Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն ու քաղաքական բանավեճի մշակույթի բացակայությունը

Մայիս 04,2017 12:57

Մայիսի 2-ին գործող քաղաքապետ և Երևանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Տարոն Մարգարյանի հետ լրագրողների զրույցում կրկին բարձրացվեց Հայաստանում մրցակցող քաղաքական ոււժերի միջև բանավեճի բացակայության թեման: Հիշեցնենք, որ ՀՀ-ում գոյություն չունի մրցակցող քաղաքական ուժերի առաջնորդների միջև ուղիղ եթերով հանրային բանավեճեր վարելու մշակույթ:

Մարգարյանի նամակագրությունը

Լրագրողը` քաղաքապետի թեկնածուին ուղղելով նրա ատենախոսության և Փյունիկ հիմնադրամին քաղաքապետարանի կողմից փոխանցվող գումարների հարցերը, որոնք Նիկոլ Փաշինյանը վերջերս բարձրացրել էր Ելքի հանրահավաքի ժամանակ, նշեց. «Պարոն Մարգարյան, քանի որ դուք հրաժարվում եք ձեր մրցակիցների հետ դեմ առ դեմ բանավեճից, մենք ստիպված ենք լինում իրենց հարցադրումները էսպես ուղղել ձեզ»: Ինչից հետո ծավալվեց հետևյալ քննարկումը լրագրողի և Տարոն Մարգարյանի միջև.

-Երբ որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ ինձ հարցնի, ես ուղիղ կպատասխանեմ, – Մարգարյան:

– Ուղիղ որտե՞ղ հարցնի: Գա՞ ձեր հանրահավաքին, պարոն Մարգարյան: Դուք հրաժարվում եք իր հետ բանավիճել ուղիղ եթերում, – նշեց լրագրողը:

– Ընդամենը Նիկոլ Փաշինյանը, նաև չմոռանանք, Ազգային ժողովի պատգամավոր է: Էդ ոնց ա տասը հարց նամակով ինձի դիմում է պատասխանը տալիս եմ, էս հարցը նամակով դիմում է, պատասխանը չեմ տալիս, հա՞: Թող նամակով դիմի, կպատասխանեմ:

Փաստորեն, ՀՀԿ-ի թեկնածուն Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը նվաստացնելուն զուգահեռ համարում է, որ քաղաքական քարոզարշավը պետք է լինի ոչ թե հանրային աչքերի ու ականջների համար, այլ իր անձնական հարմարության ու նամակագրության: Միգուցե, Տարոն Մարգարյանին առավել հարմար է նամակագրությամբ պատասխանել հարցերին, սակայն խոսքը հանրային աչքերի առջև քննարկման մասին է, որովհետև նման հարցերը Փաշինյանի և Մարգարյանի անձնական խնդիրը չեն, այլ նախընտրական քարոզարշավի մաս:

Քաղաքական բանավեճերի կարևորությունը

Հայաստանում բանավեճի մշակույթի ստեղծման անհրաժեշտության մասին վերջերս պարբերաբար բարձրաձայնվում է: Զարգացած ժողովրդավարական երկրներում նախընտրական բանավեճերը առաջատար քաղաքական կուսակցությունների կողմից ընտրական քարոզարշավի անբաժանելի մասն են: Անհնար է պատկերացնել, օրինակ, ընտրություններ Ֆրանսիայում կամ որևէ այլ առաջատար ԵՄ երկրում առանց նախընտրական բանավեճի: Որոշ երկրներում նախընտրական բանավեճերն անգամ ամրագրված են ընտրական օրենսգրքում: Որոշներում էլ կա այսպես կոչված «դատարկ աթոռների» մոտեցումը, երբ ուղիղ եթերով բանավեճի չներկայացած թեկնածուի աթոռը դատարկ են թողնում` ի դատապարտում նրա կողմից բանավեճից խուսափելուն:

Քաղաքական բանավեճերը կարևոր են մի քանի հիմնական պատճառով: Նախ և առաջ, դրանք հնարավորություն են տալիս ընտրողին գնահատել բանավիճողների մտածելու կարողությունը՝ միայնակ, առանց խորհրդականների հուշումների: Բանավեճերը թույլ են տալիս նաև քննարկել ընտրողին ամենաշատ հուզող հարցերը: Քանի որ բանավիճողները նպատակ են հետապնդում հնարավորինս շատ վնասել մրցակցի քարոզարշավին, հաճախ քննարկվում են բանավիճողների ամենաթույլ կետերը, ինչպես, օրինակ, Տարոն Մարգարյանի դեպքում կարող էր լինել նրա ատենախոսությունը:

Բանավեճերի ամենամեծ կարևորությունը, այդուհանդերձ, կայանում է նրանում, որ դրանք հավասարեցնում են քարոզարշավում ընդդիմադիր կողմերի շանսերը: Քանի որ իշխող կուսակցությունները, ինչպես օրինակ, ՀՀԿ-ն միշտ ունեն տեղեկատվական առավելություն: Բոլոր երկրներում նրանք ավելի հաճախ են լուսաբանվում լրատվամիջոցներում՝ ինստիտուցիոնալ գործունեությունը լուսաբանող ռեպորտաժներում, իսկ Հայաստանում դրան գումարվում է նաև հեռուստատեսության անազատ վիճակն ու քաղաքական ուժերի կողմնակալ լուսաբանումը: Մինչդեռ, բանավեճի ժամանակ իշխանություն չունեցող թեկնածուն հնարավորություն է ստանում հավասարեցնել իր շանսերը՝ տալով հավելյալ տեղեկություններ իր մասին: Այլ կերպ ասած, քաղաքական բանավեճը հավասարեցնում է թեկնածուների շանսերը, իսկ նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի հավասարությունը ժողովրդավարության սյուներից մեկն է:

Ինչու չկա՞ն քաղաքական բանավեճեր

Հաշվի առնելով բանավեճի կարևորության վերաբերյալ վերոնշյալ կետերը՝ հարց է առաջանում, արդյո՞ք ՀՀ քաղաքական առաջնորդները խուսափում են բանավեճերից, որովհետև մի շարք հարցերի պատասխաններ չեն կարող տալ, թե՞ չեն ուզում հավասար պայմաններ ստեղծել նաև ընդդիմադիր ուժերի համար: Երկու տարբերակներն էլ չեն խոսում հօգուտ նրանց:

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031