«Նախագահն է ներում շնորհել, նախագահի որոշումներն էլ քննարկման ենթակա չեն »,- Aravot.am-ին ասաց Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի էլբակյանը՝ անդրադառնալով այսօր նույն գործով ազատազրկման դատապարտված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսայի՝ Գոռ Առաքելյանի ազատ արձակման լուրին:
Մեր հարցին՝ նախագահ Սերժ Սարգսյանի նման որոշման վրա ԲՀԿ-ական պատգամավորի կապերն ու ազդեցությունը տեսնո՞ւմ եք, Վարդուհի Էլբակյանը պատասխանեց. «Լիազորված չեմ այդ հարցով որեւէ մեկնաբանություն տալ, բացի դա իմ նախին վստահորդի հետ բազմաթիվ անգամ զրուցել ենք այդ հարցի շուրջ, ինքը որեւէ դիրքորոշում չի ունեցել, որեւէ խոչընդոտ չէր էլ տեսնում, եթե նա ազատ արձակվեր: Ինքն ասաց՝ ինչպես կորոշեն, ես բողոք չունեմ»:
Հիշեցնենք, որ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Գոռ Առաքելյանն ազատ է արձակվել, թեեւ նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման։ Նրա պաշտպան՝ փաստաբան Երեմ Սարգսյանի հետ կապ մեզ չհաջողվեց հաստատել:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:
Կարդացեք նաև
Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը):
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ