Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Մամուլն այսօր ծառայում է մի թիմի»

Մայիս 03,2017 20:35

Վերջերս լույս տեսավ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանի 15-րդ գիրքը՝ պատմվածքների «Ցուրտ երկիր, տաք կայարան« ժողովածուն:  Ի դեպ, ժողովածուի պատմվածքներից մեկի՝ «Ղաչաղի» նախատիպը  Վանո Սիրադեղյանն է:

Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է, 48 տարի լրագրող,  10 տարի խմբագիր աշխատած Ս. Բեգլարյանին հարցրինք Հայաստանում մամուլի ազատության վիճակի մասին:

Նա ասաց. «Համացանցի  կայքերը եւս մամուլ են, բայց դրանց մեծ մասում  սանձազերծ ասեկոսներ են: Հեռուստատեսությունում  խայտառակ վիճակ է, խայտառակ սերիալներ  են, ցանկացած հեռուստադիտող իր անձը, իր ճաշակը վիրավորելու համար կարող է իրենց դատի տալ:

Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, ցավոք, վերջերս  այն ինչ-որ երկրորդ պլան է մղվել: Ես միշտ  էլ գնահատում եմ թերթի թարմ համարը գրպանում դնելը, թերթերի կրպակների առաջ հերթ կանգնելը: Համացանցի մեծ մասը մամուլ չէ, մի տող այստեղից, մի տեղ այնտեղից կարդալ, դա մամուլ չէ: Իսկական մամուլը տպագիրն է: Իհարկե, կան նաեւ կայացած լրատվական կայքեր, համացանցից օգտվողն  արդեն իսկ կարողանում է կողմնորոշվել, գիտի, թե ովքեր են իրեն խաբում:

Ասել,  թե Հայաստանում մամուլը կատարյալ, լրիվ ազատ է, հնարավոր չէ, քանի որ  այդ  ազատությունը ես  տեսնում եմ իրենց հովանավորչության  սահմաններում, «կրիշայի» տակ, տանիքի տակ: Այդ սահմաններում են իրենք ազատ: Մամուլն այսօր, դժբախտաբար, անպայմանորեն ծառայում է  մի թիմի, անպայմանորեն աշխատում է մի կլանի համար: Հրաշալի կլինի, որ այն գաղափարախոսության, ճշմարտության նպատակին ծառայի: Բայց, երբ որ ծառայում են կլանին, երբ  երեկ, մյուս օրը 7-8 կայքեր ունեն, երեկ մյուս օրը հայհոյում էին մյուսին, այսօր գովերգում են նրան, ում երեկ հայհոյում էին, ինչպե՞ս ես  հավատամ այդ կայքին, այդ մամուլին, ինչպե՞ս  ասեմ՝ նա ազատ է: Կներեք, համեմատալու համար , շղթայից կապած շան ազատություն է, ում վրա քըս են անում, նրա վրա  էլ հաչում է»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031