ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Հայաստանի խաղողագործության միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Սարգսյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Զարուհի Մուրադյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղողագործության միության և հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները` ոլորտի զարգացման և առկա խնդիրները համատեղ ջանքերով կարգավորելու նպատակով: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես առաջարկել է Հայաստանի խաղողագործության միությունն ընդգրկել հիմնադրամի խորհրդի կազմում:
Իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է խաղողագործության զարգացման գործում հասարակական հատվածի սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
«Այսօր մենք պետք է փորձենք գտնել երկուստեք արդյունավետ լուծումներ և մթերողի, և խաղողագործի համար»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել ֆիլոքսերակայուն տնկիների պահանջարկի ձևավորման, մթերման գործընթացի կանոնակարգման, մթերման մինիմալ գնի սահմանման, ուսուցողական դասընթացների և խորհրդատվական ծառայությունների կազմակերպման և այլ հարցերի շուրջ համագործակցության հարցերին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին