Մայիսի 3-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացավ հայտնի հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանի մամուլի ասուլիսը։ Նա աշխատել է աշխարհի 54 երկրներում, Ռուսաստանի և արտերկրի թեժ կետերում, այդ թվում` Ինգուշեթիայում, Հյուսիսային Օսեթիայում, Տաջիկստանում, Չեչնիայում, Հարավային Օսեթիայում, Աջարիայում, Վրաստանում, Մերձդնեստրում, Աֆղանստատնում, Պաղեստինում, Հարավսլավիայում, Կոսովոյում, Բոսնիայում, Իրաքում և այլն։
«Մասնագիտությունը պետք է դուր գա։ Շատերը գալիս են հեռուստատեսություն` երևալու համար։ Կարևորը, մասնագիտությունդ սիրելը և հասկանալն է»,- այսպես պատասխանեց Ռոման Բաբայանը հարցին՝ արդյոք ի՞նչն է այսօր պակասում լրագրողին պրոֆեսիոնալ լինելու համար։
Ասուլիսի ժամանակ Ռոման Բաբայանը խոսեց լրագրողի մասնագիտության կարևորության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սև ցուցակում հայտնվելու մասին: «Ի՞նչ է դա նշանակում, որ ես չե՞մ կարող գնալ Ադրբեջան, իսկ մինչ այդ կարո՞ղ էի, ոչ, ես միայն մեկ անգամ եմ եղել Ադրբեջանում, այն էլ երբ Աֆղանստանից վերադառնում էի Ռուսաստան՝ Մոսկվա, ինքնաթիռը կանգ առավ Ադրբեջանում լիցքավորվելու և իմ բախտը բերեց, որ լիցքավորումը անցավ առանց ուղևորներին ինքնաթիռից իջեցնելու։ Այնպես որ այդ սև ցուցակը ինձ համար ոչինչ չի նշանակում»։
Հերմինե ԱՍԼԱՆՅԱՆ