Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանը գնելուց հետո Արփինեն դատապարտվել է հինգ տարով ազատազրկման, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դժգոհ է

Մայիս 04,2017 14:00

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը երեկ չավարտեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հինգ տարվա ազատազրկման դատապարտված Արփինե Մայսուրյանի պաշտպաններ Արթուր Ալիխանյանի եւ Մակբեթ Կարապետյանի բողոքների ունկնդրումը:

Ու երբ դատարանը որոշում էր հաջորդ դատական նիստի օրը, տեղից դժգոհեցին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անուշ Հակոբյանն ու իրավահաջորդը, որոնք, ի դեպ, բողոքների ներկայացման ողջ ժամանակահատվածում ոչ որեւէ նշում էին կատարում, ոչ էլ նրանց հատկացված սեղանն էր զբաղված գործի նյութերով:

Պաշտպանները խնդրում էին բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ արդարացնել իրենց պաշտպանյալին: Մեկ այլ ելք էլ էին առաջիկայում ուղարկել նոր դատարան, նոր քննության:

Նշենք, որ Արփինեն կալանքի տակ էր 1 ամիս 11 օր՝ մինչ երկու միլիոն գրավի դիմաց այլընտրանքային խափանման միջոց ընտրվելը:

Պաշտպանների ներկայացմամբ, Արփինեն տեղեկանալով, որ 1939 թ. ծնված Զարուհի Պողոսյանը վաճառում է Խանջյան փողոցի իր բնակարանը, հանդիպում, պայմանավորվում են այն գնելու վերաբերյալ:

Արփինեի ծնողները, եղբայրը, որոնք աշխատում էին Ուկրաինայում, ուղարկում են պայմանավորված գումարը եւ այն տրվում է կենսաթոշակառուին: Կենտրոնի նոտարական գրասենյակում առուվաճառքի պայմանագիր է կնքվում, Արփինեն 27 500 դոլարին համարժեք գումարով ձեռք է բերում բնակարանը, դառնում սեփականատերը: Մինչ այդ 500 դոլար կանխիկ գումար էլ էր տվել Արփինեն:

Սակայն հետագայում տարեց կինը (ներկայումս՝ հանգուցյալ) «փոշմանում» է, նախ քաղհայցով դիմում դատարան, ապա մերժվելով դատարանում, դիմում է իրավապահ մարմիններին, որպեսզի քրեական գործ հարուցվի Արփինեի նկատմամբ:
Ի դեպ, քաղաքացիական գործով դատական արձանագրությունները, չգիտես ինչու, անհետացել են, չկան քննվող քրեական գործի մեջ, եւ այս մասին երեկ դատարանում հայտնեց Արթուր Ալիխանյանը:

Վերջինս թվարկեց գործի համար էական նշանակություն ունեցող մի քանի հանգամանքներ, որով կպարզվեր Արփինեի անմեղությունը, այն, որ երիտասարդ աղջնակը մոլորության մեջ չի գցել Զարինեին, ավելին, այդ բնակարանը Զարուհին ձեռք է բերել նույն ճանապարհով, մի քանի քաղաքացիների «քցելով»:

Ի դեպ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն «անարժանահավատ» էր համարել Արփինեի ցուցմունքները, մասնավորապես, նշելով. «Ողջամիտ չի կարող համարվել նաեւ ամբաստանյալին անծանոթ անձի միջոցով, 15 հազար եվրոն գերազանցող գումարի պարտադիր մաքսային հայտարարագրման կանոնների խախտմամբ խոշոր չափով գումար ուղարկելու հանգամանքը, նկատի ունենալով, որ դատաքննությամբ հետազոտված, գումարների բանկային փոխանցումների համաձայն՝ ամբաստանյալը քաջատեղյակ է եղել, որ բանկային փոխանցումների միջոցով կարելի է ստանալ գումարներ, այդ թվում՝ Ուկրաինայից, ուր նա կատարել է դրամական փոխանցումներ եւ ստացել այդպիսիք»։
Այս գործով, մինչ տուժողի մահը չեն կատարվել առերեսումներ, եւ այն դեպքում, երբ նախաքննությունը տեւել է երկու տարի, իսկ առաջին ատյանում դատաքննությունը՝ մեկ տարի:


Առաջին ատյանի դատարանն այս կապակցությամբ արձանագրել էր. «Ինչ վերաբերում է ամբաստանյալի եւ պաշտպանի այն պատճառաբանություններին, որ նախաքննության ընթացքում խախտվել է տուժողի ու մի շարք վկաների հետ ամբաստանյալի առերես հարցաքննվելու իրավունքը, ապա դատաքննությամբ հետազոտված մի շարք ծանուցագրերի, տեղեկանքների, հեռախոսագրերի եւ «Բերման ենթարկելու մասին» որոշումների համաձայն՝ նախաքննության մարմինն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել ամբաստանյալին հարցաքննությունների, այդ թվում՝ առերես հարցաքննության հրավիրելու եւ ներկայացնելու համար, սակայն վերջինս խուսափել է եւ չի ներկայացել հարցաքննություններին։ Իսկ երբ տուժողը մեկնել է ՌԴ, այնուհետեւ վատառողջ է եղել եւ օբյեկտիվորեն՝ ելնելով նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերից, հնարավոր չի եղել ապահովել առերես հարցաքննությանը նրա մասնակցությունը, ամբաստանյալն ու նրա պաշտպանը, շահարկելով այդ հանգամանքները, պահանջել են իրականացնել ամբաստանյալի եւ տուժողի առերես հարցաքննություն, ինչը հետագայում հնարավոր չի եղել կատարել տուժողի մահվան պատճառով»։

Բողոքաբեր կողմը համաձայն չէր ասվածի հետ եւ ասաց, թե քննիչը կարող էր ցանկացած փուլում Արփինեի եւ «տուժողի» հետ կազմակերպել առերեսումները: Նա նաեւ ասաց, թե տուժողի դուստրը, որը ներկա էր դատարանում, հարազատները դեմ են եղել առերեսմանը, խնդրել են չանհանգստացնել իրենց մորը:

Վկաներից պնդել էին, որ Ա. Մայսուրյանը տուժող Զ.Պողոսյանին բնակարանի արժեքը վճարել է 2010թ. սեպտեմբերի 11-ին՝ Որմնադիրների փողոցի հ. 46 տանը, որտեղ բնակվել է մինչեւ 2010թ. նոյեմբերի 10-ը։ Սակայն նույն առաջին ատյանի դատարանը հանգել էր հետեւյալին. «Նշված ցուցմունքներից հետեւում է, որ ամբաստանյալը չէր կարող այդ տանը տուժողին վճարել գումար, քանի որ նշված օրվա դրությամբ նա այդ տանը չի բնակվել, այնտեղ 2010թ. սեպտեմբերից բնակվել է վկա Լ. Բարեղամյանը՝ ըստ նրա ցուցմունքի, իսկ վկա Տ. Արզումանյանի ցուցմունքի համաձայն՝ ամբաստանյալը նշված տանը բնակվել է 2010թ. ամռան ամիսներին»։

Դատարանում ակնարկվել էր նաեւ մեկ այլ պայմանագրի՝ փոխառության պայմանագրի մասին, որն իրականում կասկածյալներից մեկի՝ Ա.Հովհաննիսյանի հետ էր կնքվել: Տուժող Զարուհի Պողոսյանից փոխառության պայմանագրով ստացվել էր 20.000 ԱՄՆ դոլար, որին կասկածյալն ավելացրել է եւս 15.000 ԱՄՆ դոլար գումար եւ երեք ամիս անց՝ 10.12.2010 թվականին, «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության Գորիսի մասնաճյուղից 34.930 ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Թուրքիա, որի վերաբերյալ առկա են 10.12.2010 թվականի բանկի Գորիսի մասնաճյուղի վճարման հանձնարարականի պատճենը եւ նույն ընկերության վարչության նախագահ Ա. Նալջյանի պատասխանը: Դատարանը հաստատված էր համարել այն, որ Զարուհի Պողոսյանը 11.09.2011 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի գումարը ստացել է, եւ նրա ցուցմունքը փոխառության պայմանագրի մասով՝ ակնհայտ սուտ է:

Ըստ դատավճռի իրավական գնահատականներ հատվածի. «Դատարանը, չառարկելով նշվածին եւ ընդունելով նշված փաստը, գտնում է, որ նշված հանգամանքը չի կարող միանշանակ մեկնաբանվել, որպես տուժողի կողմից ամբաստանյալից գումար ստանալու եւ սուտ ցուցմունք տալու վերաբերյալ հիմնավորում, հաշվի առնելով, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորվում է, որ ամբաստանյալի մտերիմը, ով փոխառության պայմանագիր է կնքել տուժողի հետ, եղել է օրավարձով աշխատող բանվոր, ոչ ունեւոր անձ եւ ողջամիտ չէ, որ կարող էր անձամբ ունենալ եւս 15.000 ԱՄՆ դոլար: Որեւէ ապացույցով չի հիմնավորվում, որ ամբաստանյալի մտերիմն իրականում տուժողից փոխառությամբ ստացել է 20.000 ԱՄՆ դոլար, իսկ վերը նշված փաստաթղթերը չեն կարող գնահատվել որպես նշված հանգամանքը հիմնավորող ապացույց»։

Նշենք նաեւ, որ քաղգործով հայցի քննության ժամանակ դատաձեռագրաբաններն են տվել եզրակացություն, որ առուվաճառքի պայմանագրում առկա ձեռագիրը Զ. Պողոսյանինն է:
Մայիսի 31-ին բողոքի քննությունն է:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

03.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031