Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Յալվար են» մանդատի համար

Մայիս 04,2017 10:16

Ծառուկյանի ցուցակի «ապստամբ» 8 (12) անդամները, որոնք ի հեճուկս իրենց «դաշինքային շեֆի» ցանկության՝ երեսները պնդացրին եւ պահանջեցին իրենց մանդատները, օրենքի տեսանկյունից միանգամայն իրավացի էին, քաղաքական առումով նույնպես գուցե ունեն իրենց հիմնավորումները: Բայց մեր Ազգային ժողովի դեպքում օրենքի կամ քաղաքականության չափանիշները գրեթե կիրառելի չեն: Մեզանում գործում են «տղայական» չափանիշները, ըստ որոնց՝ ձեզ Ծառուկյանը չի ուզում, ո՞ւր եք խցկվում: Կամ՝ ամբողջ նախընտրական շրջանում փառաբանում էիք Ծառուկյանին, որը ձեզ լավություն էր արել՝ ընդգրկելով իր ցուցակի մեջ, այդ ինչո՞ւ հանկարծ գնացիք ձեր փառաբանած բարերարի կամքին հակառակ: Եվ ասել, որ այդ «տղայական» մոտեցումները ծայրից ծայր սխալ են, նույնպես արդար չի լինի՝ պարզապես դա որոշակի հասարակական մակարդակ է, որը հատուկ է ոչ միայն այդ քաղաքական ուժին: Ավելին՝ հատուկ է ոչ միայն քաղաքական ուժերին:

Իրականում՝ եթե չափանիշն այն է, թե ով որքան է ձայն բերել, ով որքան է փող ծախսել, ով ում խնամին է եւ ով ում փեսան, այդ համակարգում խոսել քաղաքական թիմի մասին` ավելորդ է: Ի՞նչն է կապում, ասենք, Արարատ Զուրաբյանին կամ Նապոլեոն Ազիզյանին Գագիկ Ծառուկյանի հետ: Միեւնույն գեղագիտական կամ փիլիսոփայական հայացքնե՞րը, միեւնույն տեսլականնե՞րը տնտեսության, կրթության կամ մշակույթի զարգացման վերաբերյալ: Ոչ, նրանց միավորում էր պայմանավորվածությունը՝ դու կծախսես այսքան փող, կբերես այսքան ձայն, կփառաբանես կուսակցության ղեկավարին, ուրիշ թեմաներով ավել-պակաս չես խոսի, դրա դիմաց կհայտնվես ցուցակի այսինչ տեղում կամ հնարավորություն կստանաս անցնել «ռեյտինգայինով»: Կողմերը կարող են տարբեր պատկերացումներ ունենալ այն մասին, թե որքանով են այդ պայմանավորվածությունները պահպանվել, եւ այստեղից էլ, հավանաբար, ծագեցին որոշակի «թյուրիմացություններ»:
Ի՞նչն այդ 8 հոգուն դրդեց «ապստամբել» եւ, ակնհայտորեն փչացնելով հարաբերությունները Ծառուկյանի հետ ու հարվածի տակ դնելով մարդկային արժանապատվությունը, կռիվ տալ մանդատների համար: Հավանաբար, նրանց ինչ-որ տեղից «բզել» են: Հիմա, լինելով «տարած-հետբերածի» կարգավիճակում, նրանք, իհարկե, չեն կարողանա լուրջ քաղաքական գործունեություն ծավալել խորհրդարանում: Բայց դա նրանց, հավանաբար, պետք էլ չի:

Իհարկե, ցանկալի է նախապես մանդատից հրաժարվելու փաստաթուղթ չստորագրել (բացառում եմ, որ չափահաս մարդիկ չգիտեին, թե ինչ են ստորագրում), կամ՝ ընդհանրապես չգնալ ոչ քաղաքական բնույթ ունեցող պայմանավորվածությունների: Բայց այդ դեպքում Ծառուկյանը նրանց կասեր՝ չեք ուզում ստորագրել, ցուցակում չեք լինի՝ տասնյակ մարդիկ «յալվար են»՝ պատգամավոր դառնալու համար: Բայց այդ «ապստամբները» նույնպես «յալվար են»: Պատգամավորի մանդատը նրանց պետք է ինչ-որ բանի համար: Հաստատ՝ ոչ օրենսդիր աշխատանքի համար:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031