Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տավուշի 12 բնակավայրերում մի անվանի մարդ չի՞ եղել ու չկա՞

Մայիս 03,2017 15:46

2016թ. «Վան Արյան» հրատարակչությունում 500 տպաքանակով լույս է տեսել «Իջեւան» պատմաերկրագիտական թանգարանի աշխատակից Նարիման Թանանյանի «Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի անվանի մարդիկ» գիրքը: Գիրքն այժմ վաճառվում է 2500 դրամով: Վերնագրում պետք է նշվեր՝ «Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների անվանի մարդիկ», ոչ թե՝ տարածաշրջանի: 231 էջերից 145-ը նվիրված է Իջեւանի տարածաշրջանից սերված մարդկանց: Անվանի անհատները նշված են ըստ իրենց ծննդյան վայրի, իրենց լուսանկարներով:

Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում քաղաքը,  Ոսկեպար, Ջուջեւան, Հաղթանակ,  Պտղավան, Բագրատաշեն, Դեղձավան,Դեբեդավան, Իջեւանի տարածաշրջանի Կիրանց, Աճարկուտ, Լուսաձոր, Լուսահովիտ, Ազատամուտ  գյուղերը գրքում ներառված չեն,  այդ բնակավայրերից  որեւէ անվանի մարդ չի՞ եղել, չկա՞:

Օրինակ, նշանավոր այգեգործ, Դեբեդի հովիտը կիսաանապատային գոտուց ծաղկուն այգեստանի վերածած, սոցիալիստական աշխատանքի հերոս Բագրատ Վարդանյանի մասին գրքում հիշատակում չկա: Բագրատաշեն գյուղը կրում է Բագրատ Վարդանյանի անունը: Հռչակավոր Չարդախլու գյուղից են սերում մարշալներ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, այլ նշանավոր մարդիկ: Չարդախլվեցիները 1988թ. ստիպված թողել են իրենց բնօրրանը, նրանց մի մասը հաստատվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի նախկինում ադրբեջանաբնակ, այժմ Զորական անունը կրող գյուղում, որի 2 ծայրին Զորականի հետ նաեւ «Չարդախլու» գրառումով ցուցանակ է տեղադրված: Գրքում մարշալ Բաղրամյանը նշված է որպես Կոթի գյուղից սերված: Գրված է, որ Հ. Բաղրամյանը ծնվել է Ելիզավետպոլի նահանգի Չարդախլու գյուղում, Բաղրամյանի Կարապետ պապը 18-րդ դարի վերջում Կոթիից է տեղափոխվել Չարդախլու:

Գրքում հայտնի միկրովիրաբույժ, կողբեցի Արտավազդ Բագրատի Սահակյանի հարազատ եղբայր, ֆիզիկոս Դավիթ Սահակյանը ներկայացված է առանց հայրանվան: Հայտնի բժիշկ, ծագումով Կոթի գյուղից Արտաշես Փարսադանյանը նշված է որպես Կողբից սերված, իսկ նրա հարազատ եղբայր, բժիշկ Արարատ Փարսադանյանը՝ որպես բերդավանցի: Դա արվել է այն պատճառով, որ Արտաշեսը ծնվել է Կողբում, իսկ Արարատը՝ Բերդավանում: Բաղանիսից եւ Արճիսից գրքում մեկական հայտնի մարդ է ներկայացված: Նոյեմբերյան քաղաքից գրքում ընդամենը 3 հոգի է ներառված, որից 2-ը՝ առանց լուսանկարի; Նրանցից բժիշկ Ալեքսանդր Հակոբյանի մասին նշված է, որ նրա գիտական աշխատությունները նվիրված են «սիֆիլիստի (գրքում սխալով է գրված, ծանոթ.՝ Ո.Ս-ի) եւ սուր միզուկաբորբքի բուժմանը»: Հայտնի շախմատիստ Լեւոն Արոնյանը, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը նշված են Դովեղ եւ Աչաջուր գյուղերի անվան մարդկանց ցանկում, որովհետեւ Լեւոնի մորական պապը Դովեղից է, Գարիկի հորական պապը՝ Աչաջրից:

Խորհրդային Միության հերոս Ջահան Ղարախանյանի ազգանունը նշված է Կարախանյան: Գրքում որպես անվանի մարդիկ մեծ չափով ներկայացված են մերօրյա պաշտոնյաներ, նաեւ՝ 7-րդ դարում ապրած Սահակ Գ Ձորափորցի կաթողիկոսը, սակայն չկան հիշատակումներ 19-20-րդ դարում ապրած, կողբեցի, Ղազախի գավառի պրիստավ Վանո Յարալյանի, նոյեմբերյանցի հայտնի բարեգործ Աբել Ամիրաղյանի եւ ուրիշ անվանի մարդկանց մասին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031