ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը վստահ է, որ աշխարհի ուժային կենտրոնները դեմ են, որ Թուրքիան Նախիջևանում ունենա ռազմական բազա:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Իսագուլյանը պատահական չհամարեց այն, որ այժմ Թուրքիան նման ռազմաբազայի մասին է խոսում. «Հայաստանը կարող է հղում կատարել Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածին և հստակ հայտարարել, որ Թուրքիան այնտեղ որևէ բազա դնելու իրավունք չունի: Իսկ եթե փորձի գնալ այդ քայլին, Հայաստանն իրավունք ու հնարավորություն ունի դրան արձագանքելու ու միջամտելու»:
Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, թե այդ ռազմաբազային դեմ է նաև Արևմուտքը. «Չեմ կարծում` Վաշինգտոնը կուզեր, որ Թուրքիան այդ առումով այդքան ուժեղանար: Եվրամիությունը, Չինաստանը ևս դեմ են: Այս պայմաններում ազդեցություն ունեցող բոլոր ուժային կենտրոններին ձեռք չի տալիս, որ Թուրքիան Նախիջևանում ունենա ռազմական բազա»:
Դառնալով Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժություններին` Գառնիկ Իսագուլյանը վստահեցրեց, որ Արցախն ուշի ուշով հետևում է դրանց, և հայտարարություններ էլ եղան այն մասին, որ եթե հանկարծ Ադրբեջանը փորձի որոշակի պրովոկացիաների գնալ, ապա մենք կազմ ու պատրաստ ենք համարժեք պատասխան տալու:
Կարդացեք նաև
Հարցին` հնարավո՞ր է զորավարժություններին հաջորդի լայնամասշտաբ պատերազմի վտանգ, պարոն Իսագուլյանը պատասխանեց. «Այս պահին լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգ գոյություն չունի: Եթե Ադրբեջանը գնա նման ոտնձգությունների, դա թանկ կնստի հենց իր` Ադրբեջանի վրա»:
Պարոն Իսագուլյանը նշեց նաև, որ 2016-ին սահմանին չունեինք դիտարկման այն հնարավորությունները, ինչ այսօր. «Այսօր շփման գծում տեղեր կան, որ ավելի քան հիսուն կիլոմետր հեռավորության վրա հնարավորություն ունենք տեսնելու, թե հակառակորդն ինչ գործողություններ է անում»:
Շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրման առումով պարոն Իսագուլյանը տեղեկացրեց, որ անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանը կհամաձայնի դրան, թե ոչ, Արցախը միակողմանի գնում է այդ մեխանիզմների ներդրմանը:
Գառնիկ Իսագուլյանը նաև անդրադարձավ Էրդողանի` Սոչի այցին. «Կցանկանայի, որ բոլորը հանգիստ լինեն: Շատերն ասում են, թե Էրդողանը գնաց Սոչի, հանդիպեց Պուտինին, հիմա հարցեր են լուծելու Հայաստանի հաշվին: Հանգիստ եղեք, որևէ մեկը երբևէ Հայաստանի հաշվին հարց լուծել չի կարող:Առավել ևս Արցախի Հանրապետության հարց, որտեղ տնտեսական աճը մոտ 12 տոկոս է»:
Հարցին` որտե՞ղ կհայտնվեն «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմում «ներկայացրած» պատգամավորները, պարոն Իսագուլյանն արձագանքեց. «Չեմ կարևորում այդ հարցը: Դրանց տակ որևէ բան չեմ ուզում տեսնել: Ներկուսակցական խնդիր է, որ կուսակցությունն իր ներսում պիտի լուծի: Դրանք բացառապես «Ծառուկյան» դաշինքի ներքին խնդիրներն են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ