Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրուն չի, ի՞նչ կա այստեղ նկարելու». Տարոն Մարգարյանի մայրը ողջունեց Զարուհի Փոստանջյանին՝ իրենց տան մոտ

Մայիս 04,2017 16:25

Այսօր Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավ իրականացրեց Ավան համայնքում, որտեղ բնակվում է նաեւ Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա լրագրողների եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության իր թիմակիցների հետ գնաց Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ, իր խոսքերով՝ գոնե արտաքինից ցույց տալու, թե ինչպիսի տանն է բնակվում քաղաքապետը եւ իր աշխատավարձով ինչպես է կարողացել այդպիսի տուն-տեղ դնել. «Ես իր տանը չեմ եղել, արտաքինից տեսել եմ, բայց այն , ինչ նա հայտարարագրել է, այս տարիների ընթացքում որպես աշխատավարձ ստացել է, դրանք անհամատեղելի են»:

Ըստ նրա, մեր քաղաքն այսօր կարիք ունի արդարության, մաքրության, ժողովուրդն իրավունք ունի վերահսկելու հանրային գումարները:

Մինչ քաղաքապետի տուն հասնելը, Փոստանջյանը հրավիրեց բոլորի ուշադրությունը անբարեկարգ բակերի, քադած աստիճանների վրա: Ըստ նրա, դեկորատիվ ծառեր, ծաղիկներ է Տարոն Մարգարյանը տեղադրել Ավանում, բայց բակային տարածքներն անբարեկարգ են. «Հասկանալի է, որ քաղաքում ոչինչ չի արվել շուրջ 25 տարի»:

Հասնելով Բաբաջանյան 77/7 հասցե՝ Տարոն Մարգարյանի առանձնատուն՝ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Մեր հանրային գումարները վերածվել են այսպիսի դղյակների: Ափսոս է, որ Երեւանի քաղաքապետը ոչ թե քաղաքի մասին է մտածում, այլ՝ իր անձնական բարեկեցության: Մի քանի մետր այն կողմ տեսաք, թե ինչպես էին քանդված ճանապարհները եւ բակերը»:

Նա ասաց, որ ինքը 10 տարի է՝ բարձրաստիճան պետական պաշտոնյա է, բայց իր բնակարանը չի փոխվել, ոչինչ չի ավելացել: Ըստ նրա, եթե քո երկրում կա շուրջ 30 տոկոս պաշտոնական գրանցված աղքատություն, ապա պետական բարձրաստիճան պաշտոնյան իրավունք չունի իրեն ճոխություն թույլ տալ:

Տարոն Մարգարյանի տան մոտ Փոստանջյանի թիմին ողջունեց Տարոն Մարգարյանի մայրը՝ տիկին Սուսաննան, որը պատահաբար այդ ժամին գալիս էր տուն. «Բարեւ ձեզ, սիրելի երեւանցիներ, սիրուն չի, ի՞նչ կա այստեղ նկարելու»,- ասաց տիկին Սուսաննան:

«Երկիր Ծիրանիի» անդամներն ասացին, որ ուղղակի ուզում են երեւանցիներն իմանան՝ ինչ տան մեջ է բնակվում քաղաքապետը: Տիկին Սուսաննան պատասխանեց, որ հաճելի չէ, այստեղ բազմանդամ ընտանիք է բնակվում: Նա ասաց. «Բայց մենք ձեր նկատմամբ այդպես չենք տրամադրված» ու մտավ տուն:

Զարուհի Փոստանջյանը որեւէ կերպ չարձագանքեց Տարոն Մարգարյանի մոր խոսքերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031