Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Մայիս 04,2017 10:57

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ, որի կազմում գործող ենթախմբում ընդգրկվել են Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Ներսես Պողոսյանը, Արթուր Մովսիսյանը և Սմբատ Գալոյանը: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Ժիրայր Սեֆիլյանը նշված ենթախմբի անդամներին տրամադրել է հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի մարտական ակոսափող երկու ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 120 մարտական փամփուշտներով, որոնք բացահայտումից խուսափելու նպատակով ենթախմբի անդամները պարբերաբար տեղափոխել և պահել են տարբեր վայրերում՝ սպասելով գրոհի վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի հրահանգին:

2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների զոհվելու հանգամանքով պայմանավորված՝ ենթախմբի անդամները հրաժարվել են զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ զինված հարձակմանը մասնակցելուց, իսկ 2016 թվականի մայիսի 20-ին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են կազմակերպված խմբի անդամներին հատկացված հրազենն ու ռազմամթերքը, և Ժիրայր Սեֆիլյանի կամքից անկախ հանգամանքներով շենքերի, շինությունների զավթումն ավատին չի հասցվել:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաև, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ 2014 թվականի մայիսից Ժիրայր Սեֆիլյանը Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի հետ նախնական համաձայնությամբ հավաքագրել են անձանց խմբեր, նախապատրաստել են զանգվածային անկարգությունների, ձեռք են բերել և իրենց բնակարաններում, գրասենյակներում, տրանսպորտային միջոցներում պահել են մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված շուրջ չորս տասնյակ մետաղյա ձողեր և փայտե մահակներ, կռփազենք, էլեկտրապարպիչներ: Նշված հանցագործությունն ավարտին չի հասցվել հանցակիցների կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հանցագործության կատարմանն ուղղված գործողությունները բացահայտվել են իրավապահ մարմինների կողմից:

Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է կազմված մեղադրական եզրակացությունը, քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031