Լրահոս
Օրվա լրահոսը

Երեքը մեկում. արվեստանոց-թեյարանից` հուշանվերների թանգարան

Մայիս 04,2017 13:50

«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանի ողջ օրը հագեցած է. պետք է հասցնել գլուխ բերել միանգամից մի քանի ձեռնարկ, որոնց շնորհիվ նաև քաղաքի համար են բացվելու նոր հեռանկարներ:

Տարիների ընթացքում իրականացնելով կամավորական և դրամաշնորհային մի շարք ծրագրեր` կազմակերպությունն իր գործունեության համար հստակեցրել է մի քանի ուղղություն:

«Անցած 9 տարիների ընթացքում մեր գործունեության բազմազանության մեջ հստակ կարելի է նշմարել կարմիր թելով անցնող մշակութային ծրագրերի հսկայական ծավալը և, ինչու չէ, նաև լավ որակը: Բազմաթիվ համերգներ, ազգային տոներ, ցուցահանդեսներ, աուդիո-վիզուալ արտադրանք, երիտասարդական թատրոն, կրթական-մշակութային հանդիպումներ և ծրագրեր և այլն: Չնայած մշակութային ծրագրերի հսկայական ծավալին` արդյունքն արդարացիորեն այդքան էլ չի բավարարում այսօրվա երիտասարդին: Վերլուծելով անցած ճանապարհը` մենք հասկացանք, որ մեզ անհրաժեշտ են ոչ թե բազմաթիվ, մեկանգամյա ծրագրեր, այլ մենք կարիք ունենք տևական, ուղղորդված և համակարգված գործունեության, մշակութային քաղաքականության, որի արդյունքում կստեղծվի մշակութային միջավայր: Գնահատելով համայնքի հնարավորություններն ու ռեսուրսները` կազմակերպությունն իր ռազմավարության մեջ տվեց ընդգծված առաջնայնություն` մշակույթ և տուրիզմ: Այս 2-ի «համաձուլվածքից» փորձում ենք կերտել մեզ համար անհրաժեշտ մշակութային միջավայրը»,- ասում է Գոհարը:

Մշակութային միջավայր ապահովող և տրամադրություն ստեղծող արվեստանոց-թեյարանի ունենալու գաղափարը վաղուց կար, սակայն կազմակերպությունն այն չէր կարող իրականացնել, որովհետև գործունեության նման ուղղվածություն չուներ ամրագրած:

Երիտասարդական ակումբի կյանքում շրջադարձային էր 2015-ը, երբ կազմակերպությունը դարձավ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի անդամ: Այս իրողությունն էլ թույլ տվեց վաղուց փայփայած գաղափարին տալ միս ու արյուն:

Գոհար Մնացականյանը ներկայացնում է. «Քանի որ այդ կաթսայում էինք, մասնակցեցինք «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրին: Մեծ թիմ էր` շուրջ վեց տասնյակ, որից 10-ը հաղթահարեց շեմը: Մեր ներկայացրած գաղափարը տարբերվում էր, քանի որ թիրախային խումբ էին ընտրվել այն երիտասարդները, որոնք մշակութային ոլորտում չեն կարողանում ռեալիզացվել: Մայրաքաղաքում ստանալով կրթություն` քաղաք վերադառնալու մոտիվացիա չունեն, այնինչ նրանք ունեն ստեղծագործելու և ներկայացնելու տաղանդ և ձիրք»:

Երիտասարդների համար հետաքրքրությունների դաշտ ստեղծելու, ստեղծագործելու հնարավորություն տալու, ներկայանալու և ներկայացնելու նպատակով առավել ընդգրկուն ծրագիր ներկայացվեց:

Հունիսի սկզբին Սայաթ-Նովա 16/13 հասցեում կբացվի մշակութային միջավայր ապահովող հրաշալի մի վայր` արվեստանոց-թեյարան` «Բոհեմ», որտեղ պարբերաբար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ սևանցի և դրսի արվեստագետների կողմից, և միաժամանակ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան կազմակերպել իրենց մշակութային հանգիստը: Արվեստանոց-թեյարանի կողքին կյանքի է կոչվելու ևս մեկ գաղափար` «Հուշանվերների թանգարան» ունենալը: Այն իրենից ներկայացնում է եզակի մի վայր Հայաստանում, որտեղ կարելի է ծանոթանալ, թե տարբեր ժամանակներում մարդիկ միմյանց ինչ են նվիրել, ինչ սովորություններ են ունեցել, ինչ ճաշակ և աշխարհայացք. այն նպատակ ունի բացահայտելու մեր կենցաղային մշակույթից մի էպիզոդ: Արդեն մի քանի ամիս ընթանում է հուշանվերների հավաքման գործընթացը:

Գոհարի փոխանցմամբ` թանգարանն առայժմ կլինի արվեստանոց-թեյարանի շրջանակներում, սակայն վստահ են, որ հավաքածուն այնքան կմեծանա, որ կունենան առանձին շինությամբ թանգարանի շենք:

Այս միջավայրի ստեղծմամբ սևանցի երիտասարդները փորձելու են ձևավորել նոր մշակույթ, ազատ հարթակ բոլոր ստեղծագործողների համար, ընտանեկան և ընկերական հավաքների սպասված վայր:

Ի դեպ, ստացված հասույթի մի մասն ուղղվելու է «Սևան» երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների իրականացմանը:

Փառատոնն արդեն երկու տարվա կենսագրություն ունի և սկսնակ, տաղանդավոր, դրական մտքերով և էներգիայով լեցուն երաժիշտ կատարողների համար լավագույն հարթակ է:

«Երաժշտության շուրջ միավորում ենք երիտասարդներին, որոնք Հայաստանի տարբեր ծայրերից են գալիս, նրանց տրամադրվում է բեմ, հնարավորություն ելույթ ունենալու, որտեղ չկան հաղթողներ և պարտվողներ, իշխում է պոզիտիվ տրամադրությունը` նոր ծանոթություններով, ընկերներով և ամենակարևորը` առանց սթրեսի և լարվածության»,- հավելում է Գոհարը:

«Սևան» երաժշտական փառատոնն անցկացվում է Սևանա լճի ափին` թերակղզում: Ի դեպ, փառատոնի կազմակերպիչները նպատակ ունեն այն քաղաք բերելու:

Զբոսաշրջությունը որպես գերակա ուղղություն որդեգրած Սևան համայնքի համար երիտասարդական այս նախաձեռնությունները ոչ միայն նորություն են, հետաքրքիր ու տարբերվող, այլ նաև կարող են դառնալ բեկումնային զբոսաշրջային գործի զարգացման ճանապարհին:

 

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031