատավարձերն էլ են 20 տոկոսով կրճատվելու, ռեկտորը պատասխանեց, թե այդ լուրն իրականությանը չի համապատասխանում:

Ինչ վերաբերում է յուրայինների ավելի բարձր վճարվելուն, Սահակ Մինասյանն այսպես պատասխանեց. «Համալսարանի բոլոր աշխատակիցներն իմ գործընկերներն են, յուրայիններ եւ ոչ յուրայիններ չունեմ: Աշխատաժամով պայմանավորված` անձը կարող է ստանալ ավելին…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ֆեդուն says:

    Իմ ընդունվելուս ժամանակ 5000 դոլար ենք տվել:

  2. Արտուշ says:

    Ուսանողների թվաքանակը պատճառ չէ ֆալուտետներ և ամբիոններ միավորելու համար: Լուրջ կառավարիչը կփորձեր ֆիզմաթ և բնագիտաաշխարհագրական ֆակուլտետներում ուսանողական համակազմը համալրել, այդ ֆակուլտետներում ավելացնել անվճար սովորողների քանակը: Դիմորդներ ներգրավելու քաղաքականություն է պետք, ոչ թե պետական քննությունների նախաշեմին հեղափոխական մեթոդներով ավերել բուհը: Մանկավարժության և մյուս ֆակուլտետներում ուսանողների քանակը շատ ավելին է, դրանք ինչու եք միավորում, պարոն ռեկտոր: Հայաստանի բոլոր բուհերում էլ ուսանողների խնդիր կա. նույնը խնդիրներն առկա են Վանաձորի, Գորիսի, Գավառի պետական համալսարաններում, Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանում: Ուսանողների թվաքանակի հետ կապված խնդիրներ ունի նաև ԵՊՀ: Ոչ մի բուհի ռեկտոր ձեզ նման հապճեպ որոշումներ չի կայացնում ու կատարում: Ձեր գիտական խորհուրդը, առավել ևս հոգաբարձուների խորհուրդը անգո մարմիններ են: Ձեր քրոջ որդին ինչու պետք է ձեր անձի շնորհիվ միանգամից բաժնի վարիչ դառնա, երբ համալսարանի համար ոչինչ չի արել: Միայն ծանուցագրերի անգրագետ բովանդակությունն է շարադրում: Ձեր օգնականը, խորհրդականը, գրասենյակի պետը շատ բարձր աշխատավարձ են ստանում ձեր շնորհիվ: Աղքատ քաղաքում գործազուրկների քանակն եք ավելացնում, կրթության որակը ամբողջությամբ ընկել է, մթնոլորտ չկա, սրում եք միջանձնային հարաբերությունները… Ամեն դեպքում միշտ էլ անպատիժ եք մնացել, որովհետև ձեր ասելով հանրապետության բոլոր նախագահների հովանավորյալն եք եղել տասնամյակներ շարունակ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031