Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանն առաջարկում է մեկ գծանի տրամվայներ բերել Երեւան

Մայիս 04,2017 13:27

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գտնում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում իր մրցակիցները՝ «Ելք» դաշինքը եւ «Երկիր Ծիրանին» նախընտրական ծրագիր չեն ներկայացրել, դրանք ընդամենը լոզունգներ են: Ըստ նրա, «Ելքը» շատ անիրատեսական խոստումներ է տվել: Մասնավորապես, կասկածի տակ է առնվում Նիկոլ Փաշինյանի՝ 5 տարում մետրոյի նոր կայարան բացելու խոստումը:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը պատասխանեց. «Այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը 2008-ին խոստանում էր Աջափնյակում մետրոյի երկու կայարան բացել, լավ կաներ Տարոն Մարգարյանն այդ ժամանակ ասեր, որ Սերժ Սարգսյանը անիրատեսական բաներ է առաջարկում, ժողովուրդ, դա հնարավոր չի: Ոչ իրատեսական բան չկա: Ցանկություն ու կամք ունենալ է պետք: Որեւէ մեկը չի ասում, որ մեկ տարում մետրոյի մեկ կայարան սարքենք: Անձամբ ես գտնում եմ, որ Երեւան քաղաքում տրանսպորտային խնդրում մենք էլեկտրական տրանսպորտին շատ լուրջ առավելություն ու տեղ պիտի տանք: Եվրոպաներում արդեն 10 տարուց ավելի է՝ օգտագործվում են մեկ գծային տրամվայները, որոնք մեկ գծի վրա են»:

Մեր դիտարկմանը՝ քանդեցին, հանեցին փողոցներից բոլոր գծերը, հիմա նորից պետք է քանդեն ու գծե՞ր տեղադրեն՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Քանդեցին-հանեցին, որովհետեւ ճանապարհները չէր բավարարում մեքենաների համար, իսկ մեկ գծանի տրամվայները իրենք գնում են ուղիղ մեջտեղով, ասֆալտապատ ճանապարհի վրա, տրամվայի երկու կողմերին ռետինե անիվներ են եւ երբ որ իրենք չկան, մեքենաներն այդ տարածքով հանգիստ շարժվում են ու որեւէ կերպ դա չի խանգարում: Այդ տրամվայները ամռանը հով են, ձմռանը շատ տաք են, անհամեմատ ավելի հաճելի է դրանով երթեւեկելը, քան տաքսիով: Այնպես որ, 21-րդ դարը տրանսպորտում նորարարություններ է բերում, որը թե՛ գնային, թե՛ հարմարավետության առումով նույնիսկ ավելի ձեռնտու է, քան մետրոն, մանավանդ Երեւանի նման քաղաքում կարելի է դա անել: Պետք է Երեւան քաղաքը շատ սիրել: Ինձ համար Երեւանը աշխարհի ամենալավ քաղաքն է, բայց այս բակերը, որ ման եմ գալիս, այս բակերում վիճակն ավելի վատ է, քան մեր Դավալու գյուղում»:

Ըստ Արամ Սարգսյանի, որ Երեւան քաղաքում ահռելի թերություններ կան, որ այդ թերությունները հենց Տարոն Մարգարյանն ինքն է ասում տրանսպորտի մասով, որը ամենահիմնականն է քաղաքի համար, դա փաստ է. «Քաղաքի համար մեկ արյան երակը, արյան շրջանառությունը տրանսպորտային միջոցն է: Եթե արյան երակները խոլեստերինով լի են, արյան շրջանառություն չկա, էդ քաղաքի ճնշումը բարձրանում է»:

Մենք ճշտեցինք՝ հիմա Երեւանի ճնշումը բա՞րձր է, նա պատասխանեց. «Իհարկե, շատ բարձր է: Մարդիկ տրանսպորտից մտնում են տուն՝ ջղայնացած վրա են տալիս իրենց կանանց, երեխաներին, կանայք վրա են տալիս ամուսիններին: Ասել, որ այս ամեն ինչի մեղավորը Երեւանի քաղաքապետարան է՝ ինչ-որ տեղ այո: Այս հարցերը պետք է լուծվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031