«Արտագաղթը բաժանում են մի քանի փուլերի: Արտագաղթի տեսանկյունից 1992-94-ը համարում ենք զանգվածային արտագաղթի տարիներ, այդ երեք տարիներին բնակչության կորուստը կազմել է 600 հազար: 1995-2001 թվականներին կայունացում էր, բայց բավական բարձր մնաց ցուցանիշը, այդ 7 տարիներին 250 հազար մարդ լքեց երկիրը»,-այսօր կառավարությունում ասաց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Հարցին, թե կառավարությանը չի՞ մտահոգում Ռուսաստանի կողմից իրականացվող միգրացիոն ծրագրերը, որոնց հետեւանքով մեր երկրից գյուղեր են արտագաղթում Ռուսաստանի երկրամասերը շենացնելու, պարոն Եգանյանն ասաց, որ միայն ՌԴ-ն չէ, որ նման ծրագրեր ունի, էմիգրացիոն ծրագրեր են անում Կանադան, ԱՄՆ:
Պարոն Եգանյանը համամիտ չէր այն մտքին, որ մի ամբողջ գյուղ է արտագաղթում: Նա նաեւ ասաց, որ Ռուսաստանի պարագայում էլ արտագաղթողները պետք է համապատասխանեն չափանիշներին: Ըստ Գագիկ Եգանյանի, կառավարությունը, 2012 թվականից սկսած, հետազոտությունների համար բյուջեից գումար է հատկացնում, վերջին հետազոտությունը արել է Սլավոնական համալսարանը:
Կարդացեք նաև
Իսկ որպեսզի պարզ լինի, թե վերջին խորհրդարանական ընտրություններից հետո մարդկանց մոտ հիասթափություն եւ երկրից արտագաղթի հոսք կա, պետք է նոր հետազոտություն իրականացվի:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են մեր երկրից արտագաղթում, պարոն Եգանյանն ասաց, որ մարդիկ որպես կանոն նշում են աշխատատեղերի բացակայությունը, ոչ բարձր վարձատրությունը. «Պայքարել արտագաղթի դեմ, նշանակում է պայքարել այդ երեւույթն առաջացնող պատճառների դեմ: Հետազոտությունները ֆիքսում են, թե ինչ պատճառներով են մարդիկ արտագաղթում: Առաջին հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական դաշտում է գտնվում»:
Գագիկ Եգանյանն ասաց, որ 2002-ից արտագաղթի ցուցանիշները բարձրացել են: Նրա տվյալներով, 2002-2007 թվականներին Հայաստանից տարեկան հեռացել է 25-26 հազար մարդ, հետագա տարիներին ցուցանիշը մի փոքր բարձրացել է և մինչեւ 2015 թվականը կազմել է տարեկան 29-30 հազար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ