Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաջողությունը ե՞րբ կժպտա ազատ ոճի ըմբիշներին

Մայիս 04,2017 11:25

Սերբիայի Նովի Սադ քաղաքում այս օրերին
ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Պայքարն սկսել են ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականը մրցավայրում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ, որն ընդամենը մի քանի ամիս է, ինչ ստանձնել է այդ պաշտոնը: Նրան օգնում է ակտիվ սպորտային կարիերան վերջերս ավարտած Էդգար Ենոքյանը:

Մեր ընտրանին Սերբիա մեկնել է ամբողջական կազմով: Եվրոպայի առաջնության երկու մեկնարկային օրերին մրցագորգ մտել են չորս ըմբիշներ, սակայն արձանագրված արդյունքներն առայժմ հեռու են բավարար լինելուց: Առավելագույն գոտեմարտերի քանակը, որ անցկացրել են նրանք, երկուսն է, որից հետո դուրս են մնացել մեդալների համար պայքարից: Մասնավորապես, 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը եւ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը ընդամենը մեկ գոտեմարտ են անցկացրել, որից հետո վերածվել են հանդիսականի: Մեկական շրջան հաղթահարել կարողացել են Վահե Թամրազյանը (86 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք այնուհետեւ չեն կարողացել զարգացնել հաջողությունը:

Առջեւում դեռ երկու օր կա: Այսօր պայքարի մեջ ներգրավվելու են 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), իսկ վաղը՝ 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը եւ գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն: Վերոնշյալ չորս ըմբիշներն էլ մեդալների համար պայքարելու ներուժ ունեն: Այնպես որ պետք է սպասել լավատեսական հույսով:

Դեռ Հայաստանում, ուսումնամարզական հավաքների ժամանակ Արմեն Մկրտչյանն «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե ինքը Հայրենիք վերադարձել եւ հավաքականը գլխավորելու որոշումը կայացրել է, որովհետեւ հավատում է, որ կարելի է վերադարձնել ազատ ոճի ըմբշամարտի երբեմնի ավանդույթներն ու հեղինակությունը: Բայց նաեւ հավելել, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ: «Ես այս ընթացքում հավաքականի թեկնածու ըմբիշների հետ աշխատում եմ ուժային, ընդհանուր եւ հատուկ պատրաստվածությունը բարձրացնելու, տեխնիկան կատարելագործելու եւ որ նույնպես անչափ կարեւոր է՝ հոգեբանության վրա: Պետք է մարզիկներին հաղթողի հոգեբանություն ներարկել, անել այնպես, որ ցանկացած իրավիճակում պայքարեն մինչեւ վերջին վայրկյանը: Երկար տարիներ որպես մարզիչ աշխատել եմ արտասահմանում, իսկ ակտիվ սպորտում գտնվելուս տարիներին բավականին լուրջ նվաճումների եմ հասել թե օլիմպիական խաղերում, թե աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Ամբողջ դրական փորձս ուզում եմ փոխանցել մեր ըմբիշներին, իսկ սխալներից, որոնք թույլ եմ տվել ժամանակին, զերծ պահել: Բայց այս ամենը միանգամից հնարավոր չէ: Ես կախարդական փայտիկ չունեմ: Դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Եվրոպայի այս առաջնությանը նախապատրաստվելու ժամանակը շատ չէ, բայց անելու ենք ամեն բան հնարավորինս հաջող հանդես գալու համար», – ասել էր Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը:

Նովի Սադում Եվրոպայի առաջնությունն առաջին պաշտոնական ստուգարքն է Արմեն Մկրտչյանի համար ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

 

«Առավոտ»

04.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031