Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական ընկերությունը մրցույթների հրավառություն է իրականացրել

Մայիս 04,2017 13:00

Նաեւ աջակցել մարզային գործընկերներին

Հայաստանի երգչախմբային ընկերությունը, որ հիմնադրվել է 1958թ., 1987թ. վերանվանվեց Երաժշտական ընկերության։ Ըստ էության, նպատակը մնաց նույնը, այն է՝ միավորել հանրապետության երգչախմբային արվեստի գործիչներին, օժանդակել երգչախմբերի ստեղծմանն ու կատարելագործմանը, խմբերգային գրականության բազմացմանը եւ այլն։

1996թ. ընկերության նախագահն է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը։

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ պարոն Ղազարյանը հավաստիացրեց, որ վերանվանված Երաժշտական ընկերությունը վերջին 20 տարիներին ընդլայնել է իր գործունեությունը՝ միավորելով հանրապետության երաժշտական գործիչներին՝ պրոֆեսիոնալ երաժիշտների, մանկավարժների, գեղարվեստական ինքնագործունեության մասնակիցների։ «Ընկերությունը նպաստում է երաժշտալուսավորչական աշխատանքների կազմակերպմանը, դրա մեթոդների կատարելագործմանը, ժողովրդական լայն մասսաների գեղագիտական դաստիարակմանը,- հայտնեց մեր զրուցակիցը ու հավելեց,- ի տարբերություն Երգչախմբային ընկերության գործունեությանը, մենք, օրինակ, արդեն վեցերորդ անգամ անցկացրեցինք ակադեմիական երգեցողության 6-րդ հանրապետական մրցույթը՝ նվիրված մեծանուն Տաթեւիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին։ Մինչ այդ կայացան հանրապետական մրցույթներ՝ օպերային արվեստի երախտավորներ Թամար Շահնազարյանի, Արշավիր Կարապետյանի, Գոհար Գալաչյանի, Գոհար Գասպարյանի, Պավել Լիսիցյանի անվան։ Անցկացրել ենք նաեւ փողային նվագախմբերի մրցույթներ եւ այլն։ Մեր ուշադրության կենտրոնում են ազգային նվագարաններն ու հայ երգեցողությունը։ Այս նպատակով չորրորդ անգամ անցկացրինք հանրապետական մրցույթ՝ նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին։

Մեր կողմից ընդգծված ուշադրության են արժանանում նաեւ հանրապետության ֆոլկ անսամբլները։ Այս տարի, օրինակ, ընկերության նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարության աջակցությամբ մեր կոմպոզիտորներից Վարդ Մանուկյանը, Ստեփան Շաքարյանը, Վարդան Աճեմյանը ստեղծեցին երգչախմբային գործեր, որոնք ընդգրկվեցին 9-րդ անգամ անցկացվող «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի ծրագրում՝ որպես պարտադիր ստեղծագործություններ։ Ի դեպ, այս մրցույթին մասնակցել է 67 երգչախումբ, այդ թվում՝ Արցախից»։

Դավիթ Ղազարյանը հիշեցրեց, որ մարտին մեկնարկած «Երգող Հայաստանի» մրցանակաբաշխությունն ու գալա համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մայիսի 9-ին։

Հետաքրքրությանը, թե՝ ընդհանրապես հայ հեղինակները ի՞նչ չափով են ստեղծագործում խմբերգային ժանրում, մեր զրուցակիցը նախ նշեց, թե դա իր խնդիրը չէ, բայց յուրաքանչյուր կոմպոզիտորի համար առաջնայինը սեփական երկի կատարումն է։ «Վերջին երեք «Երգող Հայաստան» մրցույթների ժամանակ, օրինակ, ստեղծվեցին 9 խմբերգեր, որոնք կրթության հիմնադրամի եւ մշակույթի նախարարության աջակցությամբ տպագրվեցին ու իբրեւ մեթոդական ձեռնարկ անվճար տրամադրվեցին հանրապետությունում գործող երգչախմբերին։ Պիտի նշեմ, որ այս հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում մեր լավագույն խմբավարները վարպետաց դասեր եւ մեթոդական օգնություն են ցուցաբերում մարզերի իրենց կոլեգաներին»,- խոսքը եզրափակեց պրն Ղազարյանը։

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

03.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031