Լրահոս
Օրվա լրահոսը

Մասսայական վազքարշավ՝ «Հանուն հաղթանակի եւ խաղաղության»

Մայիս 04,2017 16:42

Մայիսի 7-ին «Հաղթանակ» զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից տարբեր սեռերի եւ տարիքային խմբերի վազքի շուրջ 700 սիրահարներ վազքարշավով կհաղթահարեն մոտ չորս կիլոմետր՝ հասնելով մինչեւ Հանրապետության հրապարակ:

Վազքարշավը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի եռամարտի ֆեդերացիան եւ Հայաստանում Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ:

Այդ առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լեւոն Վահրադյանը նշեց, որ վազքարշավը նվիրված է Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակներին: «Այս վազքարշավը եւս մի լավ առիթ է, որպեսզի մեր քաղաքացիները զբաղվեն իրենց առողջությամբ: Բազմիցս ենք նշել, որ մեր նախարարությունը մշակել եւ իրականացնում է մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի տարածման բազմապիսի ծրագրեր, որոնք ներառում են հասարակության բոլոր խավերը: Հուսով ենք, որ այս մեկը նույնպես կդառնա ավանդական», – ասաց Լեւոն Վահրադյանը:

Եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանն էլ նշեց, որ սա իրենց առաջին լուրջ մասսայական միջոցառումն է: «Եռամարտը (տրիաթլոն) օլիմպիական մարզաձեւ է, սակայն Հայաստանում այն համեմատաբար վերջերս է սկսել տարածվել: Տրիաթլոնը ներառում է վազքը, լողը եւ հեծանվասպորտը: Մենք նպատակահարմար ենք գտնում մեր մարզաձեւը սկզբնական շրջանում տարածել ըստ մրցաձեւերի առանձին-առանձին, իսկ հետագայում արդեն դրանք միավորել մեկ մրցաշարի մեջ:

Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, «Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինը նշեց, որ մինչեւ վազքարշավի մեկնարկը, մասնակիցները եւ կազմակերպիչները ծաղիկներ կդնեն Անհայտ զինվորի հուշարձանին: «Տոնակատարության շրջանակներում անցկացվելու են տարբեր միջոցառումներ՝ համերգներ, երկրորդ անգամ կկազմակերպվի «Անմահ Գունդը» ակցիան, որի ժամանակ Հայաստանի բնակիչները իրենց պապերի նկարներով կանցնեն Երեւանի կենտրոնական փողոցներով, կկազմակերպվեն մարզական բազմապիսի միջոցառումներ, որոնցից գլխավորն, իհարկե, լինելու է մայիսի 7-ին կայանալիք մասսայական վազքարշավը: Դա մեծ ու գեղեցիկ միջոցառում է լինելու, որին մասնակցել հրավիրում եմ նաեւ ձեզ՝ լրագրողներիդ», – ասաց Մարկ Կալինինը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031