Քիչ առաջ Aravot.am-ն ահազանգ ստացավ գործարար Խաչիկ Մանուկյանի ընտանիքի անդամներից: Ըստ այդմ, արդեն երկու ժամից ավելի, Երեւանի փոքր կենտրոնում գտնվող իրենց սեփական տան բակում ինչ-որ մեքենա է կանգառել` «ՋԻՓ-Պաջերո» եւ հերթապահություն է իրականացնում տան մոտ: Մեքենայում գտնվող անծանոթ անձինք պարբերաբար զանգում են տան դուռը եւ պահանջում են, որ Խաչիկ Մանուկյանը դուրս գա: Լսելով, որ նա տանը չէ, երիտասարդները պահանջում են, որ ընտանիքի տղամարդ անդամներից որեւէ մեկը դուրս գա:
Բացասական պատասխան լսելով`նրանք փողոցային բառապաշարով արտահայտություններ են անում:
Համանաման ահազանգ ստացել ենք նաեւ Նապոլեոն Ազիզյանի հարազատներից:
Հիշեցնենք, որ ե’ւ Խաչիկ Մանուկյանը, ե’ւ Նապոլեոն Ազիզյանը հայտնվել էին «Ծառուկյան» դաշինքի «ինքնաբացարկ» ներկայացրած անձանց ցանկում : Այսօր, սակայն, նրանք ԿԸՀ-ում ետ վերցրեցին իրենց անուններով ներկայացված ինքնաբացարկի դիմումները եւ պատգամավորական մանդատ ստացան:
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով այս ընթացքում Խաչիկ Մանուկյանին եւ Նապոլեոն Ազիզյանին այցելել է Աբրահամ Մանուկյանը: Թե ի՞նչ նպատակով`դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ Աբրահամ Մանուկյանի որդին եւս «ինքնաբացարկ» ներկայացրած, ապա մանդատ ստացածների ցանկում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ