Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծն ավելի լավն է, քան գործող օրենքը»

Մայիս 04,2017 13:30

«Պատիվ ունեմ» ծրագրով էլ կարող է տուժել ուսման որակը

Անցյալ տարեվերջին կրթության եւ գիտության նախարարության մշակած «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը մոտ ժամանակներս կքննարկվի կառավարության նիստում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Բաղդասարյանը:

Գլխավոր փոփոխությունները կապված են բուհերի ապաքաղաքականացման, կառավարման խորհուրդների կազմում գործատուների ներգրավման, համալսարանների ֆինանսավորման եղանակների վերանայման հետ:

Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը նշում է, որ բուհերի քաղաքականացման շուրջ քննարկումները բուռն արձագանք ստացան մի քանի տարի առաջ, երբ գրեթե բոլոր պետական բուհերի խորհուրդները սկսեցին ղեկավարվել պետական եւ քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց կողմից: Այդ շրջանում կատարվեցին ուսումնասիրություններ, միջազգային փորձագետների կողմից արտահայտվեցին դժգոհություններ, քանի որ միջազգային պրակտիկայում բուհերը ազատ, ապաքաղաքական կառույցներ են. «Պետական եւ քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնողները կարող են բուհերին աջակցոթյուն ցուցաբերել նաեւ ընդգրկված չլինելով խորհուրդներում. օրենքը դա չի արգելում, բայց ցանկալի չէ, որ այն օղակները, որոնք ունեն վարչական կախվածություն պետությունից, ղեկավարվեն նշյալ անձանց կողմից»:
Պարոն Խաչատրյանը նաեւ դրական քայլ է համարում գործատուներին կառավարման խորհուրդներ ներգրավելը: Նրա խոսքով՝ հայաստանյան բուհական համակարգում լուրջ խնդիրներ կան բուհ-աշխատաշուկա շղթայում, եւ հաճախ պահանջարկը չի համապատասխանում առաջարկին: Սերոբ Խաչատրյանը համոզված է, որ բուհերը ավելի շահեկան դիրքում կհայտնվեն, երբ կառավարման խորհուրդները ղեկավարվեն գործատուների կողմից:

Օրինագծով առաջարկվում է վերանայել համալսարանների ֆինանսավորման եղանակները: Հայաստանյան բուհերը այժմ ունեն ֆինանսավորման երկու հիմնական աղբյուրներ՝ 20 տոկոս պետական բյուջեից, 80 տոկոս` ուսանողների վարձավճարներից: Եվրոպական եւ ամերիկյան համալսարաններում ուսանողների վարձավճարներից գոյանում է բյուջեի մոտ 30 տոկոսը: ՀՀ բուհական համակարգում նախատեսվում է ներդնել անձեռնմխելի ֆոնդեր: Նպատակն, ըստ ԿԳՆ-ի, բուհերի կայուն զարգացումն ապահովելն է: Դրանք ձեւավորվելու եւ համալրվելու են հանգանակության, նվիրատվության, ժառանգության, դրամաշնորհների միջոցով:

Կրթության փորձագետը կարծում է, որ գործընթացը բավականին բարդ է լինելու, քանի որ Հայաստանում ընդունված չէ բուհերին օժանդակելը, եւ բացի այդ՝ վստահության պակաս կա. «Կարեւոր է լինելու միջոցների օգտագործման թափանցիկությունը: Հայաստանի տնտեսական պայմաններում դոնոր կազմակերպություններ շատ քիչ կգտնվեն: Համենայնդեպս, առաջարկվող նախագիծն ավելի լավն է, քան գործող օրենքը, բայց հայաստանյան կրթական համակարգի գլխավոր խնդիրն այն է, որ փոփոխությունները չեն հասնում լսարան. դրանք արձանագրվում եւ մնում են թղթի կամ, այսպես ասած, շրթունքների վրա»:

Մեզ հետ զրույցում պարոն Խաչատրյանը դրական գնահատեց բարձրագույն կրթության ոլորտին առնչվող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Պատիվ ունեմ» ծրագիրը: Ըստ նրա՝ ծրագիրը հավանության է արժանանում այլընտրանքների առաջարկման համար: Մտահոգվելու տեղիք է տալիս, սակայն, «փողային» կողմը. «Ես չեմ հավանում այն, որ ամեն ինչ կապվում է փողի հետ: Հայաստանում փողը շատ է ֆետիշացվում: Ստացվում է այնպես, որ մենք քեզ փող ենք տալիս, դու գնա ծառայիր»:

Ըստ պարոն Խաչատրյանի՝ հնարավոր է, որ տուժի ուսման որակը. «Ուսանողը 5 օր սովորում է քաղաքացիական բուհում, 6-րդ օրը գնում է ռազմական ուսումնական հաստատություն եւ երկու տեղից էլ ստանում է հանձնարարություններ, որոնք պետք է կատարի: Ինչպե՞ս է հասցնելու: Նաեւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ ուսանողներից շատերը նաեւ աշխատում են»:

Կրթության փորձագետը ծրագրի առավելություններից համարում է այն, որ ուսանողը ծառայության է մեկնելու լեյտենանտի սպայական կոչումով. «Լավ է, որ ծառայությունը կազմակերպվելու է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով: Կարծում եմ՝ ծրագիրը նաեւ անպայման ինչ-որ բան կփոխի դեպի դրականը՝ կապված այն ուսանողների հետ, որոնք չունեն ակադեմիական լուրջ նպատակներ եւ բուհական տարկետումը օգտագործում են ծառայությունից խուսափելու համար»:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելով` սովորելով քաղաքացիական բուհում` մասնակից երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչեւ 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ յուրաքանչյուր շաբաթ օր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կայցելեն զինվորական պատրաստության դասընթացի: Քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց կստանա լեյտենանտի սպայական կոչում եւ երեք տարի ժամկետով կանցնի ծառայություն զինված ուժերում: Ծառայությունը կազմակերպվելու է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Այս դեպքում նրանք կստանան ամսական առնվազն 260.000 դրամ աշխատավարձ: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաեւ նրա մագիստրոսական կրթությունը:

 

ՍԼԱՎԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Առավոտ»

03.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031