Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բաղանիսում 4 աղջիկ մեծացրած, ամուսնացրած կինը փողոցում է հայտնվել

Մայիս 04,2017 14:15

1991թ. Սպիտակի Մեծ Պարնի գյուղից Սուսաննան հարս է գնացել Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղ, ամուսնությունը զագսում գրանցվել է: Նրա ամուսինը՝ Իվան Կարապետյանը, 2000թ. Բաղանիսից արտագնա աշխատանքի է մեկնել, հիմնական բնակություն հաստատել Սոչիում: Սուսաննան միայնակ պահել, մեծացրել է 4 աղջիկներին, որոնք ամուսնացել են, հարս գնացել Ոսկեպար, Զովունի, Արարատ եւ Ապարան: Կինը մեծ զրկանքներ է կրել երեխաներին մեծացնելու, ընտանիքը հանապազօրյա հացով ապահովելու համար: Նա որպես բանվոր աշխատել է ծխախոտի հումքի ընդունման կետում, պահածոների արտադրամասում եւ այլուր: 45-ամյա կինն ասում է, որ երեխաներին սահմանամերձ Բաղանիսում պահելու համար բազում զրկանքներ է կրել, հետո իմացել, որ Իվանը Սոչիում ամուսնացել է ռուս կնոջ հետ, այդ կնոջ երեխային է պահում:

2015թ. Սուսաննայի ամենափոքր դուստրն ամուսնացել է: Դրանից հետո  17 տարի Ռուսաստանում բնակվող Իվանը զանգահարել է իր աղջիկներին, նրանց ասել, որ Սուսաննան լքի Բաղանիսի իրենց տունը, որովհետեւ իր ականջին շշուկներ են հասել, թե նա անբարո կյանք է վարում, իր անունը խայտառակում: Ի. Կարապետյանը դուստրերի միջոցով Սուսաննային սպառնացել է, որ կգա, կնոջը կսպանի, եթե նրան այդ տանը տեսնի: 2001թ. Իվանը Ռուսաստանում իր հորեղբոր տղա Վարդանին 3500 ԱՄՆ դոլար վճարելով՝ նրանից գնել է Բաղանիսում գտնվող միահարկ առանձնատուն: Սակայն նրանք տան առքուվաճառք չեն ձեւակերպել, տունը չի գրանցվել Իվան Կարապետյանի անվամբ: Տիկին Սուսաննան կարծում է, որ տան առքուվաճառքը դիտավորյալ չեն կատարել, որպեսզի Իվանը հետագայում, իր աղջիկների ամուսնանալուց հետո, կարողանա իրեն այնտեղից վտարել: Այժմ Իվանն ու նույնպես Ռուսաստանում բնակվող նրա հորեղբոր տղա Վարդանը ասում են, թե իբր Վարդանը հետո ետ է տվել տան վաճառքի 3500 դոլարը եւ տունը կրկին Վարդանի սեփականությունն է:

Աղջիկների միջոցով Իվանից սպառնալիքներ ստանալուց հետո վախեցած Սուսաննան 2016թ. նոյեմբերի վերջին տեղափոխվել է  Ոսկեպար գյուղում ամուսնացած աղջկա տուն: Սակայն նա շուտով համոզվել է, որ փեսայի տանը երկար չի կարող ապրել: Ոսկեպարում խորհուրդ են տվել բնակվել հիվանդ, խնամքի կարիք ունեցող մի ոսկեպարցու տանը, որը կնոջ մահից հետո ապրել է իր 2 չափահաս տղաների հետ: Սուսաննան այդ տանը լվացք է արել, ճաշ պատրաստել, նրան տան մի սենյակ են տրամադրել: 2017թ. հունվարին ոսկեպարցի ընտանիքը եւ Սուսաննան տեղափոխվել են Ռուսաստան: Ընտանիքի չափահաս տղաները Վորոնեժում աշխատել են, Սուսաննան նրանց համար ճաշ է պատրաստել, լվացք արել, նրա գործը ծանր է եղել: Երեք ամիս Վորոնեժում մնալուց հետո, երբ լրացել է այնտեղ  գրանցման ժամկետը, 2017թ. մարտին Սուսաննան վերադարձել է Բաղանիս:

26 տարի սահմանամերձ Բաղանիսում աշխատած, տունը վերանորոգած, կահույքով, տնտեսական եւ այլ ապրանքներով լցրած կինը չի կարողանում իր տուն մտնել, քանի որ Իվանի հորեղբոր տղա Արսենը տան դուռը կողպեքով փակել է: 45-ամյա Սուսաննան գիշերելու տեղ չունի, ստիպված է քնել բաղանիսցի ծանոթների տներում: Այդ հարցով դիմել է Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանին, վերջինս ասել է, որ դա իր իրավասության խնդիր չէ: Ս. Կարապետյանը դիմում է գրել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, դիմումը քննության մեջ է:

Սուսաննա Կարապետյանն ասաց, որ 26 տարի սահմանամերձ Բաղանիսում 4 աղջիկ է պահել, մեծացրել, ովքեր ընտանիքներ են կազմել, ինքը՝ անտուն, փողոցում է հայտնվել: Իսկ Իվանը հայրենի, սահմանամերձ գյուղը լքելով՝ Սուսաննայի հետ օրինական ամուսնության մեջ լինելով, ռուս կնոջ հետ զագսով ամուսնացել է: Նա Ռուսաստանից կարողացել է այնպես անել, որ Սուսաննային չթողնեն տուն մտնել:

Սուսաննայի աղջիկները ապրում են դժվար, հոգսաշատ կյանքով, սակայն հոգեպես իրենց մոր հետ են, բարոյապես աջակցում են նրան: Սոչիում բնակվող Իվանն իր աղջիկներին հայտնել է, որ եթե նրանք մորն են պաշտպանում, կարող են իրեն մոռանալ: Կարապետյանների մեծ աղջիկը հորն ասել է՝ համարիր, որ քեզ արդեն մոռացել ենք:

Անտուն մնացած, հուսահատ Սուսաննա Կարապետյանն աջակցության խնդրանքով դիմել է Aravot.am-ի թղթակցին: Հուսանք, որ մեր այս հրապարակումից հետո իրավապահ, նաեւ ՝ իրավապաշտպան, կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները կզբաղվեն Սուսաննա Կարապետյանի խնդրով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031