Ներդրումներն ու հարկային հավաքագրումներն ավելացել են: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով, կատարված ներդրումների չափի մասին կհրապարակեն մայիսի վերջին:
«Եթե նայենք առաջնորդող ինդիկատորները, ամեն դեպքում 6.6 % տնտեսական ակտիվությունը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն: Դա նշանակում է, որ մենք ամեն դեպքում վերջին ամիսներին պետք է որ ունեցած լինենք ներդրումների աշխուժացում»,- ասաց Վարդան Արամյանը:
Հարկային հավաքագրումներին անդրադառնալով էլ նախարարն ասաց, որ այստեղ եւս աճ ունենք եւ այս տարվա առաջին եռամսյակում հարկային եռամսյակային հավաքագրման ծրագիրը գերակատարվել է. «Նախատեսված էր տարեկան կտրվածքով ապահովել 1 տրիլիոն 135 մլրդ դրամի հավաքագրում: Այդ առումով մենք ճշգրտեցինք ծրագիրը, այսինքն՝ 1 տրիլիոն 135 մլրդ-ի ծրագիրը շուրջ 50 մլրդ-ով դեպի վեր: Իհարկե, կան որոշակի վերապահումներ, որ տարեվերջին հնարավոր է չկարողանանք այդ ցուցանիշին հասնել, մենք դա գիտակցում ենք, բայց, այնուամենայնիվ, ապրիլ ամսին մեր գործընկերների ջանքերի արդյունքում հավաքագրումները ցույց տվեցին, որ մենք շարունակում ենք ապահովել այն միտումները, որոնք առաջին եռամսյակում դրսեւորվել են: Մասնավորապես, ապրիլին հավաքագրվել է 107.5 մլրդ դրամի հարկային եկամուտ, նախորդ տարվա 97 մլրդ-ի փոխարեն: Այսինքն՝ 107.5 մլրդ ծրագրային ցուցանիշի ապահովումը դա այնքան է, ինչքան մեզ անհրաժեշտ է, որ 1 տրիլիոն 197 մլրդ դրամի ճշգրտված ցուցանիշին հասնենք»,- ասաց նա:
Aravot.am-ի հարցին, թե ինչին են ուղղվելու հավելագրումները, պարոն Արամյանն ասաց` շինարարությանը:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈԻԴԱՂՅԱՆ