Մայիսի 4-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տասնամյա հոբելյանը և թվով 9-րդ վերլուծական տեղեկագրի շնորհանդեսը։
Հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը նշեց. «Սա լավ առիթ է՝ անցած ճանապարհը գնահատելու և հասկանալու՝ ինչ չենք արել։ Ինչպես նաև ներկայացնենք նոր գիրքը մեր գիտական հանրությանը»։
Քաղաքակրթական և մշակութային կենտրոնը ԵՊՀ-ում առաջիններից մեկն է եղել. «Այն երկար ճանապարհ է անցել՝ ոչ միայն անցած տարիների, այլև կատարած աշխատանքի առումով։ Կենտրոնը անգնահատելի է նաև երիտասարդ կադրերի տարբերակման և պատրաստման հարցում։ Այսօր կրթությունն այնտեղ է, որտեղ կանգնած է գիտահետազոտական աշխատանքը և հակառակը, այլ կերպ 21-րդ դարի համալսարանը զարգանալ չի կարող»,-նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Կենտրոնը նաև ակտիվ միջազգային համագործակցության մեջ է, որը միտված է համալսարանի զարգացմանը։ ՔՄՀԿ իր գործունեությունն իրականացնում է զեկուցում-քննարկումների, հանրային դասախոսությունների, փորձագիտական հարցազրույցների, միջազգային գիտաժողովներին մասնակցելու, կրեատիվ խաղերի և հոդվածների հրատարակման միջոցով։
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում Դավիթ Հովհաննիսյանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով։
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ