Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողը քարափից ցած կնետի ռուսական գործակալին

Մայիս 04,2017 12:30
qaxaqakan

Քաղաքագետների եւ ակտիվիստների մի ստվար հատվածը ընտրություններից
հետո ժողովրդին որակում է անշնորհակալ, շահամոլ, անսկզբունք, ստրկամիտ,
նյութապաշտ, այլասերված, ռուսամետ եւ այլ վիրավորանքներով:

Վիրավորել ժողովրդին՝ նույնն է, թե վիրավորել կնոջը: Ծանր անպատվություն է, երբ ասում են, թե ժողովրդի մի մասը «ռուսամետ» է: Ռուսամետը Ավիսն էր, որ Երեւանի բանտում կացնով սպանում էր Սարդարապատի հերոսներին: Իսկ ընդհանրապես, ռուսամետություն կար խորհրդային բռնազավթման տարիներին: Այն պարտադրված էր, քարոզվում էր զօրուգիշեր, դպրոցում, թերթում, ամենուր: Այս առումով՝ նրանք, որոնք մտքով մնացել են սովետում, այսինքն՝ հոգեխանգարված են եւ տառապում են Ժխտման հիվանդությամբ, կարող են ասել, որ ռուսամետ են: Նույն հաջողությամբ հոգեկան հիվանդը կարող է ասել, որ ինքը թեյնիկ է: Բայց մի՞թե կարելի է դա տարածել ժողովրդի վրա եւ ասել, որ ժողովրդի մի մասն այդպիսին է:

Իսկ եթե մարդն անկախ Հայաստանում ռուսական շահը վեր է դասում ՀՀ շահից, ռուսաֆոբիա է տարածում, ձգտում է վերացնել հայկական պետականությունը՝ այն վերադարձնելով ռուսական լծի տակ, ապա նա ոչ թե ռուսամետ է, ինչքան էլ ուզենա իրեն այդպիսին ներկայացնել, այլ ռուսական գործակալ, որը ժողովրդի հետ կապ չունի: Նա էքսպանսիա է իրականացնում իր համար օտար մեր հայրենիքում: Եվ ինչքան էլ շատ լինեն մեր շուրջն ապրող օտարերկրյա գործակալները, նրանք ժողովրդի մաս չեն: Պարզ ասած՝ ժողովրդի մեջ ռուսամետ չկա:

Քաղաքական դաշտում նույնպես չկա ռուսամետ: Իշխող կուսակցությունը կարծես թե այդպիսին չէ (եվրաինտեգրացիա, ՆԱՏՕ-ի հետ գործակցություն, Նժդեհի արձան, Աշոտ Նավասարդյանի նկար շտաբի ներսի պատին եւ այլն): Իշխողի արբանյակ եւ հաճախորդ կուսակցությունները, բնականաբար՝ չեն: Ընդդիմությունը՝ չէ, որովհետեւ բարձրացնում է ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցեր: Լուսանցքային ուժերը անկախական են կամ ազգայնական: Քաղբանտարկյալները (Շանթ Հարությունյան եւ ընկերներ, «Սասնա ծռեր») պարբերաբար հանդես են գալիս ապագաղութացման, լյուստրացիայի, ռուսական բանակը դուրս բերելու կոչերով, եւ այլն: Կարող է անիրազեկ, անուշադիր (ապուշ), անկիրթ մի մարդ ընկնել ռուսական գործակալի ազդեցության տակ եւ կրկնել նրա խոսքերն՝ առանց հասկանալու: Բայց մի՞թե կարելի է ապուշի ասածը ներկայացնել որպես քաղաքական լոզունգ:

Մշակութային դաշտում էլ ռուսամետ չկա: Կան ռուսական մշակույթի (կինո, երաժշտություն, թատրոն) սիրահարներ, որոնց համակրանքը քաղաքական բաղադրիչ չունի: Բիզնեսում էլ չկա: Ողջամիտ գործարարը հնարավորության դեպքում նախընտրում է գործակցել հարեւան, եվրոպական, զարգացած երկրների հետ: Նույնիսկ ռուսահայ հայտնի գործարարը չի սովորում ռուսերեն, ցուցադրաբար ընդգծելով, որ ռուսամետ չէ: Կրթական ոլորտում էլ չկա: Հնարավորության դեպքում, երիտասարդը նախընտրում է սովորել ԱՄՆ-ի, Եվրոպայի բուհերում: Խոպանչիները ձգտում են աշխատել եվրոպաներում, որովհետեւ այնտեղ մարդավարի են վերաբերվում աշխատողին եւ բարձր վճարում: Չորրորդ իշխանության մեջ նույնպես չկան. գրեթե ամեն օր հրապարակվում են ռուսական կախվածությունից ազատվելու մասին քննադատական հոդվածներ:

Մի խոսքով, ազատ-անկախ Հայաստանի գոյության իմաստը վիճարկող, կապիտուլյացիայի կոչ անող, գոյությունն ազատությունից գերադասող, անկախությունից փախչող հատուկենտ կիսախելագարների կամ դավաճանների վարքը չի կարելի տարածել ժողովրդի վրա եւ նրան կամ նրա մի մասին վիրավորել «ռուսամետ» կեղտոտ բառով: Դա նաեւ վտանգավոր է, որովհետեւ ազգ-բանակի ուղին ընտրողն ու Նժդեհի գործին հավատարիմն այսօր չէ -վաղը հնարավոր է քարափից ցած գլորեն ոչ միայն ժողովրդի անվտանգության եւ առաջընթացի դեմ գործող ռուսական գործակալին, այլեւ ոչ մի հանցանք չգործած անմեղ, անիրազեկ մարդկանց, որոնց քաղաքագետների եւ ակտիվիստների մի ստվար հատվածը որակում է ռուսամետ:

 

ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Պահպանողական
կուսակցության քարտուղար

«Առավոտ»

03.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031