ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը ռեալ խորհրդարան չի տեսնում, նրա կարծիքով, նման խորհրդարանին իշխանություն հանձնելը հանցանք է:
«Մարդիկ են, որ եկել են ոչ թե գաղափարի, գործ անելու, այլ տանիք ունենալու համար…Եթե այսպես շարունակվի, ներքին բախումներն ավելի են շատանալու, մարդիկ նյութական բարիք են կիսում, չեն եկել այնտեղ աշխատելու համար, եկել են դրանից անձնական օգուտ ստանալու»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Արամ Սարգսյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ում սկսված «մանդատի կռվին» նա կարծիք հայտնեց, որ միգուցե Գագիկ Ծառուկյանը փորձել է ավելի «արժանավորներին» անցկացնել, մյուսներն արդեն իրենց պետք չէին. «Տեղյակ չեմ իրենց ներքին խոհանոցից, այսպիսի իրավիճակ ոչ միայն նրանց մոտ, այլեւ ՀՀԿ-ում է լինելու… երեւի ուստա Համոն փողը չի տվել»:
Պարոն Սարգսյանի համոզմամբ, ՀՀԿ-ն 40 պատգամավորի թեկնածուով ապահովեց 700.000 ձայն, ու վարչապետ Կարեն Կարապետյանն, ըստ նրա, այլեւս ֆիգուր չէ, որովհետեւ նրա շնորհիվ չբերեցին այդ ձայները, ձայները բերեցին այդ 40 անձերը:
Նրա համոզմամբ, Կարեն Կարապետյանը մինչեւ տարեվերջ կշարունակի պաշտոնավարել, հետո հարյուր տոկոս չի կատարվի այն, ինչ պետք էր:
Կարդացեք նաև
«Որտեղ չկա քաղաքական հենք, նման բան էլ պետք է լինի, կա՞ դասական կուսակցություն, որը փորձում է իրականացնել մի ծրագիր, որը հավանություն է ստացել ժողովրդի կողմից, հաղթողների մեջ չկա նման կուսակցություն»,- ասաց Արամ Սարգսյանը ու դժվարացավ մեկնաբանել տեսակետները, թե Ծառուկյանը իրենց ցուցակից հանում է ՀՀԿ-ականամետ պատգամավորներին :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ