«Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ այսօր գնացել են Վճռաբեկ դատարան ու դիմում հանձնել՝ ուղղված դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նաիրիտցիներից 21-ի շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ դիմումը պարունակում է «Նաիրիտի գործով» դատավոր Նարինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջ:
Հիշեցնենք, որ տարիներով կուտակված աշխատավարձերի տոկոսները դատարանով ստանալ ցանկացող նաիրիտցիները կասկածում են դատավորի անաչառության վրա: Նրանցից 18-ն առանձին հայցով է դիմել դատարան, երեքը՝ առանձին, եւ նշյալ դիմումը վերաբերում է երեք նաիրիտցիների գործերին:
«Նաիրիտի նախկին աշխատակիցների աշխատավարձերը վճարել են պայմանով, որ նրանք հրաժարվեն աշխատավարձերի ուշացման համար օրենքով նախատեսված տույժերից: Նման պայմանը իրավաչափ չէ: Օրենքին հակասող պայմանագրերը դատական կարգով ենթակա են անվավեր ճանաչման: «Նաիրիտ 2» ՓԲԸ-ն օգտվել է «Նաիրիտի» նախկին աշխատակիցների ծանր սոցիալական վիճակից և կնքել նրանց շահերին ակնհայտ դեմ հանդիսացող գործարք: Նման գործարքները, համաձայն օրենսդրության, ստրկացուցիչ են և պետք է անվավեր ճանաչվեն: Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ապրիլի 27-ին դատավոր Նարինյանը դատական նիստը հետաձգեց 5 ամսով` նշանակելով այն սեպտեմբերի 22-ին: Դատավորը իր գործողություններով կասկածի տակ է դնում իրավունքի դատական պաշտպանության արդյունավետությունը: Սա դատավորի վարքագծի կանոնի խախտում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ նշյալ հանձնաժողովը դատավորի կողմից օրենսդրության խախտում հայտնաբերելու դեպքում կդիմի արդարադատության խորհրդին, վերջինս էլ կարող է դատավորին կարգապահական տույժի ենթարկել: Փաստաբանը նաեւ հայտնեց, որ մոտ 100 նաիրիտցի էլ մայիսի վերջին է պատրաստվում դիմել դատարան:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարում՝ նաիրիտցիները՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ