2016 թվականին պարզվեց, որ աշնանը, ձմռանը եւ գարնանը Հայաստանը կարող է անսահմանափակ քանակությամբ լոլիկ աճեցնել, չունենալով ջերմոցային համապատասխան հզորություններ։ Լոլիկի արտահանումը դեպի Ռուսաստան հենց տարվա սկզբին կազմեց մոտ 20 հազար տոննա, ինչը մի քանի տասնյակ անգամ ավելին էր, քան դրան նախորդած տարիներին։ Իրականում դա թուրքական լոլիկն էր, որի մուտքը ռուսական շուկա արգելվել էր Թուրքիայի դեմ ՌԴ իշխանությունների մտցրած պատժամիջոցների պատճառով։ Այդ լոլիկը ստանում էր հայկական փաստաթղթեր, հայկական տարբերանշանով փաթեթավորվում եւ ուղղվում դեպի Ռուսաստան։
Նույն սխեմայով Ռուսաստան էր արտահանվում թուրքական արտադրության հագուստեղենի որոշ քանակություն, իսկ ըստ մեր տեղեկությունների՝ մի քանի խմբաքանակով Ռուսաստան է արտահանվել եվրոպական արտադրության պանիր, իհարկե՝ հայկականի անվան տակ։ Դա, իհարկե, վատ չէ: Ամբողջ խնդիրը այն է, որ դա ունի ժամանակավոր բնույթ։ Երբ հանվեն թուրքական ու եվրոպական ապրանքների վրա գործող ռուսական պատժամիջոցները, այդ «բիզնեսը» ուղղակի կկանգնի։
Երբ նոր էին գործի դրվել ռուսական պատժամիջոցները արեւմտյան երկրների արտադրանքների դեմ, հույսեր կային, որ Հայաստանը իրոք կարող է դիտարկվել որպես հարթակ Ռուսաստանի շուկա մուտք գործելու համար։ Դա իրոք մեծ հնարավորություն էր տալիս մեզ։ Բայց այդ հնարավորությունը, պարզվեց, խիստ տեսական է եւ իրականություն դառնալու որեւէ ակնարկ չեղավ։ Եվրոպական ընկերությունները կարող էին իրենց արտադրության մի մասը տեղափոխել Հայաստան, այստեղ ներդրումներ անել եւ իրենց արտադրանքը լրիվ օրինական ճանապարհով, որպես հայկական արտադրանք, տեղափոխել Ռուսաստան։ Կարող էին, բայց չարեցին։ Ու հիմա էլ որեւէ հետաքրքրություն այդպիսի ներդրումներ անելու առումով չի նկատվում։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում