Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստորագրել եմ, բայց ի՞նչ գիտեմ ինչ է եղել». «Ծառուկյան» դաշինքում ինչպես են մանդատից հրաժարվելու դիմումը կորզել (Տեսանյութ)

Մայիս 03,2017 16:18

Ինչպես տեղեկացրել ենք, «Ծառուկյան» դաշինքից 23 պատգամավոր ԿԸՀ-ին ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, եւ նրանցից 11-ը այդ դիմումը հետ է վերցրել: Նրանք են՝ Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Ալիկ Եղիկյանը, Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Հրանտ Դավթյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Արտյոմ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանը:

Խաչիկ Մանուկյանը ԿԸՀ-ում խնդրեց, որ իր ինքնաբացարկի դիմումը տան, երբ տվեցին, նա նայեց ու բարկացավ: ԿԸՀ նիստից դուրս գալով՝ նա Արարատ Զուրաբյանի հետ մի քանի րոպե պատշգամբ դուրս եկավ եւ քննարկում էին, թե ինչ է կատարվում: Արարատ Զուրաբյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել՝ ասելով, որ ասուլիս է պատրաստվում հրավիրել: Խաչիկ Մանուկյանը նույնպես խնդրեց իր դրության մեջ մտնել, ասաց, որ խառն է, հետո կխոսի:

Ուշագրավ էր Մուշեղ Սաղաթելյանի հայտարարությունը: Նա հիշեց, որ մինչեւ ընտրությունները դաշինքի շտաբում նոտար է եղել եւ իրենք մի շարք փաստաթղթեր են ստորագրել, հնարավոր է, որ խաբեությամբ իրեն ստորագրել են տվել նաեւ ինքնաբացարկի դիմումը: Դա եղել է մարտի վերջին. «Ինքնաբացարկի վերաբերյալ խոսակցություն չի եղել: Ստորագրել եմ, բայց ի՞նչ գիտեմ ինչ է եղել: Երբ գործերը հանձնել են, շտաբում բոլոր թեկնածուներին փաստաթղթեր են ստորագրել տվել: Պարզվում է՝ այդ ընթացքում տվել են մի հատ թղթի կտոր նաեւ, որ պարզ էլ չէր, 90 հոդված էր գրած, ստորագրություն ես դրել՝ չգիտենալով հանդերձ: Ես անձամբ չեմ էլ տեսել: Ոչ միայն «Ծառուկյան» դաշինքում, բոլորն ունեին նման սատանայական մի հատ թուղթ»:

Հարցին՝ դուք ի՞նչ գիտեք մյուս կուսակցություններում ինչ է կատարվել՝ նա պատասխանեց. «Հմի դուք ում պապն եք՝ արջի՞, թե՞ իմ»:

Նա ասաց, որ դեռ Գագիկ Ծառուկյանի հետ չի խոսել. «Սա ՀՀ քաղաքացու իրավունքն է ոտնահարվել: Ինձ համար կարեւորը մանդատը չի, այլ՝ արդարությունը»: Երբ հետաքրքրվեցինք՝ մտահոգություն չունի՞, որ Գագիկ Ծառուկյանը կբարկանա՝ նա պատասխանեց, որ մտահոգություն ունի միայն մեր ապագայի առնչությամբ, որ չքայքայվի այն: Մուշեղ Սաղաթելյանն ասաց, որ չի պատրաստվում մանդատից հրաժարվել: Թե ինչպես է այդ մթնոլորտում աշխատելու, մնալո՞ւ է խմբակցության անդամ՝ նա ասաց, որ դեռ չգիտի, չի որոշել:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հարցին՝ ձեզ խաբվա՞ծ եք զգում՝ Մուշեղ Սաղաթելյանն ասաց, որ. «Խաբված չի զգում, բայց պետք է պարզաբանի»: Նա ասաց, որ չի կարող ասել՝ Ծառուկյանը խաբե՞լ է, իրեն, թե՞ չէ, որովհետեւ, ըստ նրա, դա միայն Ծառուկյանից կախված չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031